×


Անելյա Գուբրյանը

Անելյա Գուբրյանը՝ անչափահաս լինելով` սիրային տեսարաններում նկարահանվելու մասին

Ապրիլի 7-ից հայկական եթերում ցուցադրվում է «Ավազե դղյակ» սերիալը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս ինչպես հայտնի ու սիրված արտիստներ, այնպես էլ սկսնակ դերասաններ: Նրանց թվում է 180 սմ հասակով 17-ամյա մոդել Անելյա Գուբրյանը, ով BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իր կերպարի, Նարեկ Դուրյանի հետ խաղից ստացած ադրենալինի, մայրիկի մոդել ընկերուհիների մասին, եւ ոչ միայն:

Բարձրահասակ տղայի փնտրտուքներ:)

Ամեն ինչ շատ հանկարծակի ստացվեց: Ուշ երեկոյան ինձ զանգահարեցին եւ կանչեցին «Արմենիա» հեռուստաընկերություն: Ես ու մայրս մեկ ժամ անց հասանք այնտեղ, ու ռեժիսորն ասաց`«Շուտ մի տեքստ վերցրու, անգիր արա ու խոսիր»: Մի քիչ անսպասելի էր, բայց երեւի ինչ-որ բան ստացվեց (ծիծաղում է,- հեղ.): Հետո նա ասաց՝ «Բայց լավն ես, գիտե՞ս»: Երկու օր անց էլ մասնակցեցի փորձնական նկարահանումների, որպեսզի պարզեն՝ տեսախցիկի հետ իմ աշխատանքն ինչպես է ստացվում: Այդ փուլը նույնպես հաղթահարեցի, միակ խնդիրը մնում էր այն, թե որտեղից պիտի իմ հասակին(180 սմ) տղայի գտնեին: Եվ ես ստիպված էի մեկ օրում մոտ տասը հոգու հետ սիրային տեսարաններ խաղալ, որ հասկանայինք՝ ում հետ են մեր կերպարներն ավելի համահունչ: Այդպես ընտրվեց Վահագն Մարտիրոսյանը:

Անելյա Գուբրյանը


«Իմ կյանքում էլ են եղել»

Տաթեւ Մարգարյանը, ում ես մարմնավորում եմ սերիալում, ամենահամեստ կերպարներից է՝ խելացի ու արդարամիտ: Մասնագիտությամբ ճարտարապետ է եւ ցանկանում է իր աշխատանքով գումար վաստակել. հոր փողերից կախված չէ: Բայց նույնը չի կարելի ասել նրա մոր ու քրոջ մասին, որոնց հետ նա այնքան էլ լավ հարաբերություններ չունի: Ի դեպ, ասեմ, որ կերպարն ինձ շատ նման է, այդ իսկ պատճառով հեշտ էր մարմնավորելը: Ֆիլմում նկարագրվող իրավիճակներն ինչ-որ չափով իմ կյանքում էլ են եղել, եւ ինձ հարազատ դրվագներ կային: Բացի այդ, ինձ օգնեցին նաեւ փորձառու դերասանները, որոնց հետ աշխատելը շատ հաճելի էր:

«Ստացվեց հայրիկիս համոզել»

Ես դեռ 17 տարեկան եմ, եւ երբ ռեժիսորն իմացավ այդ մասին, մտավախություն հայտնեց, թե ճիշտ չի լինի, որ սիրային տեսարաններում նկարահանվեմ, համբուրվեմ եւ այլն: Բայց ես ասացի՝ եթե այդ ամենը գեղեցիկ է նայվում, ապա խնդիր չկա: Նույնն ասացի նաեւ ծնողներիս: Հայրիկիս մի քիչ դժվար էր համոզելը, բայց ի վերջո ստացվեց (ժպտում է,- հեղ.): Ռեժիսորներն էլ այնքան վարպետորեն էին իրենց գործն անում, որ հրաժարվելու պատճառ չկար: Եթե ինչ-որ էժանագին տեսարան լիներ, ես երբեք չէի համաձայնի նկարահանվել:

Աննա Մանուչարյանը, Գնել Ուլիխանյանը եւ Անելյա Գուբրյանը


«Մեզ համար ադրենալին էր»

Դերասանական փորձ նախկինում ունեցել եմ. նկարահանվել եմ գովազդային հոլովակներում, Լալա Մնացականյանի կարճամետրաժ ֆիլմերում, բայց ամենամեծ փորձն ինձ թատրոնը տվեց: Երկու տարի խաղացել եմ «Բոհեմ» թատրոնում՝ Նարեկ Դուրյանի հետ: Միասին հանդես էինք գալիս ներկայացման գլխավոր դերերում: Թատրոնում սխալվելու իրավունք չունես, չես կարող 15 դուբլից ստանալ այն, ինչ ուզում ես: Ծայրահեղ դեպքում կարող ես իմպրովիզի դիմել, որն էլ թատրոնի տված ամենամեծ դասերից մեկն էր: Գիշերվա ժամը 1-ին զանգում էր Նարեկ Դուրյանը, ասում էր`«Բեմն ազատ է, շուտ եկեք փորձի»: Մենք էլ՝ 12 տարեկան երեխաներ, վազում էինք թատրոն. դա մեզ համար ադրենալին էր: Անչափ հաճելի էր, երբ 300 հոգանոց դահլիճ ես ծիծաղեցնում, իսկ երբ հանկարծ տեքստդ մոռանում ես, պահի տակ այնպիսի արտահայտություն ես անում, որ բնօրինակից էլ լավ է ստացվում: Այդ առումով թատրոնը շատ մեծ փորձ տվեց, որը նույնիսկ կարող է՝ շատ սերիալներ ու ֆիլմեր չտային:

«Չեմ թողնելու մոդելինգը»

Մոդել լինելն իմ ամենամեծ երազանքն է եղել դեռ փոքր տարիքից: Ես մեծացել եմ այդ միջավայրում, քանի որ մայրս ու նրա ընկերուհիները՝ Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Գոհար Հարությունյանը, Անգելինա Բաբաջանյանը եւ այլք, այս քաղաքի ամենահայտնի մոդելներն էին: Ինքս էլ դեռ 4-5 տարեկանից մասնակցում էի ցուցադրությունների: Այնպես որ, չեմ պատրաստվում թողնել մոդելինգը, քանի որ շատ եմ սիրում, բացի այդ էլ՝ հասակս ափսոս է, որ չօգտագործեմ (ծիծաղում է,- հեղ.):

Անելյա Գուբրյանը


Այս տարի կավարտեմ դպրոցը, կընդունվեմ համալսարան, որտեղ հաղորդավարական դասեր կանցնեմ ու հետագայում ուժերս կփորձեմ նաեւ այդ ուղղությամբ: Անկեղծ ասած` մեկուկես տարի պարապեցի, որ ընդունվեմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան, բայց ընդամենը մի քանի օր առաջ հետ կանգնեցի այդ որոշումից: Հասկացա, որ իմ խիտ աշխատանքային գրաֆիկը թույլ չի տա լիարժեք մասնագիտանալ որպես տնտեսագետ, նորմալ հաճախել դասերին ու մասնակցել քննությունների: Ավելի լավ է` հեռակա ուսուցում ստանամ այնպիսի ֆակուլտետում, որը կօգնի ավելի արհեստավարժ լինել հեռուստաեթերում: Մի խոսքով` ընդունվելու եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Տեսնենք` ինչպես կստացվի:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անելյա Գուբրյանի արխիվից, BRAVO.am-ի, Կոնստանտին Վասիլեւի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին