×


Ինչ սպասել «Հումորի լիգա 2»-ի նոր եթերներին

«Հումորի լիգա 2» շարունակում է իր հետաքրքիր եւ զվարճալի ընթացքը: Մինչ նոր եթերը BRAVO.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսերի եւ ժյուրիի անդամներից մի քանիսի հետ:

«FunnyMen Production»-ի պրոդյուսեր եւ «Հումորի լիգա» նախագծի համահիմնադիր Արմեն Սուքիասյանի խոսքով` այս եթերաշրջանում մասնակիցներն առավել պատրաստված են, գիտեն՝ ուր են եկել:

- Այս եթերաշրջանում կան թիմեր, որոնք նախորդ անգամ մասնակցել եւ բավական սիրվել են հանդիսատեսի կողմից: Դժվա՞ր չէ մյուս թիմերին մրցել նրանց հետ:
- Կարծում եմ` նախագծում ամեն ինչ շատ անկանխատեսելի է, եւ հենց դրանով է պայմանավորված բոլորի հավասարությունը: Գուցե ֆավորիտ թիմերից մեկն ընտրի իրեն ոչ համապատասխան մարզչի եւ եզրափակչում ելույթ չունենա այնպես, ինչպես մյուս թիմը, ով ավելի շատ կաշխատի եւ կունենա համապատասխան մարզիչ:

Արմեն Սուքիասյանը


- Ժյուրիի կազմում ընգրկված են նաեւ քաղաքական գործիչներ: Ինչպե՞ս է ընկալում հանդիսատեսը նրանց՝ տեսնելով ժամանցային ձեւաչափում:
- Սկսեմ Արման Աբովյանից, ով քաղաքական գործիչ լինելուց բացի, տարբեր նախագծերի վառ ներկայացուցիչ է եղել: Շատ ուրախ եմ, որ Արմանը նախագծում է, իսկապես ժյուրիի հետաքրքիր անդամ է, եւ կարծում եմ` հանդիսատեսի կողմից եւս շատ լավ է ընկալվում: Հյուրընկալել ենք նաեւ Մխիթար Հայրապետայնին, Նաիրա Զոհրաբյանին:

Պարոն Աբովյանը համաձայնեց, որ հանդիսատեսին գուցե անսովոր կլինի տեսնել քաղաքական գործիչներին նման ձեւաչափում, բայց նշեց, որ իր համոզմամբ` քաղաքական գործիչները սերտ կապ ունեն հումորի հետ, քանի որ եթե չլինի հումորի զգացում, նրանք չեն կարողա զբաղվել քաղաքականությամբ:

Գայա Արզումանյանը


Զրուցել ենք նաեւ ժյուրիի ներկայացուցիչներից մեկի` երգչուհի Գայա Արզումանյանի հետ, որն ամեն անգամ ներկայանում է ինքնատիպ եւ անսովոր կերպարներով:

- Հաճախ մասնակիցները սուր կատակներ են անում Ձեր անձի, նաեւ արցախցիների վերաբերյալ: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը:
- Իմ մասին հնչող կատակներին շատ թեթեւ եմ վերաբերվում, որովհետեւ իսկապես սիրված եմ զգում մասնակիցների կողմից, իսկ առհասարակ, արցախցիների մասին հնչող հումորները չէի ցանկանա` լինեին այսչափ քաղաքականացված, կուզեմ՝ հումորները լինեն ավելի սուր եւ ծիծաղելի:

Լավ ելույթների սպասումով

Ժյուրիի անդամներից Անահիտ Կիրակոսյանը նշեց, որ եզրափակիչներում թիմերից սպասում է ուժեղ ելույթներ եւ գնահատելու է բացառապես այն հումորը, որն արվում է այդ պահին:


Առաջին անգամ ժյուրիի դերում հանդես եկող դերասան Վահագն Գալստյանը մեծ ոգեւորությամբ է հետեւում երիտասարդների աշխատանքին: Մարզչի խոսքով՝ հետաքրքիր կլինի նաեւ խաղալ նրանց հետ նույն բեմում եւ մի քիչ վերհիշել ուսանողական տարիները:

Ամփոփելով անցած փուլերի արդյունքները` նախագծի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը նշեց, որ «Հումորի լիգա»-ի երկրորդ եթերաշրջանը միանշանակ տարբերվում է հետաքրքրությամբ եւ թիմերի բազմազանությամբ, հեռուստադիտողն էլ հաստատ մեծ բավականություն է ստանալու սպասվող ելույթներից:

Տեքստը` Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին