×


ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանը՝ թոռների հետ

Առաջին տիկինը թոռների հետ դիտել է իր գրած հեքիաթի բեմադրությունը

Արդեն մեկ տարի է` Խամաճիկների թատրոնում բեմադրվել եւ ներկայացվում է «Քաչալ ոզնին» հեքիաթը, որի հեղինակը հայ մանկագիր, այժմ արդեն ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանն է: Ներկայացման առաջնախաղին նա, իհարկե, ներկա է եղել, իսկ երեկ Նունե Սարգսյանը «Քաչալ ոզնին» դիտելու էր եկել իր թոռների հետ: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել, լուսանկարել է հյուրերին եւ զրուցել հեքիաթի ու ներկայացման հեղինակների հետ:

Նշենք, որ բեմադրության ռեժիսորն Աննա Էլբակյանն է: Հեքիաթը պատմում է նորածին ոզնու մասին, որը փշեր չունի: Քաչալ ոզնին մտահոգության մեծ առիթ է դառնում ոզնիների ընտանիքի եւ անտառի գրեթե բոլոր բնակիչների համար: Բայց փոքրիկ ոզնու ընտանիքի եւ ընկերների հոգատարության շնորհիվ շուտով փշերն աճում են, եւ ողբերգությունը վերածվում է համընդհանուր ուրախության: Աննա Էլբակյանն ընդգծեց՝ թեեւ սկզբում կարծիքներ էին հնչում, թե ներկայացումը երկար չի մնա խաղացանկում, բայց մինչ օրս այն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, եւ երեխաները մեծ սիրով գալիս են «Քաչալ ոզնին» դիտելու:

Աննա Էլբակյանը՝ թոռնուհու հետ


«Ես գիտեի, որ Նունեն հեքիաթներ է գրում իր թոռների համար, եւ որ հետո դրանք տպագրվել են ու դարձել սիրված գործեր: Գաղափար առաջացավ, որ մեր թատրոնում նոր ներկայացում բեմադրենք այդ հեքիաթներից մեկի հիման վրա: Նա առաջարկեց ընտրել, եւ մենք որոշեցինք «Քաչալ ոզնին» բեմադրել շատ փոքր հանդիսականների համար: Այդ ժամանակ Հայաստանից Անգլիա բանակցություններ էին ընթանում հեռախոսազանգերի միջոցով (ժպտում է,- հեղ.): Շատ հետաքրքիր պատմություն է, մի քիչ հումորային: Նա մեզ վստահեց, եւ երեխաներն էլ շատ են սիրում ներկայացումը: Համոզված եմ՝ դեռ երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում»,- ասաց ռեժիսորը:

Ներկայացման ողջ ընթացքում երեխաները ծիծաղեցին ու խոսեցին հեքիաթի հերոսների հետ: Տեսնել էր պետք, թե ինչպես էին նրանք սխալ ուղղություն ցույց տալիս խորամանկ աղվեսներին, որ հանկարծ չուտեն փոքրիկ, քաչալ Ոզնիկ Ոզնիկյանին: Նունե Սարգսյանը նշեց՝ երեխաների համար հեքիաթներ գրելու եւ նրանց հետաքրքրելու համար պետք է փորձես մտածել ու պատկերացնել այնպես, ինչպես նրանք, պետք է կարողանաս պատկերավոր տեսարաններ ստեղծել:

Առաջին տիկինը թոռների հետ դիտել է իր գրած հեքիաթի բեմադրությունը


«Ես հեքիաթներ եմ գրել, կարելի է ասել, իմ ամբողջ կյանքում, բայց սկսել եմ հրատարակել 2005 թվականից: Այս հեքիաթն էլ մոտավորապես այդ ժամանակ է ստեղծվել՝ 2006 թվականին: Նախորդ տարի եղավ ներկայացման առաջնախաղը եւ շատ հաջող ընթացք ունեցավ. թատրոնը կարծես գոհ է (ժպտում է,- հեղ.): Ընտրեցինք հենց այս թեման, քանի որ երեխաներին հետաքրքրում է ոզնին որպես կենդանի, եւ սա նրանց առիթ է տալիս մտածելու, որ կենդանական աշխարհը շատ մեծ է, եւ որ կենդանիներն էլ ունեն իրենց խնդիրները»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը:

Նա նաեւ հիշեց մի պատմություն, որ վերջերս է տեղի ունեցել եւ շատ նման է «Քաչալ ոզնին» հեքիաթի սյուժեին.«Նախորդ տարի մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ. Անգլիայի փողոցներից մեկում գտան երկու ձագուկ ոզնիներ՝ առանց փշերի: Հետո նրանց տարան կենդանաբանական այգի, որտեղ ուսումնասիրեցին ու պարզեցին` ոզնիները ցինկի եւ երկաթի պակաս ունեն իրենց օրգանիզմում: Հիմա նրանց մրգեր են տալիս, որպեսզի փշերն աճեն, ինչպես իմ հեքիաթում: Եվ պատկերացրեք` արդեն հաջողության են հասել»:

«Քաչալ ոզնին» ներկայացմանը


Ներկայացման ավարտին փոքրիկներին համեղ հյուրասիրություն էր սպասվում, որից չհրաժարվեցին նաեւ Աննա Էլբակյանի եւ Նունե Սարգսյանի թոռները: Կարճ ժամանակում բոլորն ընկերացան ու սկսեցին մեկը մյուսին հյուրասիրել, խաղալ ու քննարկել Ոզնիկյանների արկածները: Ձեր երեխաները նույնպես կարող են գեղեցիկ հեքիաթի մի մասը դառնալ, քանի դեռ ներկայացումը թատրոնի խաղացանկում է: Հետաքրքիր ու բարի տիկնիկները նրանց հաստատ կուրախացնեն:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին