Էլիզաբեթ 2-րդն արդեն 60 տարի կառավարում է Միացյալ Թագավորությունը: Մեծ Բրիտանիայի թագուհու գահակալության ադամանդե հոբելյանը նշվել է նաեւ Երեւանում:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Լիչն իրենց փոքրիկ դստեր հետ
Հայկական արմատներ ունեցող բրիտանացի գործարար Ռոբերտ Թաթեոսյանի հիմնած “Tateossian London”-ի երեւանյան խանութ-սրահում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Լիչը, դեսպանատան աշխատակիցներ, Մեծ Բրիտանիայում կրթություն ստացած հայ ուսանողներ ու այլ հյուրեր:
“Tateossian London”-ում ցուցադրվել է թագուհու ադամանդե հոբելյանի առիթով ստեղծված հավաքածուն
Այժմ խանութ-սրահում նաեւ ցուցադրվում է թագուհու ադամանդե հոբելյանի առիթով ստեղծված նոր հավաքածուն: Զարդերը դիտելուց ու գնահատելուց հետո ներկաները մասնակցել են խաղարկության` կարմիր թղթերի վրա գրելով իրենց անունները: Դեսպան Քեթրին Լիչի դուստրն ապակե տարրայից հանել է երկու հոգու անուն, որոնք խանութի կողմից որպես նվեր ստացել են ապարանջան:
Թագուհու ադամանդե հոբելյանի երեւանյան երեկույթի մասնակիցները
“Լոնդոնում մեծ հանդիսությամբ նշում են հոբելյանական տարին: Սա էլ սիմվոլիկ միջոցառում է առանց թագուհու ներկայության: Վերջին տարիներին Երեւանում նշում են նաեւ թագուհու ծննդյան օրը”,- նշել է խանութի մենեջեր Արեւիկ Մանուկյանը:
Թեեւ Էլիզաբեթ 2-րդի գահին բարձրանալը տեղի է ունեցել 1952 թվականի փետրվարին, բայց ավանդույթի համաձայն՝ թագավորական ընտանիքի հետ կապված տոնակատարությունները տեղի են ունենում հունիսին: Նշենք, որ Էլիզաբեթ 2-րդի գահակալությունը երկարներից է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Նրա օրոք Մեծ Բրիտանիայում փոխվել է 12 վարչապետ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/


×
5,750






