×


Գործագործ. «Չեմ հասկանում, երբ ասում են՝ ինձ սիրուն կնկարե՞ս. սիրունը դատարկ է, երբ չկա էմոցիա»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանի հետ:

- Ինչո՞ւ դիմել լուսանկարչին, եթե կա սմարթֆոն:
- Ինքս էլ հաճախ սմարթֆոնով եմ նկարում ճանապարհորդության ժամանակ կամ նման մի իրավիճակում, երբ ֆոտոխցիկը հանել չես ուզում, բայց կա որեւէ պահ, էմոցիա ֆիքսելու ցանկություն: Ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ մարդիկ սմարթֆոնով նկարում են: Ինստագրամում նման թեգերով լուսանկարներ կան, որ ֆոտոն արված է սմարթֆոնով, երբեմն այնքան լավ կադրեր են լինում, որ զարմանում եմ, որ նման կադր են ստացել հեռախոսով:

Իսկ դիմել լուսանկարչին պետք է ոչ միայն լավ տեխնիկայի, որակյալ նկարների համար, այլ՝ կոնցեպտի, գաղափարի, ռակուրսներ ընտրելու հմտության եւ մի շարք այլ մանրուքների համար: Մրցակցել սմարթֆոնի՞ հետ… Պետք է ընդունել բոլոր տեխնիկաների գոյությունը, բայց ոչ մրցակցել:

- Ով ֆոտոխցիկ ունի լուսանկարի՞չ է:
- Ինչ-որ տեղ` այո: Շատ լավ է, որ մարդիկ ֆոտոխցիկ են գնում, նկարում են, իրենց համարում են լուսանկարիչ, դա շատ «թույն» է: Ես շատ եմ լսել քննադատություն, որ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչները հարթակներ են ստեղծում, Ֆեյսբուքում էջեր են բացում, կիսվում են իրենց նկարներով, փորձով: Ես այդ ամենը քննադատողների շարքում չեմ, շատ ուրախ եմ, որ մարդիկ այդքան վարակված են լուսանկարչությամբ:

Լիլիթ Յունի Ղազարյանը


Հաճախ լսում եմ, երբ լուսանկարիչներն իրար մեջ զրուցում են, որ ծառայության գինն ընկնում է, երբ կան այսքան շատ «ֆատոգռաֆռներ»: Բայց կարծում եմ, որ լավ որակը, լավ գաղափարը, ճիշտ մոտեցումը միշտ գնահատվում են բարձր՝ անկախ նրանից, թե շուկայում քանի դրամով է սկսվում մեկ լուսանկարի գինը:

Պետք չէ որեւէ մեկին ապացուցել, որ դու լավն ես կամ վատն ես: Մարդիկ ունակ են գնահատել ըստ արժանվույն: Նայելով քո աշխատանքները` նրանք արդեն մոտավոր պատկերացնում են, թե ինչպես ես աշխատում եւ որքանով:

- Ինչո՞ւ են ֆոտոշարքերը թանկ:
- Որովհետեւ անմարդկային թանկ է տեխնիկան, տարիներիդ փորձը: Իհարկե, լինում են դեպքեր, երբ առաջարկում են ցածր գնով ֆոտոշութեր անցկացնել, ուզում են 10.000 դրամով լուրջ նկարահանում ու հետո էլ հարցնում են՝ «Մոդելն էլ է, չէ՞, այս գնի մեջ մտնում»: Չէ, չի կարող տենց բան լինել:):

- Ինչո՞ւ են աղջիկները սիրում լուսանկարվել:
- Չգիտեմ:): Ես չեմ սիրում:

Լիլիթ Յունի Ղազարյանը


- Չե՞ն ասում՝ «Ինձ սիրուն կնկարես, էլի»:
- Օհ, կանանց հետ աշխատելը շատ բարդ է: Լինի մոդել, թե պարզապես անցորդ, բոլորն ուզում են սիրուն դուրս գալ: Բայց ինձ համար ավելի տարօրինակ է, որ ասում են՝ «Ինձ էս ռակուրսով կնկարե՞ս, էս իմ սիրուն կողմն ա»: Չէ, թողեք ես որոշեմ՝ որ ռակուրսով նկարել, ես լուսանկարիչ եմ, սա իմ աշխատանքն է, ես տեսնում եմ, արի ինձ մի ասա, վստահիր ինձ, եւ ես այնպես կնկարեմ, որ հավանես: Բացի այդ, ինձ հասկանալի չէ՝ որն է սիրունը: Ես կարեւորում եմ բնավորությունը, ապրումները, բնականը: Սիրունը դատարկ է, երբ չկա էմոցիա, չկա գաղափար:

- Լուսանկարի՞չն է ասում, թե ինչ կեցվածք ընդունի մոդելը:
- Ոչ, ոչ, ոչ... Լուսանկարիչը չպետք է մոդելին ասի, թե ինչպես կանգնի: Դա իրենց մասնագիտությունն է, իրենց աշխատանքը: Գալիս ես մոդելին տեսնելու, ու նա հարցնում է՝ «Ի՞նչ անեմ»: Դու ներկայացնում ես կոնցեպտը, շարքի տրամադրությունը, որը կոչվում է «mood board», եւ մոդելը դրան համապատասխան կեցվածքներ է ընդունում: Բայց Հայաստանում դա չի աշխատում, չկա, սկսում ես իրենց կեցվածքներ ցույց տալ, ասել, թե ոնց շարժվեն, հակառակ դեպքում ֆոտոշարքը կտապալվի:

- Որտեղի՞ց գտնել այդքան գաղափար:
- Չգիտեմ: Երբ դու ունես լուսանկարելու քո ոճը, քո բնավորությունը, քո ձեռագիրը, ամեն ֆոտոշութից հետո ոգեշնչվում ես: Ոգեշնչվում ես մարդկանցից, արվեստից…

- Լուսանկարչության բազում ճյուղեր կան` նորաձեւություն, հարսանիք, սնունդ եւ այլն: Լուսանկարիչը պետք է այս բոլորը կարողանա նկարե՞լ:
- Իդեալական կլինի, եթե խորանաս ճյուղերից մեկում ու մասնագիտանաս հենց այդ նկարահանումների համար: Բայց Հայաստանում, եթե դու լուսանկարիչ ես, ամեն ինչ նկարում ես` հարսանիք, ուտեստներ, նորաձեւություն եւ այլն:

Լիլիթ Յունի Ղազարյանը


- Ինչո՞ւ են լուսանկարիչները խուսափում հարսանիք նկարելուց:
- Բարդ հարց է:): Գուցե այդ բարդույթը նրանից է, որ մարդիկ լուրջ չեն ընկալում քեզ, երբ տեսնում են, որ դու հարսանիք ես նկարում։ Իրականում հարսանեկան լուսանկարչությունը դոկումենտալ ժանրի լուրջ հմտություններ է պահանջում։ Այնպես որ, չարժե ամաչել նրանից, ինչ անում ես:

- Canon, թե՞ Nikon:
- Leica:): Ես Canon-ով եմ աշխատում, ինձ դուր են գալիս Canon-ի գույները:

- Լուսանկարիչը պե՞տք է իմանա Photoshop:
- Այո: Հատկապես, երբ աշխատում ես կոմերցիոն ոլորտում, առանց դրա հնարավոր չէ: Այլ հարց է, որ պետք է դա անես այնպես, որ մարդիկ չհասկանան, որ photoshop է: Ընդունված պրակտիկա է ֆոտոգործակալություններում կամ ընկերություններում, երբ լուսանկարիչներն անձամբ photoshop չեն անում. իրենք նկարում են, նյութերը հանձնում խմբագրին, խմբագիրն էլ մշակում է նկարները: Բայց մեզ մոտ հիմնականում լուսանկարիչն ամեն ինչ անում է՝ photoshop, make up, եղել է դեպք, որ ես օգնել եմ մոդելին անգամ զգեստավորվել:

- Որտե՞ղ սովորել լուսանկարչություն:
- Բազմաթիվ դասընթացներ կան, որտեղ կարելի է սովորել: Բայց ֆոտոխցիկի գործառույթներին տիրապետելուց բացի, այս գործում շատ կարեւոր է կադր տեսնելու ունակությունը:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին