×


Գործագործ.«Տատիկիս ասում եմ՝ «կամպյուտերի գործ եմ անում», ոմանց էլ ասում եմ՝ «էջի ռասկրուտկա»». Ո՞վ է քոփիրայթերը

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք քոփիրայթեր (copywriter) Լիլիթ Միդոյանի հետ:



- Ի՞նչ է copywriting -ը, ինչո՞վ է զբաղվում copywriter-ը:
- Copywriting-ը գովազդի կամ հրապարակային նյութի տեքստը գրելու գործունեությունն է: Հայաստանյան բուհերում նման ֆակուլտետ կամ դասավանդվող առարկա չկա, բայց սա ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտություն է: Copywriting-ը, որպես առանձին մասնագիտություն, ի հայտ է եկել ժամանակի ընթացքում, երբ զարգացավ հատկապես գովազդային, մարքեթինգային շուկան: Անհրաժեշտ էր մեկը, ով կգրի վաճառվող կամ ներկայացվող ապրանքի մասին տեքստ` մարքեթինգային արշավների, կայքերի, գովազդային վահանակների եւ այլ գովազդի տեսակների համար: Հայկական շուկայում բոլորը փնտրում են ունիվերսալ մեկին, ով նկարում է գովազդ, դրան կից տեքստ գրում, տարածում սոցիալական ցանցերում: Ժամանակի ընթացքում այս բոլոր գործառույթներն առանձնացան՝ մեկը դարձավ SMM մասնագետ, մյուսը՝ SEO, մեզ էլ կոչեցին copywriter-ներ:

- Ինչո՞վ է քո գրած տեքստը տարբերվում լրագրողական նյութից:
- Լրագրողն իր նյութը վաճառելու նպատակ չունի: Ես գրում եմ, որ բրենդը ճանաչելի դառնա, ապրանքը վաճառվի: Լրագրողը կարող է երկխոսության մեջ չմտնել ընթերցողի հետ, իսկ քոփիրայթերը պետք է գրի այնպիսի տեքստեր, որոնք երկխոսություն կծավալեն բրենդի ու հաճախորդների միջեւ: Դու ուսումնասիրում ես բրենդը, բրենդի պատմությունը, շուկան, մրցակիցներին, ուսումնասիրում ես թիրախը, ընտրում ես հաճախորդների հետ շփվելու համապատասխան լեզու, ոճ։

- Չկա՞ն կախարդական բառեր, որոնք միշտ գրավում են մարդկանց, ինչպես, օրինակ` «աննախադեպ» կամ «ամենաորակյալ»:
-Բանալի-բառեր կան ամենուր:): Բայց տեքստ ձեւավորելու վրա ազդեցություն են ունենում հիմնականում թրենդները: Մեկ էլ տեսնում ես բոլոր ռեստորանները սկսում են հաճախորդի հետ «դու»-ով խոսել, որովհետեւ մեկն արել է, ու դա աշխատել է, բայց հաշվի չեն առնում, թե ով է հաճախորդը. գուցե իրեն առհասարակ դուր չի գալիս «դու»-ն եւ նախընտրում է «Դուք»-ը: Այնինչ պետք է ուսումնասիրել հաճախորդներին, անգամ առանձնացնել հավատարիմ հաճախորդներին պոտենցիալ հաճախորդներից: Ըստ այդմ` ընտրվում է ոճը եւ տեքստը գրվում է համապատասխան:


- Վաճառող տեքստերը ստո՞ւմ են: Խաբո՞ւմ եք հաճախորդին` ներկայացնելով միայն լավը:
- Տեխնիկապես ոչ ոք չի ստում:): Իրավունք էլ չունեն, որովհետեւ տնտեսական մրցակցությունը վերահսկող կառույցներ կան։ Բայց մասնագետներն ընտրում են բնութագրերը լղոզելու պրակտիկան, կարեւոր ինֆորմացիան անտեսանելի տառատեսակով գրելու պրակտիկան եւ այլն։ Օրինակ, Reebok-ի գովազդային նոր արշավը: Իրենք շեշտը չեն դնում նիհար ու սլացիկ մարմնով աղջիկների վրա, փոխարենը ցույց են տալիս իրական ուժեղ կանանց` ուժեղ տեքստերով: «Ծիտ» աղջիկներով գովազդը միշտ հեշտ է: Ամեն դեպքում բրենդն է որոշում՝ անկեղծ լինել հաճախորդի հետ, թե ոչ:

- Քոփիրայթերը պե՞տք է կարողանա գրել ցանկացած ոլորտին վերաբերող տեքստ:
- Յուրաքանչյուրն իր նախասիրություններն ունի: Պարտադիր չէ: Նույնն է, որ լրագրողը գրի ե՛ւ շոու բիզնեսի մասին, ե՛ւ քաղաքականության: Կան, իհարկե, այնպիսի լրագրողներ, ովքեր ամեն ինչ գրում են, բայց կան իրենց ոլորտներում մասնագիտացածները: Երբ որեւէ ոլորտում ես խորանում, դա ավելի լավ է ստացվում:

- Իսկ հաճախորդները չե՞ն ասում՝ դե, որ գրում ես, մի հատ էլ «Ֆեյսբուքում» հրապարակի ու գովազդ միացրու:
- Օհ, դա շատ լուրջ խնդիր է:): Մարդիկ դիմում են, բայց չեն պատկերացնում, թե որն է քո դերն այս աշխարհում: Խոսում ես նրանց հետ, որ հասկանաս, թե ինչ են ուզում, մեկ էլ պարզվում է, որ ուզում են մեկին, ով ամեն ինչ կանի՝ կպատասխանի հաճախորդների նամակին, կգտնի լուսանկարիչ, որ նկարներ արվեն, SMM կանի եւ այլն:


- Ինչպե՞ս բացատրել տատիկին, թե ով է քոփիրայթերը:
- Տատիկիս ասում եմ՝ «կամպյուտերի գործ եմ անում»: Մարդիկ կան՝ իրենց ասում եմ՝ «էջի ռասկրուտկա եմ անում»: Ու հենց ռուսերենով, հենց այս բառերով:): Բայց սա միայն մեծահասակների խնդիրը չէ. մեկ էլ լսում եմ երիտասարդներն ասում են՝ «հա, դե, ի՞նչ ես անում որ, մի հատ փոսթ չե՞ս անում»: Ես փորձում եմ բացատրել, որ` ոչ, ես գտնում եմ Ֆեյսբուքի հազարավոր մարդկանց մեջից մեր հաճախորդներին, գիտեմ, թե նրանց գտնելու համար ինչ տեսակ գովազդ դնել, ինչքան գումար ծախսել, որ լեզվով նրանց հետ խոսել, ինչ բառերով: Բայց երկար բացատրելուց հետո էլի լսում եմ՝ «Հա, այսինքն` մենակ փոսթ ես անում»: Ավելի ահավոր մի արտահայտություն կա, որ ասում են՝ «Էդ ես էլ կարամ անեմ»:

- Ինչպե՞ս գտնել քոփիրայթերին, եթե մեծ մասն աշխատում է ազատ գրաֆիկով:
- Ճանաչելով: Մեկը մյուսին ասում է:):

- Կարո՞ղ ես Խաղաղ օվկիանոսի ափին կոկտեյլ խմելով աշխատել:
- Այո, սա աշխատանքի հաճելի կողմերից մեկն է: Բայց եթե չես կառավարում ժամանակդ, սկսում է խանգարել քեզ: Մի պահ եկավ իմ կյանքում, որ սրճարաններից էի աշխատում կամ տանը, այնքան շատ նախագծեր էի վերցրել, որ չէի հասցում ու ստիպված համակարգիչս հետս տանում էի ծնունդի կամ ընկերերիս հետ հանդիպման, որ այնտեղից աշխատեմ: Սա նորմալ չէ, պետք է թայմ մենեջմենթ անել ու լավ գումարով վաճառել քո ժամանակը, այլապես անձնական կյանքդ խառնում ես աշխատանքայինի հետ։

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին