×


Աստղիկ Սաֆարյան.«Խնդիրներ առաջ եկան, անհանգստանում էի, բայց…»

Աստղիկ Սաֆարյանն օրերս ներկայացրեց իր նոր՝ «Դու Ուժեղ ես» երգիտեսահոլովակը, որի երաժշտության ու խոսքերի հեղինակն ինքն է։ Այս երգը պատրաստ է եղել դեռ 2017-ին, հասցրել է կատարել համերգների ու տարբեր ելույթների ընթացքում.«Ուրախ եմ, որ հոլովակից հետո դրական խոսքեր եմ լսում։ Ինքս էլ չէի սպասում, որ այսչափ խորությամբ կընկալվի, եւ որ այսքան կարող է ոգեշնչող ազդեցություն ունենալ։ Ինձ գրում են անգամ մարդիկ, ովքեր զբաղվում են մանկատան երեխաների դաստիարակությամբ, աշխատում են առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ասում են՝ երգը ստիպում է հավատալ, որ ուժեղ են եւ կարող են հաղթահարել խնդիրները։ Հուզվել եմ՝ կարդալով այդ անկեղծ նամակները։ Միշտ հավատացած եմ եղել, որ եթե ներքուստ ուժեղ ես, ապա կարող ես հաղթահարել ցանկացած ֆիզիկական խնդիր»։

Տեսահոլովակը նկարահանվել է նախորդ ամռանն Աստղիկի ամենասիրելի քաղաքում՝ Փարիզում։ Մինչ այդ նա հոլովակներ նկարել էր Բարսելոնայում, Մադրիդում։ Ռեժիսորը ֆրանսահայ Քրիստիան Աջեմյանն է, որի հետ Աստղիկը ծանոթացել է Փարիզում բնակվող վաղեմի ծանոթներից մեկի միջոցով.«Իմ ցանկությունն էր, որ այնտեղ նկարահանվի։ Քրիստիանի ֆիլմերն էլ ներկայացված են եղել Կաննի կինոփառատոնին։ Եթե նա չհավաներ իմ երգը, դժվար թե ինձ հետ աշխատեր, բայց առաջին իսկ հանդիպումից իր հիացմունքը հայտնեց, ու սկսեցինք քննարկել մանրամասները։ Առաջարկեցի կերպարներս, նրան միանգամից դուր եկավ իմ մտածելակերպը։ Աշխատել ենք նրա ֆրանսիական թիմով՝ երեք օպերատորի հետ, օդային տեսախցիկներով նկարել ենք Փարիզի տարբեր հատվածներում։ Հիանալի օր ենք ունեցել, շատ լավ մթնոլորտ էր»։

Աստղիկ Սաֆարյանը


Փարիզում նկարահանման հատուկ թույլտվություն է անհրաժեշտ, Աստղիկի խոսքով՝ ամեն ինչ արվել է օրենքի սահմանում.«Բոլոր արտոնագրերն ունեինք, դժվարության չենք բախվել։ Միգուցե եվրոպական քաղաքներում հոլովակ նկարելու նախկին փորձիս արդյունքն էր, որ այս դեպքում եւս խնդիրներ չունեցանք։ Բայց մոնտաժման փուլում անընդհատ խնդիրներ էին առաջ գալիս. երեք անգամ երեք տարբեր մասնագետ մոնտաժել է այս հոլովակը, մինչեւ ստացա այն, ինչ նախապես պատկերացրել էի։ Այդ ընթացքում անհանգստանում էի, բայց մի ներքին ուժ հուշում էր, որ գործն այսքան ձգվում է, գուցե դեռ չի հասունացել դրա ժամանակը»։

Հաճախ ճամփորդող երգչուհին ամռան երկրորդ կեսին կհանգստանա։ Եթե նոր երկիր է մեկնում, նախապես պլանավորում է, որպեսզի տեղում ժամանակ չկորցնի, բայց Բարսելոնա մեկնելու դեպքում, դրա կարիքը չի ունենում։ Այժմ Հայաստանում է, մի քանի օրից կվերադառնա Բարսելոնա, ինչպես ասում է՝ իր երկրորդ տուն. «Կգնամ ծովափ, կնվիրեմ ինձ հանգստին, իսկ հետո պարզ կլինի՝ ուրիշ որտեղ կարող եմ ճամփորդել։ Ինձ համարում եմ ճանապարհի լավ ընկեր, ունակ եմ հարմարվել ընկերական ընդհանուր որոշումներին, առաջարկել իմ գաղափարները, էգոիստական դրսեւորումներ չունեմ, որով կարող եմ ընկերներիս ստիպել անել միայն այն, ինչն ինձ է դուր գալիս, բայց եթե ինձ հաճելի ու հետաքրքիր չէ, պարզապես չեմ մասնակցի»։

Աստղիկ Սաֆարյանը


Ճամփորդելիս Աստղիկի անբաժան իրերն են դրամապանակն ու հեռախոսը, նաեւ լավ տրամադրությունը։ Նա դեռեւս չի եղել Հարավային Ամերիկայում, մեծ ցանկություն ունի մեկնել Կոլումբիա, Վենեսուելա, Պերու, Բրազիլիա. «Այդ երկրներում ապրող լավ ընկերներ ունեմ, բազմիցս զրուցել ենք ազգային առանձնահատկություններից, մեծ հետաքրքրությամբ կցանկանայի ուսումնասիրել քարտեզի նաեւ այդ կողմը»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին