×


Արդյո՞ք միավորվել են «The Beautified Project»-ի անդամները. խումբը նոր տեսահոլովակ ունի

Գրեթե երկու տարի է՝ «The Beautified Project» ռոք-խմբի անդամները դադարեցրել են համատեղ գործունեությունը եւ զբաղվում ն իրենց անհատական նախագծերով: Սակայն օրերս խումբն իր երկրպագուներին ուրախացրեց նոր երգի հոլովակով, որում հայտնի եռյակը կրկին հանդես է գալիս միասին՝ հին ու բարի օրերի պես:

Այս անգամ «The Beautified Project»-ը ներկայացել է Սայաթ-Նովայի «Երկու տուն ունիմ» ստեղծագործությամբ, որը տարիներ առաջ հայերեն է թարգմանել Արթուր Մեսչյանը եւ կատարել իր համերգներից մեկի ժամանակ: Այժմ ռոք-խմբի անդամները որոշել են ձայնագրել երգը եւ ներկայացնել իրենց մեկնաբանությամբ: BRAVO.am-ը զրուցել է խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի հետ`պարզելու համար, թե ինչպես են կրկին միավորվել, ինչպես են ընտրել երգը, եւ արդյոք մենահամերգ կլինի:


Անդրեն պատմել է, որ «Երկու տուն ունիմ» երգն առաջին անգամ լսել է 2006 թվականին, երբ ներկա է եղել Արթուր Մեսչյանի երեւանյան մենահամերգին: Երգը շատ է հավանել եւ տուն հասնելուն պես սկսել է փնտրել այն ու հետաքրքիր փաստեր որոնել դրա մասին: Պարզվել է` երգի հեղինակը ոչ թե Արթուր Մեսչյանն է, այլ Սայաթ-Նովան, պարզապես Մեսչյանը երկրորդ կյանք է տվել երգին`թարգմանելով այն հայերեն եւ ներկայացնելով սեփական մեկնաբանությամբ: Անդրե Սիմոնյանն էլ տարիներ անց` Արթուր Մեսչյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, որոշել է խմբի անդամների հետ ձայնագրել երգն ու այն նվիրել սիրելի երաժշտին. «Բացի այդ, պապիկս միշտ ուզում էր, որ ես Սայաթ-Նովայից մի երգ կատարեմ: Այսպիսով ես փաստորեն երկու ցանկություն միանգամից իրականացրի»:

Երաժշտի խոսքով` «The Beautified Project» խումբը չունի նոր կազմ, եւ իրենք Արմենի ու Առլենի հետ պայմանավորվել են, որ երբ առիթ լինի, կրկին միավորվելու են ու միասին ներկայանան.«Մեր միջեւ անձնական բարդ խնդիրներ չեն եղել, մենք մնացել ենք ընկերներ: Խմբի բաժանվելուց հետո հաճախ հանդիպել ենք տարբեր առիթներով: Եվ երբ առաջարկեցի այս գործը ձայնագրել, երկուսն էլ շատ արագ եւ ուրախ ընդունեցին: Այնպես որ, լավ է ամեն ինչ մեր մեջ (ժպտում է,- հեղ.)»:


Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա նկարահանումներն իրականացվել են «Հայֆիլմ» կինոստուդիայում: Անդրեն պատմեց, որ երբ գնացել են տաղավարները տեսնելու, դրանց փոխարեն ընտրել է կինոստուդիայի միջանցքը, քանի որ վաղուց էր հավանել այդ անկյունն ու ցանկություն ունեցել այնտեղ հոլովակ նկարահանել. «Տեսախցիկներով գնացինք, նայեցինք ու շատ հավանեցինք կադրերը, որոշեցինք հենց միջանցքում էլ նկարել»:

Անդրե Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս վերամիավորումից հետո նաեւ մենահամերգով հանդես կգան Երեւանում: Սակայն այս առումով երաժիշտը չշտապեց կիսվել լավ նորություններով: Ասաց՝ այս պահին նման որոշում չկա: Պատճառները մի քանիսն են: Նախ՝ ինքը ոչ երաժշտական մի նախագծով է զբաղված Մեծ Բրիտանիայում եւ տարվա մի մասն այնտեղ է լինում: Իսկ իրենց հարվածային գործիքներ նվագողն էլ տեղափոխվել է Մոսկվայում բնակվելու եւ աշխատելու. «Մյուս կողմից էլ գիտեմ, որ մեր երկրպագուները շատ են սպասում այդ համերգին, անընդհատ ասում են ՝ բա մյուս տարի խմբի 15-ամյակն է, պետք է մի բան անեք: Ու ես չեմ ուզում նրանց հիասթափեցնել, իսկապես ուզում եմ ինչ-որ հստակ ծրագրեր ունենալ այդ առիթով: Բայց այս պահին կոնկրետ որեւէ բան չկա որոշված»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անդրե Սիմոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին