×


Երեւանի կենտրոնում տեղադրվել է “Վարք հավերժության” քանդակը

Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում տեղադրված “Վարք հավերժության” անունը կրող բրոնզաձույլ, 3 մետր բարձրությամբ քանդակը տեսե՞լ եք:):  “Մշո ճառընտիր” մատյանը խորհրդանշող քանդակը Դավիթ Երեւանցու նվերն է Հայաստանին՝ հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ:

Երեւանում տեղադրվել է “Վարք հավերժության” քանդակը


Քանդակը ձուլվել է Պրահայում`մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ, ճարտարապետը Ռուբեն Հասրաթյանն է:  Քանդակի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ գրքի մայրաքաղաքի հյուրերը:

Քանդակագործ Դավիթ Երեւանցին իր ուրախությունն է հայտնել արձանի բացման առթիվ, նշել, որ դրա վրա աշխատել է շուրջ  2 տարի: Հուշարձանը կոչված է մեծարելու հայ կնոջը՝ ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած բացառիկ դերակատարման համար:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշել է, որ տարիներ առաջ բացված  Վիլյամ Սարոյանի արձանը կրկին ֆրանսաբնակ Դավիթ Երեւանցու կատարած աշխատանքն է:

“Վարք հավերժության” քանդակի հեղինակ Դավիթ Երեւանցին


“Մշո ճառընտիրը” հայերեն մագաղաթյա ամենամեծ ձեռագիր մատյանն է: Այն գրվել եւ ծաղկվել է 1200-1202 թվականներին Երզնկայի Ավագ վանքում `Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը: Երեւանի “Մշո ճառընտիր”-ն ի սկզբանե ունեցել է 660 թերթ: Մատյանը մշակվել է 1 ամսական հորթի կաշվից, քաշը 28 կգ է: Ձեռագիրը, ըստ տարվա տոների, ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների ու ներբողների ժողովածու է, որի համար կոչվում է նաեւ “Տոնական”:

Մատյանն 1202-ին հափշտակվել է Բաբերդի այլազգի դատավորը եւ երկու տարի Խլաթում թաքցնելուց հետո`1204 թվականին, 4000 արծաթով վաճառվել է Մշո առաքելոց վանքին: Մինչ 1915 թվականը ձեռագիրը պահվել է վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայուհիներ մատյանը երկու մասի են բաժանել եւ հասցրել Հայաստան:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW