×


Լուիզա Ղամբարյանը եւ Արսեն Սաֆարյանը

Ինչպես Լուիզա Ղամբարյանը դարձավ Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակի հերոսուհին:)

Երկար դադարից հետո Արսեն Սաֆարյանն իր երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով, որ նկարահանվել է «Էս ի՜նչ սիրուն ես» երգի հիման վրա: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է հենց երգիչը, իսկ հոլովակի ռեժիսորն է Խաչիկ Եղոյանը: Հատկանշական է, որ գլխավոր հերոսուհու կերպարում նկարահանվել է Լուիզա Ղամբարյանը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ումից է ստացել առաջարկը, ինչպես են անցել նկարահանումները, եւ, իհարկե, խոսել է առաջիկա նորությունների մասին:

Լուիզան ասաց, որ Արսեն Սաֆարյանին ճանաչում է վաղուց, եւ բազմիցս առիթներ են ունեցել շփվելու համերգային տարբեր նախագծերի շրջանակներում: Ըստ այդմ էլ՝ Արսենը զանգահարել է իրեն եւ առաջարկել նկարահանվել իր նոր տեսահոլովակում. «Լսեցի երգը եւ տվեցի համաձայնությունս, քանի որ այն շատ հավանեցի. բավական ուրախ, լուսավոր, դրական լիցքեր հաղորդող երգ է: Գիտեք, տեսահոլովակում նկարահանվում է տեսահոլովակ, որի ռեժիսորն իմ մարմնավորած հերոսուհին է: Արսենը երգում է, թե որքան գեղեցիկ է կինն առհասարակ: Եվ որպես ուղերձ՝ իր երգը կարծես նվիրում է ռեժիսորին, ով նկարահանում է հոլովակը: Շատ հաճելի աշխատանքային եւ ընկերական մթնոլորտ էր տաղավարում, որի շնորհիվ մեկ օրում ավարտեցինք նկարահանումները եւ ստացանք այն, ինչ նախատեսվում էր»:

Լուիզա Ղամբարյանը


Արսեն Սաֆարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Լուիզան համաձայնել է անշահախնդիր նկարահանվել իր հոլովակում: Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե որ դեպքերում է նման հիմունքներով աշխատում որեւէ նախագծի շրջանակում: Նա ընդգծեց, որ բազմիցս պատահել է, երբ համաձայնել է անշահախնդիր աշխատել՝ առանց այդ մասին բարձրաձայնելու եւ առանց փիարի:

«Եթե որոշումն իմ սրտից է բխում, եւ առաջարկն ինձ համար ընդունելի է, ապա ես պատրաստ եմ համագործակցել՝ առանց ֆինանսական հարցեր քննարկելու: Կապ չունի՝ ես այդ մարդուն մեկ անգամ եմ հանդիպել, թե նա իմ երկար տարիների ծանոթն է: Դե, պարզ է, որ ընկերները, մտերիմներն այլ հարթության վրա են, բնականաբար: Ես, օրինակ, շատ եմ սիրում համագործակցել նաեւ դիպլոմային աշխատանք կատարող ուսանողների հետ, ովքեր ավարտական կուրսում են սովորում: Այնպես որ, եթե առաջարկն ինձ համար ընդունելի է եւ ինձ սրտամոտ է, ապա ես պատրաստ եմ աշխատել նաեւ ուսանող երեխայի հետ, ով առաջին անգամ է ինձ մոտենում: Դա ինձ համար շատ թանկ է, հաճելի եւ ջերմացնում է իմ հոգին:)»:

Լուիզա Ղամբարյանը

Խոսելով նաեւ առաջիկայում սպասվող նորության մասին՝ Լուիզա Ղամբարյանն ասաց, որ հունիսի վերջին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդես են գալու նոր ներկայացման պրեմիերայով: Սեմ Բոբրիկի «Եթե անկեղծ խոսենք» պիեսի հիման վրա բեմադրվում է կատակերգություն երկու գործողությամբ, որի հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Ժան Նշանյանն է: Դերերում հանդես են գալիս Արթուր Ութմազյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Վահագն Գալստյանը: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը եւ սերիալներին, ապա դերասանուհին նշեց՝ այս պահին չունի այնպիսի առաջարկ, որի մասին կարող է բարձրաձայնել: Իր ակտիվ գործունեությունը թատրոնում է շարունակում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Սաֆարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին