×


“Ապագայի կինը” մրցույթի հաղթողները ստացան մրցանակները:)

BRAVO.am-ի ու “Կոնվերս բանկ”-ի  “Ապագայի կինը” մրցույթի  հաղթողներն երեկ Մեդիամաքսի գրասենյակում ստացել են իրենց մրցանակները:

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ "Կոնվերս բանկ"-ի մարքեթինգի բաժնի պետ Նաիրա Թովմասյանը


Լավագույն երեք էսսեի հեղինակներին շնորհավորել է Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը. “Չնայած՝ ցանկացած ընտրություն սուբյեկտիվ է, իմ կարծիքով՝ շատ հաջող աշխատանքներ ենք ընտրել: BRAVO.am-ում եւ Mediamax.am-ում նման մրցույթներն արդեն բարի ավանդույթ են դարձել, պարբերաբար անցկացնում ենք, բայց կոնկրետ բանկի հետ առաջին անգամ էր եւ հաջողված փորձ է”:

“Կոնվերս բանկ”-ի մարքեթինգի բաժնի պետ Նաիրա Թովմասյանն էլ շեշտել է՝ “ուրախալի է, որ կանանց տոներին նվիրված մրցույթի մասնակիցների շարքում տղաներ էլ են եղել, որոնք իրենց յուրօրինակ պատկերացումներն են ներկայացրել ապագայի կնոջ մասին”, եւս շնորհավորել է հաղթող աղջիկներին եւ  հանձնել մրցանակները:

"Ապագայի կինը" մրցույթի հաղթող Սաթինե Սմբատյանը


Եվ այսպես, մրցույթի հաղթող Սաթինե Սմբատյանը “Կոնվերս բանկ”-ից ստացել է Կանանց քարտ`  50.000 դրամ մնացորդով: “Բանկի այս տարվա մարքեթինգային  ռազմավարությունը փորձել ենք կազմել շախմատային ոճով եւ մեզ համար մեծ անակնկալ էր, որ այդ թեմայով շարադրություն ներկայացվեց՝  մեր ռազմավարությանը համահունչ”,- նշել է Նաիրա Թովմասյանը: 

“Շախմատ խաղացել եմ փոքր հասակում, այս խաղով տարված չեմ, բայց երբ միտք հղացավ կնոջ կերպարը համեմատել թագուհի շախմատային ֆիգուրի հետ, այդ ժամանակ հետաքրքրվեցի եւ իմացա, որ թագուհին շատ ավելի մեծ դեր ունի. նա խաղում է եւ իր, եւ դիմացի դաշտում, կատարում է ֆունկցիաներ, որոնք չեն կատարում շախմատի մյուս ֆիգուրները, նույնիսկ՝ թագավորը: Եվ այստեղ բացահայտվում է կնոջ կերպարի մեծությունը, որը ստանձնում է ընտանիքի, երեխաների պաշտպանությունը, արտաքին աշխարհում էլ միեւնույն ժամանակ հանդես է գալիս որպես կայացած եւ ուժեղ կին”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է  22-ամյա հաղթողը:

Երկրորդ տեղ գրաված Էլեոնորա Բեգոյանը արժանացել է Կանանց քարտի՝ 30.000 դրամ մնացորդով


Սաթինեն սովորում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում, ցանկանում է մասնագիտությամբ աշխատել, թեեւ կարծում է՝ “համապատասխան գործ դժվար կգտնի, որովհետեւ իսպաներեն լեզուն այստեղ տարածված չէ”, համոզված է՝ մայր լինելն ու կարիերան կարելի է համատեղել:

Պարգեւատրվել են նաեւ երկրորդ եւ երրորդ տեղ գրաված աղջիկները. Էլեոնորա Բեգոյանն արժանացել է Կանանց քարտի՝ 30.000 դրամ մնացորդով,  Հասմիկ Թարզյանը՝  20.000 դրամ մնացորդով:

BRAVO.am-ը եւ “Կոնվերս բանկը” շնորհավորում են հաղթողներին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW