×


Ինչպես հոբբին դարձնել եկամտաբեր. Women Talks-ում կանայք կիսվել են իրենց փորձով

Մեզնից շատերն ունեն սիրելի զբաղմունք, որը գուցե դուրս է մասնագիտական կամ աշխատանքային շրջանակից, սակայն գիտակցում ենք, որ այն նույնպես կարող է դառնալ եկամտաբեր բիզնես: Ուրեմն ինչպես հոբբին դարձնել եկամտաբեր, ինչպես հաղթահարել ժամանակակից մարտահրավերներն ու գտնել ինքնաարտահայտվելու, սեփական գաղափարներն իրականություն դարձնելու ճանապարհը: Այս հարցերի շուրջ քննարկում ծավալելու եւ պատասխաններ գտնելու համար հունիսի 14-ին կազմակերպվել էր «Women Talks Hosted by IQOS» խորագրով երրորդ հանդիպումը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կողմից: Բազմաթիվ կանայք, ովքեր արդեն սկսել են իրենց եկամտաբեր բիզնեսը կամ պարզապես նման գաղափարներ ունեն, հավաքվել էին մեկ վայրում՝ կիսվելու սեփական փորձով կամ խորհուրդներ լսելու հաջողակ կանանցից: BRAVO.am-ը ներկա է եղել քննարկմանը եւ առանձնացրել կանանց զրույցների հետաքրքիր դրվագները:

Անժելա Իլինիխը, Արմինե Խախամյանը եւ Աննա Վառլամովան


Այս անգամ միջոցառման կազմակերպիչները փորձել էին համատեղել նորաձեւությունը, համեղ սնունդն ու գինին, չէ՞ որ օրն ուրբաթ էր, եւ պետք էր թեմաները համատեղել միջավայրին ու տրամադրությանը համապատասխան: Ըստ այդմ` որպես քննարկման բանախոսներ հանդես էին գալիս «Ami Shoes» բրենդի հիմնադիր Արմինե Խախամյանը, «Eat & Fit» ֆուդ-կաֆեի հիմնադիր Անժելա Իլինիխը եւ հայկական առաջին մասնագիտացված «Գինու ակումբի» հիմնադիր Աննա Վառլամովան: Սակայն մինչ նրանք կսկսեին իրենց խոսքը, ներկաները նախ արագ խաղի միջոցով ծանոթացան միմյանց հետ ու հետաքրքրվեցին մեկը մյուսի նախասիրություններով: Այդ ընթացքում երգչուհի Էվա Ոսկանյանն էլ ապահովեց երեկոյի երաժշտական տրամադրությունը:

Շուտով սկսվեց անմիջական զրույցը բանախոսների ու ներկաների միջեւ, որի ընթացքում յուրաքանչյուրը ներկայացնում էր հաջողության իր բանաձեւը, վախերը հաղթահարելու իր պատկերացումները եւ հոբբին եկամտաբեր դարձնելու իր փորձը: Արմինե Խախամյանը, օրինակ, անկեղծացավ, որ միշտ երազել է կոշիկի սեփական բրենդն ունենալու մասին, ու թեեւ գործի սկիզբը դժվարություններով եւ փոքրիկ սխալներով է եղել, այնուամենայնիվ իրեն հաջողվել է հասնել երազանքի իրագործմանը: Չնայած դրան՝ նկատեց, որ միշտ էլ առաջ գնալու եւ աշխատելու տեղ կա.«Եթե դու որեւէ բան սիրով ես անում եւ ուզում ես, որ այն երկարատեւ լինի, ապա միշտ էլ սխալներն ուղղելու հնարավորություն կա»:


Անժելա Իլինիխն էլ խոստովանեց, որ երբ արդեն շատ մոտ է եղել առողջ սնունդ ներկայացնող ռեստորան ունենալու իր երազանքին, հանկարծ մեծ վախեր են առաջ եկել, թե ոչինչ չի ստացվի, Երեւանում իրենց ոչ ոք չի սիրի, չի հետաքրքրվի առողջ սննդով: Բայց արդյունքը ցույց է տվել լրիվ հակառակ պատկերը. այժմ նրանց ֆուդ-կաֆե են հաճախում թե՛ տեղացիները, եւ թե՛ արտասահմանցի զբոսաշրջիկները.«Ես միշտ ասում եմ, որ իմ գլխավոր մոտիվացիան եղել եմ հենց ինքս: Իմ երկարատեւ աշխատանքն ու դրա հանդեպ սերն է օգնել ինձ առաջ գնալ: Համոզված եմ, որ դեռ չեմ հասել այն ամենին, ինչ ցանկացել եմ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է»:

Ֆաինա Հարությունյանը


Աննա Վառլամովան էլ, ով հինգ տարի առաջ տեղափոխվել է Հայաստան եւ ամուսնացել այստեղ, նշեց, որ մասնագիտությամբ տնտեսագետ է, թեեւ միշտ մեծ սեր ու հետաքրքրություն է ունեցել գինիների հանդեպ: Ի վերջո որոշել է գիտելիքները խորացնել այդ ուղղությամբ եւ հիմնել առաջին մասնագիտացված Գինու ակումբը Երեւանում: Ասաց՝ բարձրագույն կրթությունը հրաշալի է, սակայն պարտադիր չէ, որ մասնագիտությունն ու դիպլոմը մեզ ուղեկցեն ամբողջ կյանքում եւ թույլ չտան զբաղվել մեկ այլ գործով, որը կարող է ավելի սիրելի լինել մեզ համար: Այդ դեպքում կարեւոր չէ նույնիսկ, թե քանի տարեկան ես եւ ընտանեկան ինչ կարգավիճակ ունես, երբ փորձում ես հոբբին վերածել եկամտաբեր աշխատանքի:

Հանդիպման ավարտին ներկաները հնավորություն ունեցան նաեւ Աննայի առաջարկած գինիները համտեսել՝ այն համադրելով «Eat & Fit»-ի խոհարարների պատրաստած համեղ ուտեստի հետ: Նրանց շարքերում էր նաեւ դիզայներ Ֆաինա Հարությունյանը, ումից հետաքրքրվեցինք, թե որքանով է կարեւորում եւ արդյունավետ համարում նման հանդիպումները: Նա նշեց, որ մեծ հետաքրքրությամբ է լսել աղջիկներին եւ կարծում է՝ նման միջոցառումներն ավելի հաճախ պիտի լինեն մեր քաղաքում.«Շատ տպավորված եմ: Կանայք, որոնք նոր են հասնում իրենց երազանքին, կարողանում են ոգեւորել իրենց պատմություններով: Ես երեւի արդեն ճանապարհին եմ, դեռ չեմ հասել, բայց վաղուց եմ սկսել»,- նշեց Ֆաինան:


«Women Talks» նախագծի ղեկավար Իզաբելլա Խաչատրյանը մեր զրույցում նկատեց, որ վերջին տարիներին ժամանակակից կանայք սկսել են ավելի ակտիվ կյանք վարել, ավելի մեծ նպատակներ դնել իրենց առջեւ, եւ այդ ճանապարհին կանգնում են բազմաթիվ հարցերի առջեւ, որոնց պատասխաններն էլ իրենք փորձում են գտնել նման հանդիպումների ժամանակ: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության մարքեթինգի ղեկավար Լիլիթ Մաթեւոսյանն էլ ասաց, որ միասին փորձում են գտնել հաջողության բանաձեւը.«Այսօրվա միջոցառումը փոքր-ինչ առանձնանում էր նախորդներից, քանի որ խոսում էինք ընդհանուր առմամբ բոլորին հետաքրքրող թեմայից՝ ինչպես գումար վաստակել՝ ելնելով հետաքրքրությունից, ոչ թե կրթությունից ու դիպլոմից: Միասին եկանք այն եզրահանգման, որ չպետք է վախենալ գործ սկսելուց եւ պետք է շարունակել մեծ մոտիվացիայով»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին