×


Էվա Խաչատրյանը՝ «Պատվից առավել» սերիալում իր դերի եւ խաղընկերների մասին

Էվա Խաչատրյանը միացել է «Պատվից առավել» հեռուստասերիալի մեծ թիմին եւ նկարահանվում է նախագծի երկրորդ եթերաշրջանում: Իսկ մինչ առաջարկը դերասանուհին Կամերային թատրոնի ստեղծագործական կազմի հետ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմամբ մասնակցել է Գդանսկի Շեքսպիրյան փառատոնին:

«Աշխարհի ամենագեղեցիկ թատրոններից մեկում խաղացինք մեր ներկայացումը, այնուհետեւ եղավ ասուլիս, որի կազմում շատ հայտնի շեքսպիրագետներ էին: Գովեստի բազմաթիվ խոսքեր լսեցինք: Մեր ներկայացումը մրցութային չէր, մենք հրավիրվել էինք մասնակցելու փառատոնին: Ուրախ եմ, որ մեր մասին բազմիցս խոսվել է, նույնիսկ հոդվածներ են եղել: Մեծ պատիվ էր լինել այդ թատրոնում, ըստ արժանվույն ներկայանալ եւ լավ տպավորություններ թողնել»,-ասել է Էվան եւ ավելացրել.«Որոշ դերասաններ, այդ թվում՝ նաեւ ես, արժանացանք շատ լավ խոսքերի, նույնիսկ առաջարկում էին գնալ եւ սովորել այնտեղի համալսարաններից մեկում: Այս փառատոնը բավական հետաքրքիր հետք թողեց»:

Էվա Խաչատրյանը


Վերադառնալուց հետո Էվան առաջարկ է ստացել նկարահանվել սերիալում. «Այս շրջանում նոր ներկայացում ենք պատրաստում Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում, որում ընդգրկված են Մկրտիչ Արզումանյանը, Վիկտորիա Սահակյանը, Լեւոն Հարությունյանը եւ այլք: Հումորային հետաքրքիր ներկայացում է սպասվում: Եվ քանի որ քաղաքում էի լինելու, համաձայնեցի եւ սիրով ընդունեցի իմ շատ սիրելի Ելենա Արշակյանի առաջարկը: 5-րդ սերիայից կլինեմ «Պատվից առավել» սերիալում: Կերպարիս մասին շատ խոսել չեմ կարող. բժշկուհի է: Բավական հետաքրքիր է կերպար է՝ իր զարգացումներով»:

Խոսելով խաղընկերների մասին՝ դերասանուհին ասել է.«Նախկինում Ալեքսանդր Բաբասյանի հետ աշխատել եմ «Կայարան» սերիալում. քույր եւ եղբայր էինք: Նոր դերասանների հետ եւս աշխատելու եմ այս նախագծում, միշտ ուրախանում եմ նոր միջավայրից, նոր տրամադրություններից, փոխհարաբերություններից, նոր կերպարներ ստեղծելուց»:

Էվան թեեւ այս տարի ամառային հանգստի չի կարողանա մեկնել, սակայն հասցնում է աշխատանքին զուգահեռ լողավազան եւ մարզասրահ հաճախել. «Այդպես եմ վայելում ամառային օրերս: Իսկ առհասարակ, հանգիստն ինձ համար լիարժեք է, երբ անցկացնում եմ ծովի կամ օվկիանոսի ափին: Ինձ համար դա լիարժեք ապաքինում է օրգանիզմի, մտքի, հոգու. ես հանգստանում եմ միայն արեւի եւ ջրի միջոցով, դա իմ տարերքն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին