×


Թամարա Գվերդցիթելիի երեւանյան համերգին

Թամարա Գվերդցիթելիի երեւանյան համերգի հետաքրքիր դրվագներն ու անակնկալը

«Կա երաժշտություն՝ կա սեր» սկզբունքով է վրացի հայտնի երգչուհի Թամարա Գվերդցիթելին ապրում իր ստեղծագործական կյանքը: Այս անգամ երաժշտությունը նրան բերել էր Երեւան, որտեղ էլ երկար տարիների դադարից հետո կայացավ «Վերադարձ» խորագրով համերգը: Վրաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին համերգային ծրագրի համար ընտրել էր իր հին ու նոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ հատուկ անակնկալ պատրաստել հայ հանդիսատեսի համար:

Թամարա Գվերդցիթելիի երեւանյան համերգը նախաձեռնել ու կազմակերպել էր «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ վրացի երգչուհուն Հայաստան հրավիրելու նպատակ վաղուց են ունեցել, բայց մինչ այս չէր ստացվում ընդհանուր հայտարարի գալ ժամանակային առումով.«Շատ հագեցած գրաֆիկ ունի Թամարա Գվերդցիթելին եւ պահանջված է ոչ միայն Վրաստանում ու Ռուսաստանում, այլ նաեւ արտերկրում, քանի որ երգում է տարբեր լեզուներով: Թեեւ մեր հիմնադրամը մեծ մասամբ դասական համերգներ է կազմակերպում, բայց այս համերգով մենք ներկայացնում ենք էստրադային երաժշտությունը՝ դասական ոճով»:

Թամարա Գվերդցիթելիի երեւանյան համերգին


Մարիամ Շահինյանը նաեւ նշեց, որ համերգը կրում է «Վերադարձ» խորագիրը, քանի որ Թամարան վերջին անգամ Հայաստանում է եղել դեռ մանուկ հասակում իր հայ ուսուցչի՝ Ռաֆայել Ազարյանի ղեկավարած համույթի հետ.«Կարծում եմ՝ հայ հանդիսատեսը կարոտի մեծ զգացումով է եկել համերգը դիտելու»:

Երգչուհի, դաշնակահարուհի, երգահան եւ դերասանուհի Թամարա Գվերդցիթելիի համերգային ծրագիրը երկու մասից էր բաղկացած: Երեկոյի առաջին հատվածում հնչեցին բացառապես վրացական երգեր, իսկ երկրորդ հատվածում՝ ռուսական, ֆրանսիական եւ նույնիսկ հայկական ստեղծագործություններ: Երգչուհին հայ հանդիսատեսին նվիրեց «Ո՜վ, սիրուն, սիրուն» երգի կատարումը, որն էլ խոստացված անակնկալն էր երեւանյան համերգի: Նրա երգացանկում, իհարկե, չէին կարող չլինել նաեւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Այս անգամ Թամարան կատարեց կոմպոզիտորի «Նոկտյուրնը».«Այս երգում մեծությունն է այն երկրի եւ ժողովրդի, որը հնարավորություն է տվել լսելու այն: Հավերժ հիշատակ մեծն Առնո Բաբաջանյանին եւ նրա ստեղծագործություններին»,- ասաց երգչուհին:

Թամարա Գվերդցիթելիի երեւանյան համերգին


Նա իր մենահամերգը սկսեց հայերեն «բարի երեկո»-ով եւ ավարտեց հայերեն «շնորհակալություն»-ով: Ընդգծեց՝ երջանիկ է, որ այդքան տարի անց կրկին Հայաստանում է եւ հնարավորություն ունի հանդիպել հայ հանդիսատեսին. «Մենք՝ բոլորս, շատ ուրախ ենք այս հրաշալի քաղաքում գտնվելու համար: Հատուկ շնորհակալություն բոլոր այն կանանց ու աղջիկներին, ովքեր ներգրավված են մեր համերգի կազմակերպչական աշխատանքներում, որովհետեւ կարծում եմ՝ կանայք խաղաղություն ու սեր են սփռում աշխարհում»:

Նշենք, որ վրացի երգչուհու հետ Հայաստան էր եկել նաեւ «Ռուսթավի տրիո» համույթը: Նրանք գրեթե ողջ երեկոյին ձայնակցեցին Թամարային, ինչպես նաեւ հանդես եկան առանձին կատարմամբ: Համերգի ավարտին էլ երգչուհին հույս հատնեց, որ հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա.«Կարծես մեկ դար անցած լինի: Հույս ունեմ՝ այսպիսի երկար դադար այլեւս չի լինի, եւ մենք շուտով կհանդիպենք նորից: Շնորհակալ եմ ձեր երկրին, երջանիկ եղեք»,- եզրափակեց նա:

Թամարա Գվերդցիթելիի երեւանյան համերգին


Դահլիճը Գվերդցիթելիին ճանապարհեց հոտնկայս ծափողջույններով՝ սպասելով հաջորդ երեւանյան համերգին, որը խոստացավ սիրված երգչուհին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին