×


Զեմֆիրան Թբիլիսիում “փոթորիկ” արեց, հիմա էլ գալիս է Երեւա՞ն:)

Զեմֆիրան՝ հրաշալի վոկալով, խենթացնող երաժշտությամբ, երգերի՝ սրտից բխող, ապրված բառերով, իդեալական իր ոճի մեջ, մարտի 31 համերգ տվեց Թբիլիսիում՝ վրացի, հայ, ռուս, ուկրաինացի եւ այլ ազգերի ներկայացուցիչ երկրպագուների համար, որոնք եկել էին կենդանի հնչողությամբ վայելելու սիրված երգչուհու արվեստը:

Զեմֆիրայի թբիլիսյան համերգին


Ռուսաստանյան 35-ամյա հայտնի երգչուհին “Տրիումֆ” ակումբում հանդես է եկել նոր երգերով, հին ու սիրված հիթերով, որոնք ներկայացրել է նաեւ նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ: Հանդիսատեսը բուռն, բղավոցներով, ինչպես նաեւ էմոցիոնալ պոռթկումներով է արձագանքել իր հնչեցրած բոլոր գործերին:):

Սպասված  համերգին, ինչպես համերգի կազմակերպիչ “MS Company”-ից են BRAVO.am-ին տեղեկացրել, ներկա է եղել մոտ 300 հայ, ինչը կազմել է ներկաների 25 տոկոսը:

Զեմֆիրայի թբիլիսյան համերգին


Զեմֆիրան գինի է խմել բեմին, ամբողջ համերգի ընթացքում չի խնայել ջանք ու եռանդ լավագույնս ներկայանալու համար, կարողացել է փոխանցել իր էներգիան ոտքի վրա իրեն հետեւող, ձայնակցող հանդիսատեսին, միայն բողոքել է թբիլիսյան ակումբում “օդ չլինելուց”՝ մտահոգվելով նաեւ ներկաների ինքնազգացողության մասին: 

Երգչուհուն, ինչպես նաեւ հանդիսատեսին գոհացրել է նաեւ բենդը. տղաներն իրենց հնչեցրած երաժշտությամբ էլ ավելի տպավորիչ են դարձրել Զեմֆիրայի ելույթը:

Զեմֆիրայի թբիլիսյան համերգին


Ուրախությամբ նշենք, որ Զեմֆիրան երեք անգամ “բիս”-ի է դուրս եկել, “Хочешь” երգի ժամանակ իր հետ հավասար երգել են ակումբում ներկա գրեթե բոլորը: Երգչուհին կատարել է նաեւ “Мы разбиваемся” գործը, որը, ինչպես ինքն է նշել, վաղուց չէր երգել համերգներին:

Ի դեպ, լուրեր են պտտվում, թե Զեմֆիրան համերգով հանդես կգա նաեւ Երեւանում, ինչի առիթով երգչուհու հետ բանակցություններ են վարել նաեւ թբիլիսյան համերգից հետո, ինքն էլ չի բացառել իր երեւանյան հնարավոր ելույթը, եթե տարածքի հետ կապված եւ այլ խնդիրներ չլինեն: Նշենք սակայն, որ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած համերգի կազմակերպիչները մեզ հետ զրույցում չեն հաստատել այդ բանակցության մասին խոսակցությունները:

Տեքստը՝  Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արփի Բեգլարյանի






Կարդալ ավելին

Quality Sign BW