×


Բացահայտելով Շարմ Էլ Շեյխի մոգական հմայքը

Մռայլ ձմեռային օրերին տաք ծովափնյա հանգիստը կրկնակի բաղձալի է թվում, երեւակայության մեջ պարբերաբար ծագում է կապույտի երանգներով ողողվող ջրի, տաք ավազի եւ ծովազեփյուռից ճոճվող արմավենիների ավանդական համադրությամբ պատկերը:

Հայաստանում AirCairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ի կողմից Շարմ էլ Շեյխ կազմակերպած ճանաչողական այցի շնորհիվ լրագրողների երջանիկ մի խումբ հնարավորություն ունեցավ մեկ շաբաթով տեղափոխվել այլ իրականություն, որտեղ ձմեռը լողափում դիմավորելուց բացի, գտնվեցին նաեւ ակտիվ ժամանցի բազմաթիվ տարբերակներ, ինչպես նաեւ՝ պատմությանը եւ ճարտարապետությանը վերաբերող նմուշներ եւ անկրկնելի արեւելյան կոլորիտի մեջ «թաթախվելու» ուրախությունը:



Ընդհանուր եւ օգտակար ինֆորմացիա

Երեւան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ թռիչքի տեւողությունը կազմում է մոտ երեք ժամ: Դեկտեմբեր ամսին օդի եւ ջրի ջերմաստիճանը 25-26 աստիճան է, ինչը թույլ է տալիս լիարժեք կերպով զգալ աշխարհի գեղեցկագույն ծովերից մեկի ողջ էներգետիկան: Ասիայի եւ Աֆրիկայի մեջտեղում ընկած Կարմիր ծովը միակն է, որտեղ ոչ մի գետ չի թափվում, ինչի հետեւանքով նրա աղիությունը շատ բարձր է, իսկ ջուրը՝ ջինջ:



Շարմ էլ Շեյխը (նախկինում՝ Օֆիրա) այսօր Եգիպտոսի ամենահաջողված կուրորտային քաղաքն է, որն իր տեսակով ավելի շատ նման է եվրոպական միջերկրական հանգստյան գոտիներին: Բացի այդ, այս մասում են գտնվում կորալային խութերով ամենագեղեցիկ արգելոցները:



Շարմ Էլ Շեյխում չկան «բնիկներ», այստեղ գալիս են աշխատելու, հիմնականում՝ եգիպտական խոշոր քաղաքներից՝ Կահիրեից եւ Ալեքսանդրիայից: Թե՛ հյուրանոցներում, թե՛ քաղաքում տեղացիների հետ շփումը դյուրին է եւ ուրախ՝ եգիպտացիները բարեհամբույր են ու շատ սրամիտ:



Շարմ էլ Շեյխի անթիվ հյուրանոցներից ընտրություն կատարելը հեշտ գործ չէ, սակայն բացի all inclusive փաթեթներում ներառված ծառայություններից եւ ակվապարկերի առկայությունից, կարեւոր է ուշադրություն դարձնել տվյալ հյուրանոցի լողափին, քանի որ շատ քիչ հյուրանոցների տարածքում ջուր մտնելը հնարավոր է իրագործել աստիճանաբար խորանալով: Հիմնականում դա անում են կամրջանավերից, որոնք ավարտվում են զգալի խորության վրա, այնպես որ, եթե լավ չեք լողում, կամ երեխաների հետ եք, պետք է դա նկատի ունենալ:



«Պարտադիր ծրագիրը»

Հանգիստը Շարմ էլ Շեյխում միանշանակ թերի կլինի, եթե զլանաք եւ չմասնակցեք առաջարկվող դայվինգի եւ սաֆարիի տուրերին: Երկուսի դեպքում էլ երաշխավորված են անմոռանալի եւ հուզական ապրումներ: Դայվինգին հարկավոր է տրամադրել մի ամբողջ օր: Սովորաբար այն համադրվում է ծովային զբոսանքի հետ: Ուղեւորության ընթացքում զբոսանավը կատարում է 2-3 կանգառ արգելոցներում, որտեղ էլ, անհրաժեշտ կանոններին ծանոթանալուց հետո, հմուտ (եւ գեղեցիկ) հրահանգիչների օգնությամբ կարելի է սուզվել 5-8 մետր խորության վրա՝ բացահայտելով զուգահեռ աշխարհ: Ծովի հատակով քայլելիս փորձում ես դիպչել շուրջդ պտտվող գույնզգույն ձկնիկներին, կենդանի կորալներին եւ ինքդ քեզ սկսում ես պատկերացնել միաժամանակ հայտնագործող եւ մուլտֆիլմի հերոս:



Այդ ողջ ընթացքում տուրիստներից մի փոքր հոգնած, բայց իր գործը պարտաճանաչ կատարող լուսանկարիչը ֆիքսում է քո ստորջրյա ներկայությունը եւ ուղեւորության ավարտին «հարմար գներով» տրամադրում է լուսանկարները:



Կվադրոցիկլերով սաֆարի տուրը իրականացվում է Սինայի անապատում, որտեղ այսօր էլ բնակվում են խորհրդավոր բեդուինները: Կվադրոցիկլ վարելը ամենեւին բարդ գործ չէ, հարկավոր է միայն պահպանել անվտանգության կանոնները եւ շատ չտարվել «արյունը եռացնող» զգացողություններով:



Երեւի թե, այնքան էլ զարմանալի չէր, որ անապատի այլմոլորակային բնապատկերի միջով սլանալիս, խմբի անդամների մեծամասնության գլխում, անկախ երաժշտական նախասիրություններից, հնչում էր «Անապատի արեւ» երգը: Եվ առավել եւս զարմանալի չէր, որ Սինայի անապատում մեզ հանդիպեց հայերի մեկ ուրիշ խումբ, որի մասնակիցները նույնպես նշեցին «Անապատի արեւ» երգի մտովի հետապնդումը:



Տուրի վերջնականգառում նախատեսված է հյուրընկալություն-թեյախմություն բեդուինների մոտ (որոնք, ի դեպ, ետ չեն մնացել աշխարհիկ ուրախություններից, հանգիստ օգտվում են ինտերնետից, տուրիստներին Pepsi են վաճառում, սակայն առ այսօր ապագա կնոջ դեմքը կարող են տեսնել միայն հարսանիքի օրը):



Եգիպտական գիշերներում

Երեկոյան ժամերին Շարմ էլ Շեյխում կյանքը պարզապես եռում է եւ ցանկացած տրամադրության համապատասխան կարելի է զբաղմունք գտնել:



Նաամա բեյ եւ Սոհո աշխույժ, վառ լուսավորված թաղամասերը ստեղծված են անշտապ զբոսանքների, սրճարաններում մինչեւ ուշ գիշեր նստելու եւ առեւտրային կենտրոններ այցելելու համար, սակայն իրական, «համով-հոտով» առեւտրի հետեւից հարկավոր է գնալ հայտնի «Հին շուկա»-ն: Բացի նրանից, որ այստեղ կարելի է գնումներ կատարել կրկնակի ցածր գներով, վաճառողների հետ շփումն ինքն իրենով մի առանձին հիշարժան երեկո է: Յուրաքանչյուր խանութի կողքով անցնելիս պատրաստ եղեք, որ ձեզ կհամոզեն ներս մտնել, թեյ կհյուրասիրեն, քաղցր զրույց կվարեն, եւ դուք այնտեղից դուրս կգաք, օրինակ, խալիով:

Գնումների գնալուց կարեւոր է հիշել «խաղի» գլխավոր կանոնը՝ ցանկացած ապրանքի գին, լինի թեյ, թե Թութանհամոնի արձան՝ սակարկելի է: Գին «գցելուց» ամաչել պետք չէ, փոխարենը՝ պայքարել մինչեւ վերջ: Ի դեպ, գնի սակարկումը հնարավոր է ոչ միայն շոփինգի դեպքում, այլեւ՝ ծախսերին վերաբերող գրեթե ցանկացած հարցում:



Էլ ի՞նչ արեւելք առանց պորտապարի: Շարմ էլ Շեյխում այն տեսնելու ամենահստակ տարբերակը «1001 ու մի գիշեր» ժամանցային համալիր այցելությունն է: Այստեղ հնարավոր է դիտել պորտապար ոչ միայն կիսամերկ կրքոտ կանանց, այլեւ՝ տղամարդու կատարմամբ:



«1000 ու մի գիշեր»-ում կտեսնեք նաեւ «Տանուրա» հին արաբական պարը, որի ժամանակ բազմաշերտ գունավոր կիսաշրջազգեստերով տղամարդիկ անընդմեջ պտտվում են սեփական առանցքի շուրջ՝ պարբերաբար տարբեր գործողություներ կատարելով կիսաշրջազգեստի շերտերի հետ: Այս զարմանահրաշ սուֆիական պարը խորհրդանշում է Երկիր մոլորակի պտույտները Արեգակի շուրջ:



Շարմ էլ Շեյխը հայտնի է նաեւ իր գիշերային ակումբներով եւ դիսկոտեկներով: Մինչեւ վաղ առավոտ կարելի է տրվել պարային տարերքին, իսկ սեթերը կապահովեն լավագույն դիջեյները: Ի դեպ, շատ չզարմանաք, երբ հանկարծ ձեր ականջին հասնի «Մի գնա» երգի ռեմիքս տարբերակը:

Ալ-Սահաբա մզկիթը ու Ղպտի ուղղափառ եկեղեցին

Հին քաղաքի գլխավոր զարդարանքը վերջերս կառուցված Ալ-Սահաբա հսկայական մզկիթն է: Այն գերում է իր շքեղությամբ եւ, որքան էլ տարօրինակ չհնչի, ինչ-որ նմանություն ունի Բարսելոնայի հանրաճանաչ Սագրադա Ֆամիլիայի հետ: Կանանց եւ տղամարդկանց համար մզկիթի մուտքն ընդհանուր է: Հարգելով կրոնական կանոնները, ներս պետք է մտնել ոտաբոբիկ եւ համապատասխան հանդերձանքով (որը տրամադրում են հենց մուտքի մոտ):



Ալ-Սահաբան ունի աղոթքի բազմաթիվ դահլիճներ, իսկ ամենագեղեցիկը գտնվում է վերեւում՝ գունագեղ գմբեթի տակ:



Շարմ Էլ Շեյխի կարեւոր հոգեւոր կենտրոններից է նաեւ Ղպտի ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է Նաամա Բեյի եւ Հին քաղաքի մեջտեղում ընկած Խայնուր թաղամասում:



Եգիպտոսի ավանդական քրիստոնեական եկեղեցին իր չափսերով չի զիջում քաղաքի գլխավոր՝ Էլ Մուստաֆա մզկիթին: Սպիտակ եկեղեցին ներսից ամբողջովին պատված է աստվածաշնչյան պատմություններ ներկայացնող որմնանկարներով, որոնք պատկերվել են ընդամենը երկու որմնանկարիչների կողմից: Եկեղեցին զարդարում են նաեւ երեկոյան լուսավորության ներքո էլ ավելի տպավորիչ տեսք ունեցող մեծ ապակե վիտրաժները:



Ըստ անկախ աղբյուրների՝ այսօր Եգիպտոսում քրիստոնյաները բնակչության մինչեւ 22 տոկոսն են կազմում: Առհասարակ, եգիպտացիների մոտ ընդունված չէ կրոնական պատկանելիության մասին հարցեր տալ, սակայն ղպտիների ձեռքերին հաճախ կարելի է խաչի տեսքով դաջվածք հանդիպել: Դա արվում է նաեւ ղպտիի՝ հանկարծամահ լինելու դեպքում մուսուլմանական ծիսակարգով թաղված չլինելու մտավախությունից դրդված:

Շարմ էլ Շեյխում ապահով հանգիստը երաշխավորված է. ամենուրեք ոստիկաններ են հերթապահում, հյուրանոցների մուտքի մոտ մշտապես ներկա են անվտանգության աշխատակիցները:

Շարմ էլ Շեյխը հիշվում եւ սիրվում է իր բազմաշերտությամբ, մարդկային ջերմությամբ եւ վերջին օրը, հերթական անմոռանալի մայրամուտը դիմավորելիս, առանց վարանելու ջուրը մանրադրամ ես նետում՝ վերադարձն անխուսափելի դարձնելու երազանքով:



Տեքստը՝ Աննա Բուբուշյանի
Լուսանկարները՝ հեղինակի եւ Վահե Մինասյանի, Կարեն Սերոբյանի, Neo Simone /Anriva Tour/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին