×


Ժաննա Վելիցյանի 25-ամյակի լուսանկարներն ու հուզիչ գրքույկը

Համազգային թատրոնի դերասանուհի Ժաննա Վելիցյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, օրերս դարձել է 25 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ շատ լավ օր է ունեցել, նաեւ՝ լուսանկարներ տրամադրել:

«Փառահեղ օր եմ ունեցել, իսկապես, շատ լավ նշեցի տարեդարձս։ Հիշարժան օր էր ինձ համար: Թեեւ նախապես պլանավորել էի տոնել, բայց անցավ շատ ավելի լավ, քան կարծում էի:),- ասել է դերասանուհին եւ շեշտել, որ սիրում է իր ծննդյան օրը. «Միշտ ասում եմ՝ ես չէի կարող ուրիշ օր ծնվել, դա է իմ օրը, եւ ամեն տարի ինչ-որ կերպ այն պարտադիր նշվում է»։

Ժաննա Վելիցյանի 25-ամյակին


Ժաննան 25-ամյակն ամենամոտ ընկերների հետ նշել է ժամանցի վայրերից մեկում, իսկ օրն առանձնացել է նաեւ հուզիչ պահերով. «Ամենամոտ ընկերներիցս մեկը մի փոքրիկ գրքույկ էր տվել ինձ եւ խնդրել, որ կարդամ գիշերը ժամը 12-ին։ Իմ մասին էր գրել, շատ հուզիչ էր։ Մի փոքրիկ հատված մեջբերեմ. «Դու բյուրեղ ես։ Երբեւէ տեսե՞լ ես բյուրեղ, ջի՜նջ, մեջը չկա ոչ մի վատ բան, միայն լավը, միայն ինքը։ Դու պարզ երկինք ես մայիսի սկզբին, անամպ, արեւոտ, խաղաղություն ես տալիս։ Բայց թույլ են համեմատություններս։ Երեւի բնություն ես, մարդկանց հետքը չտեսած գետ... կամ նոր ծնված երեխա, այ էդքան անմեղ, մեկ-մեկ նվնվան, բայց մեծ մասամբ ուրախություն պատճառող... Մոլորակ ես առանձին, ու հենց մարդկությունը վերջնականապես կավիրի մեր մոլորակը, բոլորս կգանք ապրելու ոչ թե Մարսում, այլ քո մոլորակում. մաքուր, պարզ ու անմեղ Քո աշխարհում... Մարդիկ լցվում են մեր կյանք... կամ հոսելով դուրս են գալիս՝ դանդաղ կամ արագ, կամ էլ հավերժ մնում են մեր մեջ, սառցակալում ու սառույց կապած անմահանում մեր հոգում։ Վաղուց եմ քեզ հավերժացրել։ Արձանդ եմ կանգնեցրել հոգուս անկյունում. երեւի դրախտ կգնաս...»։

Ժաննա Վելիցյանը


Հոբելյարից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք ամեն տարի տոնական տորթի մոմերը փչելիս երազանք պահում է: «Հիշում եմ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ այնքան ոգեւորված եմ եղել, որ մոռացել եմ երազանք պահել:) Փաստորեն այդքան էլ չեմ կարեւորում դա։ Ես մի բան գիտեմ․ եթե որեւէ բան ունենալու ցանկությունը շատ մեծ է, ամեն ինչ կնպաստի նրան, որ իրականանա։ Մի տեսակ Կոելյոյոտ ստացվեց:)»,-ասել է նա:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Ժաննային եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ժաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին