×


Արման Նուռը, Լիլիթ Մակունցը եւ Լիլիթ Հովհաննիսյանը

Իտալական ժամանակակից արվեստի ինքնատիպ նմուշները՝ «Նուռ» ցուցասրահում

Իտալացի հայտնի արվեստագետների ժամանակակից գործերն այս օրերին ներկայացված են Հայաստանում: «Նուռ» ցուցասրահում բացվել է «Հյուսիսային 40° զուգահեռականի ժամանակակից գանձերը. Հայաստանը հյուրընկալում է իտալական արվեստը Բազիլիկատայից» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված են իտալացի վեց արվեստագետների տարբեր ստեղծագործություններ` գեղանկար, քանդակ, խեցեգործություն, ոսկերչություն, ֆոտոարվեստ եւ վիդեոարտ: Բացմանը ներկա էին հայ եւ իտալացի արվեստագետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Հայաստանը հյուրընկալում է իտլական արվեստը Բազիլիկատայից» խորագրով ցուցահանդեսի բացմանը


Իտալացի գործիչների հետ Արման Նուռը ծանոթություններ էր ձեռք բերել դեռ նախորդ տարի` Ֆլորենցիայում կայացած ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեի շրջանակում: Արդյունքում 2018թ.-ի ապրիլին «Նուռ» ցուցասրահի եւ Պորտա Չելի միջազգային արվեստի պատկերասրահի եւ ակադեմիայի միջեւ կնքվեց մշակութային փոխհամագործակցության պայմանագիր, որի շրջանակում էլ կազմակերպվել է իտալական գործերի երեւանյան ցուցադրությունը: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի Բազիլիկատա նահանգի տարածաշրջանային խորհրդի նախագահության եւ Վենոզա քաղաքի հովանու ներքո:

Ցուցադրության համադրողներից Անիելլո Էրտիկոն, ով նաեւ ներկայացված վեց արվեստագետներից մեկն է, իր ելույթի խոսքում նշեց, որ Հայաստանում իրենք հանդիպել են շատ ծանոթ մշակութային տարրերի, որոնք նման են Իտալիայի հարավին եւ իրենց տարածաշրջանին.«Անցած հոկտեմբերին, երբ մենք հանդիպեցինք Արմանին ու Լիլիթին, բացահայտեցինք արվեստի ու մարդկության մի շատ կարեւոր օրինակ, որը կարող է մշակութային դուռ բացել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Մենք այստեղ ենք այն ցանկությամբ, որ մեր արվեստը ներկայացնենք որպես խոստացված աջակցություն Եվրոպայում եւ Իտալիայում հայկական մշակույթի խթանման համար: Իսկ Նուռին եւ Լիլիթին խնդրել ենք, որ մեր տարածաշրջանում լինեն ձեր մշակութային դեսպանները»,- ասաց արվեստագետը:

«Հայաստանը հյուրընկալում է իտլական արվեստը Բազիլիկատայից» խորագրով ցուցահանդեսի բացմանը


Նշենք, որ իտալացիների կողմից ընտրվել են ամենավավերական արվեստի գործերը, որոնք տեխնիկապես եւ ժանրերով տարբեր են: Անիելլո Էրտիկոյի համոզմամբ` այդպիսով իրենք կկարողանան պատմել Հայաստանին, թե որն է այսօր իտալական արվեստը եւ հատկապես այն տարածաշրջանը, որը ներկայացնում է Մատերա քաղաքը: Ի դեպ, 2018 թվականին այն կհամարվի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Իր ելույթի ավարտին իտալացի արվեստագետը ընդգծեց, որ մի բան հստակ է` հայ ազգը ֆանտաստիկ է, եւ մեր ժողովրդին մաղթեց բարի երթ բոլոր գործերում: Նրա այս դիտարկումը, իհարկե, բուռն ծափողջյուններով ընդունվեց ներկաների կողմից:

BRAVO.am-ի հետ զրույցում Արման Նուռը նկատեց, որ այս փոքրիկ ցուցահանդեսը շատ մեծ իրադարձություն է իրականում, քանի որ հայերն ու իտալացիները համատեղ ստեղծել են ապագային նայող մեծ նախագիծ, եւ սա իրենց համագործակցության սկիզբն է միայն.«Ֆլորենցիայի բիենալեի ժամանակ իմ աշխատանքները գրավեցին տեղի արվեստագետների ուշադրությունը, եւ նրանք որոշեցին գալ Հայաստան՝ իմ «Ճանճ» ցուցահանդեսի բացմանը: Դրանից հետո նրանք սիրահարվեցին Հայաստանին, հայ ժողովրդին, մեր արվեստին ու միջավայրին, եւ որոշեցին շարունակել աշխատել մեզ հետ: Ես համոզված եմ, որ շատ մեծ նախագծի սկիզբ ենք դրել, եւ հաջորդ քայլերը շատ ավելի ուրախալի են լինելու»:

«Հայաստանը հյուրընկալում է իտլական արվեստը Բազիլիկատայից» խորագրով ցուցահանդեսի բացմանը


Հավելենք, որ հանրության համար ցուցադրությունը գործելու է մինչեւ օգոստոսի 18-ը՝ ժամը 11:30-ից 20:00-ն: Ի դեպ, ցուցադրության մուտքն անվճար է, այնպես որ շտապեք դիտել իտալական ժամանակակից արվեստի լավագույն նմուշները:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին