×


Դիրիժոր Նեեմե Յարվին

Ինչով աչքի ընկավ 19-րդ «Երեւանյան հեռանկարներ»-ի բացումը

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը նշանավորվեց Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով: ԱՄՆ-ից Երեւան էր ժամանել նաեւ ծագումով էստոնացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին՝ «Գրեմմի»-ի մրցանակակիր նվագախմբի համերգը ղեկավարելու համար: Միջոցառմանը ներկա էին հայ եւ էստոնացի պաշտոնյաներ, բարձրաստիճան հյուրեր, լրատվամիջոցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Էստոնիայից: Երեկոն աչքի ընկավ նաեւ փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հայտարարությամբ, ըստ որի՝ «Երեւանյան հեռանկարներն» այսուհետ անցկացվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած միջոցառմանը ներկա էր նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, իսկ փառատոնի բացումն ազդարարեցին Հայաստանի եւ Էստոնիայի մշակույթի նախարարներ Լիլիթ Մակունցը եւ Ինդրեկ Սաարին: Վերջինս իր ելույթի ավարտին հայերեն բարեմաղթանք հղեց հայ հանդիսատեսին՝ ցանկանալով երկար տարիների կյանք Հայաստանին: Լիլիթ Մակունցն էլ նկատեց, որ հայ եւ էստոնացի ժողովուրդների մշակութային կապերը սկիզբ են առել վաղուց.«Էստոնիան անկասկած այն երկրներից է, որի հետ Հայաստանը խոր եւ կենսունակ բարեկամական հարաբերություններ ունի»:

Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին

Համերգային երեկոն սկսվեց Հայաստանի եւ Էստոնիայի ազգային օրհներգերով, որոնք հնչեցին էստոնական նվագախմբի կատարմամբ: Հանդիսատեսը հոտնկայս ողջունեց կատարումը, այնուհետեւ հնչեցին նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ «Վալսը» եւ «Դիմակահանդեսը»: Այս առիթով Նեեմե Յարվին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արամ Խաչատրյանը եղել է իր եւ իր ընտանիքի լավ ընկերը, ում ստեղծագործություններն ինքը կատարել է դեռ երիտասարդ տարիքից.«Ես այս նվագախմբի դիրիժորն եմ 1960-ականներից: Այդ ժամանակ դեռ երիտասարդ էի, Խաչատրյանն ինձնից մեծ էր, բայց ես դիրիժորում էի նրա ստեղծագործությունները թե՛ Մոսկվայում, թե՛ Պետերբուրգում, թե՛ արտասահմանում, այնպես որ, մենք հրաշալի ընկերներ էինք»:

Յարվին անկեղծացավ, որ միշտ շատ ջերմ զգացողություններ են ունենում, երբ հանդիպում են հայերին ու հայկական մշակույթին, քանի որ շատ վաղուց այստեղ ելույթներ են ունեցել եւ մշակութային տոն ստեղծել հայ եւ էստոնացի ժողովուրդների համար.«Հայաստանն, իհարկե, արվեստ է, երաժշտություն, պատմություն, այնպես որ ես շատ մեծ հաճույքով եմ որոշել գալ այստեղ եւ ինձ հետ բերել մեր նվագախումբը: Շնորհակալություն հրավերի համար: Սա 20 տարվա պատմություն ունեցող հայտնի փառատոն է, որը բազում հաջողություններ է ունեցել, բայց անհրաժեշտ է, որ է՛լ ավելի հայտնի դառնա: Դրա համար պետք է հրավիրել աշխարհի մեծ ու հայտնի նվագախմբերին, որ բոլորն իմանան` Հայաստանն ինչ երկիր է, եւ մարդիկ ինչպես են այստեղ ապրում»:

Դաշնակահար Միհկել Պոլլը

Ստեփան Ռոստոմյանն էլ, շարունակելով Նեեմե Յարվիի միտքը, ընդգծեց, որ եթե մինչեւ այսօր իրենք թռիչքներ էին անում, ապա այսուհետ արդեն տիեզերական թռիչքներ են անելու. չէ՞ որ սա նոր Հայաստան է, նոր մտածողություն, նոր չափորոշիչներ.«Շատ ուրախ եմ, որ փառատոնն այսուհետ ընթանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Դա շատ պարտավորեցնող է, եւ մենք շատ ոգեւորված ենք: Վերջերս հաճախ ասվում է, որ 21-րդ դարը հայերի դարաշրջանն է, եւ այդ պատճառով մենք այս տարվա ծրագիրն անվանել ենք 21-ի հեռանկարներ: Ի դեպ, շատ հնարավոր է՝ մեր փառատոնի անվան մեջ էլ վերականգնենք այդ գաղափարը, որպեսզի դա լինի մեր մտածողության մեջ»,- նշեց փառատոնի հիմնադիրը:

Համերգային երեկոն շարունակվեց Արթուր Լեմբայի եւ Էդուարդ Տուբինի ստեղծագործություններով: Համերգի մենակատարն էր էստոնացի տաղանդավոր դաշնակահար Միհկել Պոլլը, ով առավել հայտնի է միջազգային հեղինակավոր մրցույթներից, ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ բեմերում: Հայ հանդիսատեսը ծափերով ու բրավոներով ողջունեց նրա ելույթները, արդյունքում դաշնակահարը հանդես եկավ նաեւ հավելյալ կատարմամբ: Առանց բիսի չհեռացավ նաեւ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Երկու երկրների երաժիշտներն էլ հույս ունեն՝ իրենց հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա: Հավելենք նաեւ, որ նվագախմբի հայաստանյան այցը եւ համերգը նվիրվում էր Էստոնիայի եւ Հայաստանի Հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին:


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին