×


Բրիտանական եւ հայկական զինվորական նվագախմբերի բացօթյա համերգը Երեւանում

Բրիտանական եւ հայկական զինվորական նվագախմբերի բացօթյա համերգը Երեւանում

Շառլ Ազնավուրի հրապարակը հունիսի 15-ին վերածվել էր երաժշտական մեծ բեմահարթակի, որտեղ երգողները բրիտանական եւ հայկական զինվորական նվագախմբերն էին, իսկ պարողները՝ հանդիսատեսը: Արդեն երրորդ տարին անցկացվող համերգը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների կողմից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Համերգի սկզբում հանդես եկավ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումը, որը ներկայացավ համաշխարհային հիթերի քավեր կատարումներով: Նշենք, որ «Սալամանկա» նվագախումբն այստեղ համերգներով հանդես է եկել նաեւ 2015թ.-ի սեպտեմբերին եւ 2017թ.-ի հունիսին՝ արժանանալով հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Խմբի վոկալիստն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ ասաց՝ ուրախ է, որ կրկին հանդիպելու առիթ ունեն:

Բրիտանական եւ հայկական զինվորական նվագախմբերի բացօթյա համերգը Երեւանում

«Սալամանկա»-ի ելույթի առաջին հատվածի ավարտից հետո բեմահարթակ եկավ ՀՀ զինված ուժերի երգի-պարի համույթը: Բայց մինչ բրիտանական նվագախմբի հեռանալը նրանք համատեղ ջազային կատարմամբ հանդես եկան՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին: Բրիտանական եւ հայկական զինվորական նվագախմբերի համատեղ համերգը տեւեց մոտ երկու ժամ, որի ընթացքում հայ հանդիսատեսը հասցրեց նույնիսկ պարել երաժիշտների հետ:

Միջոցառման ավարտին BRAVO.am-ը զրուցեց Հայաստանում Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթհելի հետ` պարզելու համար, թե որն է ծրագրի հիմնական նպատակը, եւ արդյոք այն շարունակական է լինելու: Վերջինս նշեց, որ միջոցառումը Մեծ Բրիտանիա-Հայաստան պաշտպանական համագործակցության մաս է կազմում եւ նպատակ ունի ամրապնդել նաեւ մշակութային կապերը:

Բրիտանական եւ հայկական զինվորական նվագախմբերի բացօթյա համերգը Երեւանում

«Երաժշտությունն ու մշակույթը մեծ նշանակություն ունեն երկկողմ հարաբերություններում: Արդեն երրորդ տարին է, որ կարողացել ենք այս համատեղ միջոցառումը կազմակերպել, եւ լիահույս ենք, որ այն շարունակական կլինի: Մեր նվագախումբը շատ ուրախ է այստեղ լինելու համար եւ պատրաստ է համերգներ ունենալ նաեւ հաջորդ տարիներին: Ինքս որպես կցորդ աշխատում եմ «Սալամանկա» նվագախմբի հետ, եւ մենք հաճախ համերգներով հանդես ենք գալիս տարբեր երկրներում: Հույս ունեմ` հաջորդ տարի մենք նորից կհանդիպենք Հայաստանում»,- հավելեց նա:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին