×


Էլբակյանը հուզվեց Սունդուկյանում պրեմիերայի ավարտին

«Հարսնացուն հյուսիսից» սիրված ներկայացումը տարիներ անց կրկին Մայր թատրոնի բեմում է: Ժորա Հարությունյանի հայտնի պիեսին նոր կյանք է հաղորդել ռեժիսոր Արմեն Էլբակյանը` բեմադրելով նոր քնարական կատակերգություն: Այն նվիրվում է Ժորա Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի եւ Վարդան Աճեմյանի հիշատակին: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած պրեմիերային ներկա էին ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը, նախկին նախարար Արմեն Ամիրյանը, դերասաններ, ռեժիսորներ եւ արվեստի ու մշակույթի այլ գործիչներ:

Ավելի քան երկու ժամ տեւողությամբ ներկայացումը նորովի է անդրադառնում այն խնդիրներին ու երեւույթներին, որ ներկայացված են պիեսում: Արմեն Էլբակյանը նշում է՝ նախապես մտադրություն կար վերականգնել Վարդան Աճեմյանի բեմադրությունը, բայց դա անհնար էր մի քանի պատճառներով.«Նախ՝ հնարավոր չէր վերականգնել ոչ միայն դերակատարների առումով, այլեւ ժամանակի, տեմպ ու ռիթմի, մտածողության առումով, բացի այդ, ես դա պարզապես չէի կարող անել: Ես նոր բեմադրություն եմ արել, որտեղ նոր տեսարաններ կան հնարված: Ասեմ՝ ներկայացումը բոլորովին նման չէ նաեւ ֆիլմին: Ֆաբուլան պահպանված է, բայց ներկայացումն ուրիշ է: Արդիական է, թե` ոչ, կհավանեն, թե չեն հավանի՝ թողնում եմ հանդիսատեսի դատին»:

«Հարսնացուն հյուսիսից» ներկայացման պրեմիերային


Ինչպես նկատեց պարոն Էլբակյանը, ներկայացումն արդիական է նաեւ այսօր: Պիեսում ներկայացվում է երկու տարբեր մշակույթների, սովորույթների, աշխարհի ու բարոյականության մասին իրենց պատկերացումներն ու տեսակն ունեցող մարդկանց հանդիպումը: Նրանց հանկարծ միավորում է սերը, բարոյականությունը, պարզությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսի ժամանակներում են ապրում եւ ինչ է պահանջվում նրանցից՝ միասին համակեցություն ունենալու համար: Սյուժեն հետեւյալն է՝ հայկական գյուղերից մեկում ապրող ընտանիքը նամակ է ստանում Ռուսաստանում գտնվող որդուց, որը հայտնում է , թե պատրաստվում է ամուսնանալ: Մուրադի եւ Արուսյակի գլխավորությամբ հայ ընտանիքը մեկնում է Ռուսաստան՝ հարսնացու բերելու: Բոլոր այս տեսարանները համեմված են հումորով եւ հին ու նոր երաժշտական լուծումներով:

Ի դեպ, ներկայացման մեջ օգտագործված են Առնո Բաբաջանյանի ոչ միայն այն ստեղծագործությունները, որոնք գրված են հատուկ այս գործի համար, այլեւ մի քանի այլ ստեղծագործություն եւս: Բեմադրության լեզուն հայերենն է, թեեւ պատկերներն այնպես են ստեղծված, որ հանդիսատեսի մոտ տպավորություն է առաջանում, թե երկու ընտանիքները միմյանց հետ ռուսերեն են խոսում: Իհարկե, որոշ ռուսերեն արտահայտություններ հնչում են երկու կողմից էլ, որոնք ամբողջացնում են միջավայրն ու տպավորությունը:

Մեսրոպ Աբտոյանը եւ Գնել Ուլիխանյանը


Նշենք նաեւ, որ Մուրադի դերում հանդես է գալիս Արմեն Մարությանը, Արուսյակի դերում՝ Աննա Էլբակյանը: Նիկոլայ Պետրովիչին եւ Նատալյային մարմնավորում են Արմեն Մարգարյանն ու Ալլա Վարդանյանը, իսկ երիտասարդ սիրահարներ Արտակի եւ Վալյայի կերպարներում Մեսրոպ Աբտոյանն ու Տաթեւիկ Հոռոփյանն են: Մյուս դերերում հանդես են գալիս Գնել Ուլիխանյանը, Գեւորգ Դոդոզյանը, Ալեքսան Թադեւոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Լուսինե Կոստանյանը, Արաքսյա Մելիքյանը եւ այլք: Հանդիսատեսի բուռն ծափերն ու ծիծաղը վկայում էին, որ նրանք կարողացել են հաջողությամբ մարմնավորել սիրված կերպարներին եւ փոխանցել պիեսի ասելիքը:

Արմեն Էլբակյանն ընդգծում է՝ եթե հետադարձ հայացք չնետենք մեր անցյալին, ապա ներկան էլ չենք հասկանա, եւ այդ առումով կարեւոր է «Հարսնացուն հյուսիսից» բեմադրության ներկայությունը հայ թատրոնի բեմում.«Այս աշխարհում իրար մերժող մշակույթներն անգամ պիտի ելք գտնեն, թե ինչպես ապրեն, որ հավիտյանս հավիտենից խաղաղություն լինի աշխարհում: Եթե չլինի մարդու եւ մերձավորի հանդեպ սերն ու փոխադարձ հարգանքը, ապա այս աշխարհը կկործանվի: Հենց սրա մասին է պիեսը, որ գրված է պարզությամբ եւ առանց սեթեւեթանքի: Հենց այդ պատճառով էլ այն բարձրանում է ակադեմիական թատրոնի բեմահարթակ: Վստահ եմ, որ հանդիսատեսը կսիրի այս ներկայացումը»:

«Հարսնացուն հյուսիսից» ներկայացման պրեմիերային


Միջոցառման ավարտին նրան ծաղիկներ նվիրեց Ժորա Հարությունյանի դուստրը, ինչն Արմեն Էլբակյանին ստիպեց հուզվել եւ երջանկություն, սեր ու խաղաղություն ցանկանալ մեր երկրին.«Սա լավագույն գնահատականն էր, որ կարող էր լինել իմ բեմադրության համար»,-հավելեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին