×


Երեւանի օպերային թատրոնը հանդես կգա Դուբայում

Սեպտեմբերի 6-15-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում՝ ներկայացնելով Բիզեի «Կարմեն» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» հանրահայտ օպերաները:

Ժամանակակից շնչով բեմադրված «Կարմենը» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) կցուցադրվի երեք օր անընդմեջ՝ սեպտեմբերի 6-ին, 7-ին եւ 8-ին։ Բացման երեկոյի աստղբույլի մեջ են անվանի սոպրանո Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), տենոր Հովհաննես Այվազյանը (Դոն Խոսե), Մերի Մովսիսյանը (Միքայելա), Գեւորգ Հակոբյանը (ցլամարտիկ Էսկամիլիո) եւ անվանի այլ մենակատարներ, ինչպես նաեւ օպերային թատրոնի հայտնի երգչախումբը։


Դուբայի հանդիսատեսը այդ օրերին կտեսնի տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձեւավորմամբ, եւ չափազանց ներշնչող բեմ թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Այդ ամենն էլ ավելի կմեծացնի ներկայացման փայլն ու որակը։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։

«Բառեր չկան նկարագրելու այն ոգեւորությունը, որ մենք զգում ենք՝ նախապատրաստվելով Դուբայի օպերային թատրոնի հեղինակավոր բեմում մեր ներկայացումներին»,- նշել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ հավելելով.«Մեր անվանի մենակատարների, մեր հրաշալի երաժիշտների, երգչախմբի, դիզայներների հետ ուրախ եմ Դուբայում ներկայացնելու իմ հայրենիքը՝ Հայաստանը, համընդհանուր լեզվի՝ օպերայի միջոցով։ Չափազանց գոհ եմ, քանի որ մեր ներկայացումները Դուբայի օպերային թատրոնում կհանդիսանան իբրեւ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն։ Այսօր առավել, քան երբեւէ ես հպարտ եմ Երեւանի օպերային թատրոնի ամեն մի անդամի տաղանդով ու պրոֆեսիոնալիզմով։ Ինձ համար մեծ պատիվ է նման ներկայացուցչական հաստատության ղեկավարումը»։

Երկրորդ ներկայացումը՝ Մոցարտի «Կախարդական սրինգը», Դուբայի օպերային թատրոնում բեմ կբարձրանա հաջորդ շաբաթ, կրկին իրար հաջորդող 3 օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին։Ներկայացման հագուստների տպավորիչ ձեւավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպազին։ Ներկայացման բեմադրությունը կատարել է իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեն։


«Կախարդական սրինգ»-ում հանդես են գալու օպերային թատրոնի լավագույն արտիստներն ու երիտասարդ ուժերը՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիպարիտ Ավետիսյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Ալինա Փահլեւանյանը եւ օպերային թատրոնի հայտնի այլ մենակատարներ։

Դուբայի օպերային թատրոնի գործադիր տնօրեն Ջասպեր Հոփեն նկատել է, որ սեպտեմբերին Դուբայի հանդիսատեսը կվայելի երբեւէ գրված երկու հզոր օպերա, երկու հրաշալի ներկայացում Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ։

Տեքստը եւ լուսանկարները՝ Երեւանի օպերային թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին