×


Արթուր Լյումեն Գեւորգյան.«Ամեն օր զարմանում եմ, թե ոնց է բախտս բերել»

«Լյումեն» ինքնատիպ կեղծանվամբ լուսանկարիչն ինքնատիպ է նաեւ իր աշխատանքում: Արթուր Գեւորգյանի լուսանկարչական կարիերան տարածվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: Նա իրականացնում է դիմանկարահանում, գովազդային եւ վավերագրական լուսանկարահանում, իսկ հարսանեկան լուսանկարների մասին խոսելիս ասում է` «Հաճախ ես ավելի շատ եմ ուզում, որ զույգը լավ նկարներ ունենա, քան հենց ինքը` զույգը»: Արթուրի հետ զրուցել ենք իր գործունեությունից եւ փորձել բացահայտել երեւանցի լուսանկարչի կերպարը:

Արթուր Լյումեն Գեւորգյանը


- 2014-ի Ձեր «Սողանքները Հայաստանում» նախագիծը մեծ արձագանք ունեցավ: Արդյոք դրա շնորհիվ որոշ չափով կանխվեցի՞ն հետագա աղետները: 

- Ցավոք, ոչ: Սողանքը շատ դժվար է կանգնեցնել, եւ իմ նպատակը ամենեւին էլ այն կանգնեցնելը չէր. դա իմ ուժերից վեր է: Ուզում էի մարդկանց տեղեկացնել երեւույթի մասին, քանի որ շատերն անտեղյակ են: Հայաստանում 75 հազար մարդ վտանգի մեջ է ապրում եւ տեղափոխվելու հնարավորություն չունի: Պետությունը որոշ ընտանիքների գումար է տրամադրել տեղափոխվելու համար, բայց մարդիկ բողոքում են, որ այդքան գումարը բավարար չէ:

-Արդյո՞ք ֆոտոպատմությունը հզոր ուժ է սողանքային գոտիներում բնակվող մարդկանց նկատմամբ կառավարության անփութությունը վերացնելու համար:

-Երբ լուսանկարում էի սողանքային գոտիները, զուգահեռ պլանավորում էի ցուցահանդեսի հայեցակարգը. մեծ հույս ունեի, որ հյուրեր կլինեին պետական մարմիններից: Բայց, ցավոք, չեկան ու չդիտեցին: Ինձ մխիթարում եմ այն մտքով, որ գուցե տեղյակ չեն եղել:

Արթուր Լյումեն Գեւորգյանի «Սողանքները Հայաստանում» նախագծի լուսանկարներից


-Կա՞ն թեմաներ, որոնց երբեք չեք անդրադառնա:

-Ես գիտեի` սառնասիրտ եմ ու կարող եմ ամեն թեմա ձեռքս առնել: Բայց երբ ծնվեց տղաս, իմ մեջ մեծ բան փոխվեց: Եթե ինչ-որ բան պետք է վտանգի երեխայիս, այդ ժամանակ կանգ եմ առնում ու մոռանում լուսանկարի մասին:

-Ինչպես հայտարարվել է, այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երեւան» լուսանկարչական միջազգային փառատոնը: Մասնակցություն ունենալո՞ւ եք այդ փառատոնին:

- Կմասնակցենք մեր նոր նախագծով, որ կոչվում է «Awesome Armenia»: Հայաստանի մասին «Ինստագրամ»-ում էջ ունենք, որտեղ մեր երկիրը ցույց ենք տալիս մի փոքր այլ կերպ: Փորձում ենք մեր ուժերով զբոսաշրջությունը զարգացնել: Արդեն 15 հազար հետեւորդ ունենք:

-Արթուր, զարգացման ո՞ր փուլում է լուսանկարչությունը Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել, որ այն մեր երկրում արվեստի զարգացած ճյուղերից մեկն է:

-Լուսանկարչության մակարդակը միայն լուսանկարիչներով չի սահմանափակվում: Մենք չունենք բարձրագույն կրթություն լուսանկարչության գծով, ցուցասրահներ չկան եւ չեն լինում միջոցառումներ պետության կողմից…

Արթուր Լյումեն Գեւորգյանի աշխատանքներից


-Խոսենք «Լյումեն» կեղծանվան մասին:

- «Լյումեն» անունը երկար ճանապարհ է անցել: 2004-ին, երբ դեռ վեբ-դիզայներ էի  «Lumen Design Studio»-ում, հասկացա, որ կյանքս անհետաքրքիր է դառնում գրասենյակային միջավայրում: Գնեցի ֆոտոխցիկ ու սկսեցի լուսանկարել` այդպես կյանքս լցնելով: Ես ճանապարհորդում էի, ծանոթանում հետաքրքիր մարդկանց հետ, պետք էր ինքնատիպ կերպով ներկայանալ: «Լյումեն» անունն արդեն իսկ թանկ էր. ես էի ստեղծել: Որոշեցի այն դարձնել իմ երկրորդ անունը: Այսօր ինձ ավելի շատ ճանաչում են` Լյումեն, իսկ ծանոթությունների ժամանակ էլ հաճախ զարմանում են Արթուր անունը լսելիս:

-Ձեր ֆոտոխցիկը հաճախ կանգ է առնում Ձեր կնոջ` Անժելայի կերպարի բացահայտմանը: Անգամ միջազգային ֆոտոմրցույթին նրա դիմանկարն եք ներկայացրել` ջրի կաթիլներով: Երեւի արտասովո՞ր կերպար է Ձեր կինը:

- Անժելան իմ կյանքի իդեալն է, որը, վստահ կարող եմ ասել, կարողացել եմ գտնել: Նա ամեն օր տարբեր կերպարում է ինձ համար, ու ամեն օր զարմանում եմ, թե ոնց է բախտս բերել: Մի տեսակ հանգստանում եմ Անժելային նկարելիս:

Արթուր Լյումեն Գեւորգյանը` կնոջ հետ


-Կա՞ն աշխատանքներ, որոնք առանձնանում են Ձեր ֆոտոպահոցում:

-Սիրելի աշխատանքներ շատ ունեմ: Եվ կան այնպիսիք, որոնք նոր պետք է ծնվեն: Սիրում եմ հատկապես «Անսպասելի համբույր» լուսանկարը: Այն ունի հետաքրքիր նախապատմություն. լուսանկարել եմ Բրատիսլավայում, երբ մի փողոցային աճպարար զվարճացնում էր երեխաներին, հետո դայակը նրան խնդրեց դադարեցնել, քանի որ տուն պետք է վերադառնան: Այդ ժամանակ աճպարարը դիմախաղով եւ ձեռքի շարժումներով բացատրեց, որ թույլ տա համբուրել իրեն: Կինը մոտեցրեց այտը, աճպարարը համբուրեց եւ խնդրեց, որ նա էլ իր այտը համբուրի: Այդ ժամանակ աճպարարը խորամանկեց եւ շրջեց դեմքը, որպեսզի շրթունքները համբուրի: Թեեւ այդպես էլ նպատակին չհասավ, բայց ֆոտոխցիկս կարողացավ ֆիքսել պահը, ու ես համարեցի այն իմ ստացված լուսանկարներից մեկը:

-Սեւ ու սպիտակ լուսանկարները, կարծես, գերակշռում են Ձեր ֆոտոշարքերում: Ինչո՞ւ:

- Սեւուսպիտակը լուսանկարչության մեջ մի ուղղություն է, որը միշտ ուժեղ է գույնից: Երբ նկարը սեւ ու սպիտակ է, սկսում ես դրա մեջ հույզեր փնտրել: Գույնը միշտ շեղում է, թույլ չի տալիս լուսանկարի ճիշտ իմաստը փոխանցել: 

Արթուր Լյումեն Գեւորգյանի աշխատանքներից


-Երեւանի ամենահարմար անկյունը ֆոտոսեսիա անելու համար:

-Ես միշտ սիրել եմ ու սիրելու եմ հին քաղաքը: Երբ գնում եմ նոր քաղաքներ, պարտադիր փնտրում եմ այնտեղի հին վայրերը: Երեւանում էլ ամենից շատ սիրում եմ Աբովյան-Պուշկին խաչմերուկը:

-Արթուր, լուսանկարիչների համար ի՞նչ «չի կարելիներ» կան:

-Եթե լուսանկարումդ կա էսթետիկա, ապա ոչ մի «չի կարելի» չկա:

Զրուցեց Լիանա Կարապետյանը
Լուսանկարները` Արթուր Լյումեն Գեւորգյանի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին