×


Ինչ հագնել այս սեզոնին. խորհուրդներ ոճաբան Արփինե Կոշտոյանից

Քայլել նորաձեւությանը հավասար, թե՞ ընտրել մի ոճ, որով կլինես ներկայանալի, հաճելի եւ, իհարկե, նորաձեւ: Այսօր նկատելի է, որ երիտասարդները հաճախ են դառնում նորաձեւության զոհ՝ անդադար ընկնելով նոր թրենդների հետեւից եւ մոռանալով սեփական նախասիրությունները: Ոճաբան Արփինե Կոշտոյանը հորդորում է առանձնանալ եւ լինել ինքնատիպ: Հենց նրանից էլ BRAVO.am-ը հետաքրքրվել է, թե որ գույներն են արդիական այս սեզոնին, եւ ինչպիսի հագուստով համալրել զգեստապահարանը:

«Այսօր ամենանորաձեւը դասական պիջակներն են, որոնք իրենց դասական լինելու հաշվին միշտ էլ կմնան նորաձեւ: Սակայն մեր օրերում դրանք առանձնահատուկ են նրանով, որ ոճային են դիտվում սպորտայինի հետ համադրությամբ: Այսինքն՝ պիջակները կարելի է կրել ոչ միայն վերնաշապիկով, այլեւ՝ պարզ շապիկներով ու սպորտային կոշիկներով: Շատ նորաձեւ են համարվում նաեւ լայն ձեւվածքով վերնաշապիկները, որոնք գեղեցիկ են դիտվում ե՛ւ տաբատներով, ե՛ւ որպես զգեստ»,-նշել է ոճաբանն ու հավելել, որ շատ նորաձեւ են «օվերսայզ» վերարկուներն ու գործվածքից զգեստները:

Արփինե Կոշտոյանը


Անցում կատարելով գույներին՝ Արփինեն առանձնացրել է աշնանը բնորոշ եւ նրա բոլոր երանգները պարունակող մարջանագույնը: Սրանից զատ, նաեւ` նուդ, նուրբ ու բնական երանգները, ավազագույնը, պիստակը եւ մետալիկ երանգները:

Ոճաբանը վստահեցնում է՝ նորաձեւ հագուստներն ու աքսեսուարները շատ արագ են անտիթրենդ դառնում.«Անիմաստ է գնել այնպիսի հագուստ, որն այդ շրջանում չափազանց թրենդային է եւ բոլորն անխտիր կրում են: Պետք է հագնել այն, ինչ քեզ է հաճելի: Պետք չէ մոռանալ ճաշակի, հոգեվիճակի եւ բնավորության մասին ու վազել թրենդների հետեւից»:

Արփինեն խորհուրդ է տալիս թրենդային հագուստի վրա գումար ծախսելու փոխարեն գնել բազային միատոն հագուստ, որը կարելի է համադրել տարբեր նմուշների հետ, կամ օրինակ` ջինսե լայն պիջակ, որը գեղեցիկ կլինի թե՛ տաբատի, եւ թե՛ զգեստների հետ:


Ըստ նրա՝ այս ձմեռ շատ արդիական են լինելու հաստ սվիտրերը` մազմզուկներով ու թելիկներով, կոշիկներից՝ հաստ տակացուներով սպորտային կոշիկներն ու հաստ կրունկներով երեկոյան կոշիկները: Ցանկալի է նաեւ ունենալ գլխարկներ, որոնք եւս համապատասխանում են այս սեզոնին:

Թրենդից դուրս են մնացել ճղճղած ջինսե տաբատները, հաստ գոտիները, որոնց փոխարինելու են եկել չափազանց ոճային բարակ գոտիները: Անտիթրենդ են նաեւ ուսապարկերը՝ չնայած դրանց հարմարավետ լինելուն: Փոխարենը՝ նորաձեւության աշխարհում առաջին պլան են մղվել շատ փոքրիկ պայուսակները, որոնցում հազիվ մի բջջային հեռախոս է տեղավորվում: Այն պարզապես կարծես մի դետալ լինի, որը լրացնում է ամբողջական ոճն ու յուրահատկություն հաղորդում կերպարին:


Զրույցի վերջում ոճաբանը նշեց, որ ի ուրախություն շատերի, այսօր այդքան էլ բարդ չէ լինել նորաձեւ: Դրա համար չափազանց մեծ գումարներ անհրաժեշտ չեն, այլ պարզապես՝ չափի զգացողություն եւ հագուստները ճիշտ համադրելու հմտություն. «Շատ կարեւոր է լինել նորաձեւ՝ նորաձեւությունից դուրս, պարտադիր չէ լինել բոլորի նման: Երբ մարդն իր ոճով տարբերվում է ու չի դառնում նորաձեւության գերի, ավելի է ընդգծվում նրա անհատականությունն ու ճաշակը: Իհարկե, կարելի է տիրապետել ինֆորմացիային, բայց պետք չէ դառնալ դրա զոհը: Տարբերվեք, չէ՞ որ շատ տգեղ է, երբ ամբողջ քաղաքում միանման հագնված մարդիկ են»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արփինե Կոշտոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին