×


Իշխան Ղարիբյանը՝ պապիկի, ուսման, թատրոնի եւ ամուսնալուծության մասին

Իշխան Ղարիբյանը մշտապես ակնոցով է թե բեմում, թե հեռուստատեսությունում, սակայն BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում նա առանց դրա է: Նոր կերպարով լուսանկարահանումն ուղեկցվել է նաեւ շատ անկեղծ զրույցով. թե ինչու չի ցանկացել դերասան դառնալ, ինչ դեպք է հիշում պապի՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի հետ կապված, ինչպիսի վերաբերմունք ունի թատրոնին, ինչից է դժգոհ, ինչպես կարողացավ ամուսնալուծությունից հետո կրկին ընտանիք կազմել եւ այլն. այս ամենը դերասանը բացահայտել է հատուկ մեր ընթերցողների համար:

Չենք հասցրել

Ինձ բախտ է վիճակվել պապիս՝ Իշխան Ղարիբյանի հետ աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում, սակայն նրա հետ խաղալու առիթ չեմ ունեցել: Երբ ես եկա թատրոն, նա արդեն հիշողության հետ կապված խնդիրներ ուներ, հետո ինսուլտ տարավ, երկու տարի պառկեց եւ այլն: Ցավոք, չենք հասցրել ոլորտի հետ կապված խոսել: Մինչ թատերական ընդունվելս պապուս չէի ասել մտադրությանս մասին, գիտեի՝ հաստատ չէր թողնի:

Պապս՝ Իշխան Ղարիբյանը

Փոքր տարիքից շատ էի սիրում ֆուտբոլ խաղալ, տանն անընդհատ խաղում էի, մի օր էլ գնդակով խփեցի եւ տան ապակե պահարանը ջարդեցի, հայրս գնդակը վերցրեց, դանակով ծակեց, կարծես այդ դանակը սիրտս մտցներ, լացում էի: Պապս մեզ հետ չէր ապրում, բայց երբ մեր տուն եկավ ու իմացավ կատարվածը, միասին գնացինք ու մանկական խանութում ինչքան գնդակ կար, ինձ համար գնեց… երկու մեծ տոպրակ, դրանցից մեկը տվեց հորս՝ ասաց, վերցրու, սա կծակես, իսկ մյուսն ինձ տվեց: Շատ-շատ եմ սիրում պապիկիս, երեւի ամենատպավորիչն էլ այդ դեպքն էր:

Իշխան Ղարիբյանը


«Դա ինձ համար հեղափոխություն եղավ»

Դերասանի մասնագիտությունն ընտրելն ինձ համար բացարձակ մանկության երազանք չէր: Փոքր տարիքից չեմ սիրել այս ոլորտը: Պապս ու տատս բաժանվել էին այն ժամանակ, երբ հայրս եւ հորեղբայրս շատ փոքր են եղել, ու, չգիտես ինչու, իմ մոտ միշտ տպավորություն է եղել, որ պապս դերասան է, դրա համար են բաժանվել: Ու ենթագիտակցորեն իմ մոտ դերասանը միշտ բացասական իմաստ է ունեցել: Լուրջ պարապում էի Տնտեսակագիտական համալսարան ընդունվելու համար, մենք էլ հարեւան ունեինք, խոստացել էր ընդունվելուց հետո ինձ աշխատանքով ապահովել: Արդեն պետք է թղթերս հանձնեի, երբ հեռուստացույցով տեսա Արամայիս Սահակյանի «Ծիծաղի տուն» հաղորդաշարը: Ուրեմն, հրավիրել էին դերասանների, ռեժիսորների, հայտնի մարդկանց եւ պատմում էին, որ այս դերասանը հյուրախաղերին էսպես արեց, ներկայացումն այսպես եղավ: Ու դա ինձ համար հեղափոխություն եղավ, ես հասկացա, որ այդ աշխարհն եմ ուզում:

Շոկ ապրեցին

Մերոնք շոկ ապրեցին, երբ ասացի, որ ուզում եմ գործերս Թատերական տալ, ընդամենն երկու ամիս էր մնացել: Մամայիս կողմից մեզ հեռու բարեկամ է Ալբերտ Սաֆարյանը, գնացինք նրա մոտ, մի քանի օր պարապեցինք, ոչինչ չգիտեի: Հիշում եմ նույնիսկ, երբ թղթերս հանձնելիս մի աղջիկ հարցրեց՝ էտյուդ ունե՞ս, շատ վստահ ասացի՝ այո, բայց չգիտեի դա ինչ է: Հարցրեց՝ քանի՞ հատ՝ ասացի՝ չորս, եւ նա շատ զարմացած նայեց ինձ: Հետաքրքիրն այն էր, որ ես միայն անվճար էի նշել, որովհետեւ մտածում էի, եթե չընդունվեմ, մյուս տարի էլ կփորձեմ, դեռ բանակ գնալուս երկու տարի կար:

Հույս չկար

Հիշում եմ՝ պապան Ալբերտին հարցրեց՝ ի՞նչ ես կարծում, մի բան կլինի՞, նա էլ թե, եթե հիշեն պապին, իմանան՝ ում թոռն է՝ հա, եթե ոչ՝ հույս չկա: Ես դա լսելով՝ շատ լարվեցի, բայց դե որոշեցի փորձել: Առաջին քննությանն անձնագիրս տվեցի, կարդացին անուն-ազգանունս, հարցրին՝ ճանաչո՞ւմ եմ Իշխան Ղարիբյանին, ասացի՝ այո, երբ հարցրին՝ ո՞վ է ինքը՝ ասացի՝ պապս է: Հանձնաշողովը զարմացավ, բոլորով հետ նստեցին, եւ Սոս Սարգսյանն ասաց՝ բա ինչի՞ Իշխանը մի հատ խաբար չի արել, որ թոռն է ընդունվելու, ասացի՝ խնդրում եմ, ինձ մի վիրավորեք, եթե ես արժանի չեմ, ավելի լավ է չընդունեք: Շատ սիմվոլիկ քննություններ եմ հանձնել, հիմա եմ հիշում՝ նայեցին իմ նշած անվճարին եւ այնպես նշանակեցին, որ ես ընդունվեմ: Եթե անկեղծ, ես ինձ չէի ընդունի: Կարծում եմ, ինձ ավելի շատ փրկեց այն փաստը, որ գրականության մեծ մասն արդեն կարդացել էի մինչեւ ինստիտուտը: Կարծում եմ, դերասանը պետք է նաեւ բախտ ունենա: Ի դեպ, իմ ընդունվելու տարին միակն էր, որ որոշել էին ոչ թե դպրոցից տանել հայոց լեզվի գնահատականը, այլ առանձին հանձնել, իմ բախտը բերեց, 130 հոգուց 80-ը կտրվեց, այսինքն՝ ստացվեց, ով անցավ այդ քննությունը, նա էլ ընդունվեց ինստիտուտ, որովհետեւ հենց այդքան էլ տեղ կար: Ի դեպ, շատ լավ երեխաներ կտրվեցին հենց հայոց լեզվից:

Անմիջապես թատրոն եկա

Հակոբ Ղազանչյանի կուրս ընդունվելուց անմիջապես հետո մենք եկանք թատրոն՝ փոխարինելու երիտասարդ սերնդին, ովքեր բանակ էին գնացել: Ինստիտուտում համարյա չէինք լինում, միայն հումանիտար առարկաների ժամերին՝ առավոտյան մինչեւ 12-ը: Դրանից անմիջապես հետո թատրոնում էինք: Այժմ հասկանում եմ, որ լավ կլինի ինստիտուտում կուրս ունենան մարդիկ, ովքեր որեւէ թատրոնում գործունեություն են ծավալում: Թատրոնը պրակտիկ արվեստ է:

Իշխան Ղարիբյանը


Ամենօրյա աշխատանք

Ինստիտուտից հետո սկսվեց դժոխքը. Հակոբ Ղազանչյանը կուրս չհավաքեց, մեր կուրսի բոլոր տղաները գնացին բանակ, կամ դուրս եկան թատրոնից, իսկ ես տեսողության հետ կապված խնդիրների պատճառով ազատվեցի: Էդտեղ սկսվեց կինոն, ամեն ինչ իմ վրա մնաց: Շատ ծանր շրջան էր, այնքան էի խաղում՝ չէի գիտակցում՝ ինչ է կատարվում, արդեն մեխանիկորեն խաղում էի, փորձում էի հասցնել: Բայց ընդհանրապես չեմ ափսոսում այդ էտապի համար: Ամենակարեւորը՝ այն ինձ թատրոնը ճիշտ ընկալելու զգացողություն տվեց: Ես այն կարծիքին եմ, որ թատրոն պետք է ամեն օր մտնես ու ապացուցես քո պիտանելիությունը, դա ամենօրյա աշխատանք է:

«Տպավորություն է՝ թատրոնն երկրի կույրաղիքն է»

Արդեն 20 տարի է՝ թատրոնում եմ, ոլոտից հիասթափություններ չեմ ունեցել, հուսամ՝ չեմ էլ ունենա: Եղել են պահեր, որ մտածել եմ այս ամենը թողնելու մասին, բայց հիմա հասկանում եմ, որ դրանք պահի մտքեր են եղել: Իհարկե, բաներ կան, որոնց հետ չեմ համակերպվում, բայց միայն իմ եւ իմ նման մտածող մի շարք մարդկանցով չի լուծվի այդ խնդիրը, իմ պատկերացումները մի քիչ գլոբալ են այդ առումով: Կռիվս ավելի շատ գիտե՞ք որ հողի վրա է, ցավով եմ ասում, տպավորություն է՝ թե թատրոնի դերասանները ոչ ոքի պետք չեն, ոչ պետությանը, ոչ հասարակությանը, ոչ ֆիլմարտադրությանը: Իմ մասին չեմ խոսում, բայց հաճախ եմ նկարահանման ժամանակ լսում՝ թե ոնց է ռեժիսորը դերասանին ասում՝ թատրոն մի խաղա, այսինքն՝ դա դարձել է վատ բան: Հետո պետության վերաբերմունքը թատրոնին, տպավրություն է՝ այն երկրի կույրաղիքն է, երբ ուզեն, կարող են հանել, բան չի փոխվի: Գուցե տպավորությունս է այդպես, կամ իմ պես մտածող մարդկանց պահանջներն են շատ, բայց իրականում՝ չէ:

Հատկապես երիտասարդները

Ես միշտ եմ ասել՝ այնքան աշխատավարձ կուզեմ ստանամ, որ ինքս որոշեմ՝ որտեղ նկարահանվեմ: Իսկ այժմ առաջարկները հիմնականում ընդունում ես, որովհետեւ գոյության խնդիր կա: Շատ անգամ թատրոններում չի գնահատվում դերասանների զոհողությունը, իսկ էն մարդիկ, ովքեր 60-70 հազար դրամով աշխատում են, անասելի մեծ զոհողության են գնում: Ես միշտ ասել եմ՝ կուզեի աշխատել այն մարդկանց հետ, ովքեր իրոք սիրում են թատրոնը, այլ ոչ թե իրենց են սիրում թատրոնում: Հատկապես երիտասարդների մեջ է դա վառ արտահայտվում, որ իրենք իրենց են սիրում այդ թատրոնում, իրենք չեն ուզում թատրոնը լավը դարձնել, այլ ուզում են իրենց դիրքը լավը դարձնել:

«Խաղում եմ Ալիկ, ուրեմն կարելի է իմ հետեւից ռեպլիկ թողնել»

Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում, ինտերնետի դարում, ազատ խոսքի դարում լինել այնքան ապուշ, որ դերասանին ու կերպարին նույնացնել: Այսինքն՝ չհասկանալ, որ այդ մարդը դեր է խաղում: Այսօր, եթե ես խաղում եմ գողականի դեր, ինձ սկսում են հարգել, վաղը «Ազիզյաններում» խաղում եմ Ալիկ, ուրեմն կարելի է իմ հետեւից ռեպլիկ թողնել: Դա ապուշություն է, ինտելեկտի բացարձակ բացակայության մասին է խոսում, դրա համար էլ ներողություն չեմ խնդրում այն մարդկանցից, որոնց վիրավորեցի: Եթե մարդիկ իմ ասածից վիրավորվում են, ուրեմն թող դրանից հետեւություն անեն:

Ամուսնալուծություն

Վիոլան երեք տարեկան էր, երբ ես ու Անի Բայաթյանը բաժանվեցինք: Իրականում, այնպես չէ, որ մարդիկ մի օր արթնանում են ու որոշում են ամուսնալուծվել: Պատճառները շատ էին, չեմ ուզում մանրամասնել, բայց գլխավոր պատճառն այն էր, որ էլ չկար սեր: Իսկ ինձ համար սերը կապվածությունն է, իսկ երբ չես պատկերացնում՝ այդ մարդու հետ վաղն ինչ ես անելու, բա մյուս օրը, բա տասը տարի հետո, ուրեմն էլ սեր չկա: Երեխա ունենալու գործոնն երբեք ինձ համար պատճառ չի եղել ընտանիքը պահելու, չբաժանվելու համար: Ես ամեն ինչ անում եմ, որ Վիոլան չզգա իմ բացակայութունը, իհարկե, վերջին շրջանում, քանի որ 3 երեխա ունեմ, ստիպված եմ 3-ի համար վազել, ավելի քիչ եմ տեսնում նրան, բայց մենք շատ կապված ենք: Անիի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենք, դատարանից գալիս էինք միասին ներկայացում խաղալու, եւ այժմ էլ խաղում ենք:

«Բարդ է երկրորդ անգամ ընտանիք կազմելը»

Ամուսնալուծությունից հետո հասկացա, որ, եթե շուտ չամուսնանամ, էլ չեմ ամուսնանա: Մենակություն չեմ սիրում, եթե ուշ եմ տուն գնում, անպայման մեկին հանում եմ քնից, որ միասին նստենք, խոսենք, հաց ուտենք: Դա հիմնականում մամաս է լինում: Ես չէի ուզում էլ ամուսնացած չլինեի, ինչքան էլ որ բարդ է երկրորդ անգամ ընտանիք կազմելը, երեխաներին միմյանց հետ ծանոթացնելը եւ այլն: Մի բարդ պրոցես է, որ մարդ կարող է հանգիստ չանցնել առաջինից հետո, բայց ես գիտակցաբար գնացի այդ քայլին:

Իշխան Ղարիբյանը


«Երկու տարի հետո կրկին ամուսնացա»

Բաժանվելուց մոտ երկու տարի հետո ամուսնացա Թեմոյի հետ (դերասանուհի Թեհմինե Խաչատրյանի մասին է խոսքը,-հեղ.): Նրան ինստիտուտի տարիներից գիտեի, բայց մի օր պատահաբար գրեց սոցցանցերով, հրավիրեց ներկայացման, գնացի, նայեցի, բեմում տեսա նրան ու սիրահարվեցի: Ընկերոջս ասացի՝ այս աղջիկն իմ կինը պետք է լինի… եւ այդպես էլ եղավ: Հարսանիք չենք արել, փոքրուց չեմ սիրել այդ ավանդույթը, բայց ուզում ենք առաջիկայում եկեղեցի գնալ եւ օրհնություն ստանալ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին