×


Գործագործ. «Ասում են, որ գնված հագուստը երբեք չեն հագել, հետո Ինստագրամում այդ հագուստով ենք տեսնում»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:


Զրուցել ենք բրենդների տարածքային ղեկավար, բրենդ մենեջեր Նարինե Սիմոնյանի հետ:



- Ովքե՞ր են զբաղվում բրենդային խանութների ներքին դիզայնով, հարդարանքով:

- Դրանով զբաղվում են մերչենդայզերները: Սա շատ կարեւոր աշխատանք է, որովհետեւ հաճախորդը խանութ մտնելիս տեսնում է մեկ ամբողջական պատկեր՝ նախքան որեւէ նմուշի վրա կենտրոնանալը: Եթե խանութի դիզայնը, ցուցափեղկը չգրավեն, մարդիկ պարզապես անտարբեր կանցնեն մեր կողքով: Սա վճռորոշ պահ է, խանութի ցուցափեղկի կողքով անցնելու առաջին մի քանի վայրկյաններն են որոշում՝ կմտնի հաճախորդը ներս, թե ոչ: Պետք է դրական տպավորություն թողնել, որ մարդը ներս մտնի: Իսկ արդյո՞ք ներս մտնելուց հետո գնումներ կկատարի, թե ոչ, արդեն կախված է բազում բաղադրիչներից:

Կա վիզուալ մերչենդայզինգ, որը խանութի ներքին հարդարման աշխատանքն է: Մենք ստանում ենք ապրանքը, սքանավորում, փակցնում ենք գնապիտակներ, հոլոգրաֆիկ նշաններ, հայերենով արտադրության վայրի, բաղադրության մասին ինֆորմացիան եւ այլն, ինչից հետո ապրանքն արդուկվում է, եւ ըստ բրենդի կողմից նախապես տրված ցուցումների` մերչենդայզերը հավաքում է խանութի պատերը:


Այսինքն՝ մերչենդայզերը մարդ է, ով, բրենդի նախանշած ցուցումները հաշվի առնելով, իրականացնում է խանութի դիզայնն ու ապրանքատեսակի բաշխումը: Կարեւոր է պահպանել գունային բալանսը, միտումները: Երբեմն լինում են դեպքեր, երբ ցուցումները չեն համապատասխանում առկա ապրանքատեսակին, այդ ժամանակ ինքներս ենք ձեւավորում, հետո ուղարկում ենք իրենց նկարներ, որպեսզի հաստատեն փոփոխությունը:


- Մերչենդայզերի համար կա՞ն զեղչեր:

-Ոչ, ցավոք, չկան:): Մենք սովորական սպառող ենք:


- Առաջիկայում ե՞րբ են զեղչեր նախատեսված: 

- Օհ, ինձ միշտ հարցնում են այդ մասին:): Ես գիտեմ, թե երբ են սկսվելու զեղչերը, բայց չեմ կարող ասել: Թվում է` շատ լավ է, երբ տիրապետում ես ինֆորմացիային, բայց, հավատացեք, ահավոր է, երբ գիտես, որ զեղչ է լինելու ու այդ ժամանակ գնումների համար գումար չես ունենալու:

Բրենդ մենեջեր Նարինե Սիմոնյանը



- Հայաստանում ավելի քի՞չ են զեղչում X բրենդի նույն ապրանքը, քան՝ արտերկրում:

- Գները նույնն են: Գնավորումն արվում է սքաներով, որը կցված է համակարգին, դու չես կարող փոխել այն: Ֆիքսված գնին ավելանում է միայն տվյալ երկրի հարկը: Եթե տվյալ ապրանքը Հայաստանում զեղչվել է 50 տոկոսով, ուրեմն այլ երկրներում էլ զեղչվում է նույնքան:


- Որտեղի՞ց գիտեք, թե ինչ են ուզում գնել մարդիկ:

- Դա մեր աշխատանքն է:): Մերչենդայզերը պետք է տիրապետի հաճախորդի հոգեբանությանը, լավ իմանա, թե տվյալ երկրի հաճախորդներն ինչ են ուզում գնել, որ տենդենցներն են սիրում: Տարիների փորձի եւ միջազգային շուկայի ուսումնասիրության արդյունք է: Շատ է լինում, երբ միջազգային շուկայում թրենդ դարձած նմուշը արդի չէ Հայաստանում, ըստ այդմ՝ պետք է ճիշտ ներկայացնես, թե քո երկրում ինչն է ակտուալ:


Օրինակ` իսպանական բրենդի հետ աշխատանքի ընթացքում ցուցումներ էին եկել, որ ցուցափեղկին ներկայացնենք գարնանային շորտեր, կիսաշրջազգեստներ, որովհետեւ Իսպանիայում եղանակը տաք էր, իրենց հաճախորդները նման պահանջարկ ունեին: Բայց Հայաստանում գարնանն այդքան տաք չէ, որ շորտ հագնես, մեր հաճախորդը դա չէր գնի: Բնականաբար, երկար բանակցեցի նրանց հետ, դժվար էր հակառակում համոզել, որովհետեւ դրանք ակտուալ էին, բայց եկանք փոխհամաձայնության, որ այդ նմուշները չցուցադրվեն ցուցափեղկին:


- Ինչպե՞ս են մեծ հավաքածուից ընտրվում խանութի ցուցափեղկին ներկայացվող նմուշները:

- Յուրաքանչյուր խանութ ունի իր մոտեցումը: Մի բրենդ ուզում է, որ մանեքենի վրա ցուցադրվի այն, ինչ թրենդային է, մեկն ուզում է, որ ներկայացվի այն, ինչ մատչելի է: Մեկն ուզում է թելադրել տենդենց, մյուսն ուզում է համապատասխանել պահանջարկին: Խիստ օրենքներ չկան:

Բրենդ մենեջեր Նարինե Սիմոնյանը


Հիմնականում՝ ամենաթրենդային ապրանքատեսակները ներկայացվում են ցուցափեղկին, հետո նույն ապրանքը ներկայացվում է խանութի սկզբում, հետո երկրորդ պատին, հետո երրորդ պատին, հետո` խանութի վերջնամասում: Մերչենդայզերը հետեւում է վաճառքներին եւ նաեւ ըստ վաճառքի որոշում է, թե որ ապրանքը որտեղ ներկայացվի: Այն ապրանքները, որոնք ակտիվ վաճառվում են, գալիս են խանութի սկիզբ, տեսանելի վայր:

Լինում են դեպքեր, երբ մանեքենի վրա ներկայացվում է տենդենց, որը Հայաստանի համար նոր է, բայց միջազգային շուկայում պահանջված է: Այս դեպքում օգտագործում ենք մանեքենները, որպեսզի ընդգծենք, որ սա նորաոճ է:

Բացի այդ, Հայաստանում ներկայացված բրենդներն ունեն իրենց օրակարգը: Երբ մոտենում է ավարտական երեկոների շրջանը, մենք ցուցափեղկերին ներկայացնում ենք երեկոյան զգեստներ, տոնական հագուստ, Սուրբ Վալենտինի օրը գունավոր ցուցափեղկեր ենք ձեւավորում՝ կարմիր կամ վարդագույն երանգներով, սգո օրերին, օրինակ, փորձում ենք ավելի պասիվ պահել ցուցափեղկերը:


- Ո՞ւմ համար են նիհար մանեքեններին ցուցադրված զգեստները:

- Ասեմ, որ մանեքենը 90/60/90 չափսերի չէ: Շատ մանեքեններ կան, որոնք առանց կառուցվածքի են: Ամեն բրենդ ունի մանեքենների իր չափսերը: Մանեքեների վրա հագուստն ավելի կոմերցիոն տեսք է ստանում: Բայց կա մի պոզիտիվ տենդենց. մարդկանց կառուցվածքները շատ տարբեր են, 90/60/90-ը դուրս է եկել զրույցներից, մարդիկ ընդունելի ու սիրված են իրենց անհատական չափսերով, մաշկի գույնով, եւ բրենդները չեն կարող անտեսել այս փոփոխությունները: Խանութներն աստիճանաբար նվազեցնում են շատ նիհար մանեքենների կիրառումը, որովհետեւ հաճախ մարդը չի պատկերացնում՝ կհամապատասխանի իր կառուցվածիքն մանեքենին ցուցադրված նմուշը, թե ոչ: Դրա համար կան տարատեսակ մանեքեններ: Գոյություն ունեն ավելի քան 18 տեսակի մանեքեններ՝ սպորտային կառուցվածքով, կիսանդրու տեսքով, դեմքով, առանց դեմքի, ճկվող մանեքեններ, տարբեր գույների մանեքեններ, հղի կամ տղամարդկանց չաղ փորերով մանեքեններ:

Բրենդ մենեջեր Նարինե Սիմոնյանը



- Բրենդների պաշտոնական կայքերում կան այնպիսի նմուշներ, որոնք Հայաստան չեն գալիս: Ինչո՞ւ:

- Պահանջարկը ձեւավորում է առաջարկ, առաջարկը ձեւավորում է պահանջարկ: Երբ որեւէ բրենդ է բացվում Հայաստանում, այն ներկայացնում է իր ամենանորարար, ամենաթրենդային նմուշները, գույները, ձեւվածքները, բայց վաճառքին հետեւելով հավաքածուները թարմացվում են ըստ պահանջարկի: Երբ հաճախորդը գնում է միայն սեւ տաբատ, սեւ կաշվե բաճկոն, բնականաբար, հաջորդ հավաքածուներում նվազում են ակտիվ գույնի տաբատները: Հավատացեք, եթե բրենդները պայմանագրերով պարտավորված չլինեին խանութում ներկայացնել նվազագույն չափով թրենդային նմուշներ, մեր խանութները միայն սեւ գույներով լցված կլինեին: Կան 4 հարկանի խանութներ, կան շատ փոքր, ինչպիսին երեւանյան խանութներն են, եւ հնարավոր չի լինի այդ տարածքում ներկայացնել ողջ հավաքածուն: Ուստի ստանում ենք այնքան, որքան հնարավոր է տեղավորել:


- Ինչո՞ւ են բրենդային խանութներում փոփ երգեր հնչում:

- Երիտասարդական խանութներում հնչում է փոփ, պարային, բարձր տրամադրություն ստեղծող երաժշտություն: Շատերի համար շոփինգն անտիսթրես է: Մարդիկ գալիս են գնումների` լիցքաթափվելու: Փորձում ենք այնպես անել, որ ոչ մեկը վատ տրամադրությամբ դուրս չգա խանութներից: Երբ մտնում ես մի վայր, որտեղ ամեն ինչ պասիվ է, երաժշտությունը վատն է, ցածր է, չես տրամադրվում գնումների: Իսկ երբ ամեն ինչ վառ է, երաժշտությունը տրամադրող, գնումներն ավելի հաճույքով ես անում:
Իսկ մեծահասակների համար նախատեսված խանութներում, եթե նկատել եք, նման երգեր չեն հնչում, բայց կրկին ապահովվում է ակտիվ ֆոն:

Երաժշտությունը նույնպես վերահսկվում է բրենդի կողմից: Ֆրենչայզ պայմանագրերի մեջ հաճախ նշվում է, որ երաժշտությունը պետք է գնված լինի իրենցից: Կան բրենդներ, որոնք ուղարկում են CD-ներ, որոնք պետք է միացնել խանութում, կան բրենդներ, որոնք ունեն ռադիոալիքներ եւ խանութում պետք է հնչի այդ ռադիոալիքը:


- Ինչպե՞ս հետ վերադարձնել գնված ու հագած զգեստը:

- Պետք չէ այդպես անել:): Խնդրում եմ, մի արեք այդպես: Իհարկե, ամբողջ աշխարհում կա այդ երեւույթը, երբ հագուստը հագնում են, հետո հետ են վերադարձնում, բայց պատկերացրեք, որ ձեզ վաճառեն մի նմուշ, որը ձեզնից առաջ հագած լինեն: Դա վատ է ոչ միայն ձեզ համար, այլեւ՝ բրենդի, որովհետեւ մարդը կարող է մեկ նմուշով կարծիք կազմել բրենդի մասին, ինչը վնասում է իմիջին:

Բրենդ մենեջեր Նարինե Սիմոնյանը


Որպեսզի հագած հագուստը hետ չվերադառնա, խանութի աշխատակիցները որոշակի պատրաստվածություն են անցնում, որ առաջին հայացքից հասկանան՝ հագած է, թե ոչ: Բայց հավատացեք, որ հաճախ հեռվից էլ զգացվում է, որ հագուստը հագել են: 14 օրերի ընթացքում, օրենքի համաձայն, մենք պարտավոր ենք հետ ընդունել կամ փոխանակել գնված ապրանքը, եթե ապրանքային տեսքը պահպանված է, պիտակներն ու կտրոններն առկա են:


- Կա՞ ապրանքը գնող ու պարբերաբար վերադարձնող մարդկանց սեւ ցուցակ:
- Կան մարդիկ, ովքեր խանութներում հաճախ են լինում. ինչ գնում են, այն վերադարձնում են: Իրենց ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերին մենք հետեւում ենք, տեսնում ենք, թե հետ վերադարձրած ապրանքով նախօրեին ինչ միջոցառման են մասնակցել, ուր են գնացել: Մարդը գալիս է, էմոցիոնալ ներկայացնում է, որ երբեք չի հագել, ու հետո տեսնում ես, որ Ինստագրամում այդ հագուստով նկար է հրապարակել: Երեւանը փոքր է:):

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին