×


Թամարա Գեւորգյանը կփորձի ծիծաղեցնել

Թամարա Գեւորգյանը հեռուստադիտողին կներկայանա «ATV»-ի նոր՝ «Lady Comedy» հումորային ծրագրի շրջանակում: Այս մասին նա հայտնել է BRAVO.am-ին՝ տեղեկացնելով նաեւ, որ նախագծում իր խաղընկերներն են Հայարփի Զուռնաչյանը, Լիանա Վարդանյանը, Էմմա Շաբոյանը եւ Արսեն Ալբարյանը:

«Դիմացինի մասին հեշտ է կատակներ անել: Հետաքրքիր է, երբ ծիծաղում ես ինքդ քեզ վրա: Հենց այդ ժանրն էլ կփորձեմ բեմ բարձրացնել: Սիրում եմ, երբ ինձ ծիծաղեցնում են, բայց առավել՝ երբ ինքս եմ ծիծաղեցնում: Շուտով կփորձեմ ծիծաղ պարգեւել»,-ասել է դերասանուհին:

Թամարա Գեւորգյանը


Առաջարկը ստացել է նախագծի ղեկավար Լիանա Վարդանյանից: Ասում է՝ քիչ թե շատ ծանոթ է ձեւաչափին, այդ իսկ պատճառով հետաքրքրությամբ է ընդունել. ««Stand up» ժանրում աշխատելու փորձ ունեմ: Եկավ ժամանակ ելույթ չէի ունենում, բայց շարունակում էի գրել: Այնպես որ, շատ ասելիք է կուտակվել: «Lady Comedy»-ն հումորային ծրագիր է: Ինձ ճանաչող եւ մտերիմ մարդիկ գիտեն՝ երբեմն ինքս էլ չեմ հասկանում՝ կատակում եմ, թե լուրջ եմ: Շփվում եմ բացառապես հումորով մարդկանց հետ»:

Սցենարի վրա աշխատում են թե՛ սցենարիստները, թե՛ իրենք: Նախագիծը կանանց անկյուն է, որտեղ կատակում են բացառապես կանայք. կան համարներ, որոնց հեղինակները հենց իրենք են: Թամարան համամիտ է այն կարծիքի հետ, որ հումորը շատ բարդ է, ինտելեկտուալը՝ ավելի: Հիշում է` իր վարպետ Նիկոլայ Ծատուրյանը լավ բառ է հորինել՝ «խրխնջիզմ»: Կարծում է` պետք է նուրբ աշխատել, որ հումորը «խրխնջիզմի» չվերածվի:


«Հեծանիվ չենք հայտնագործել միանշանակ: Այս ժանրում դեռ ոչ ոք չի հայտնագործել: Նմանվելու եւ կրկնելու մտավախություն չկա: Մեր միակ գերխնդիրը ճաշակով հումոր մատուցելն է: Կարծում եմ՝ ապագայում կշարունակեմ նաեւ սերիալներում նկարահանվել»,-եզրափակել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Թամարա Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին