×


Վինչենցո դել Մոնակոն եւ Պյոտր Սվիտալսկին

Իտալական ժամանակակից ֆիլմերը` հայաստանյան կինոէկրաններին

Եվրոպայի օրերի շրջանակում մայիսի 23-ից 26-ը Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի իտալական «SudEstival» կինոփառատոնը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ: Երեկ էլ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը, որին ներկա էին հայ եւ իտալացի կինոգործիչներ, դեսպանությունների ներկայացուցիչներ եւ կինոսերներ:

«Մենք այստեղ ենք` ներկայացնելու ժամանակակից իտալական կինոն: Երեւանում ցուցադրությունը կտեւի երեք օր, որից հետո այդ ֆիլմերը կտանենք Գյումրի եւ կցուցադրենք նաեւ այնտեղ: Կարծում եմ` կինոփառատոնի անցկացումը լավագույն միջոցն է եվրոպական օրերը Հայաստանում նշելու համար: Կինոն հանդիսանում է բոլոր երկրների մշակութային ոգին, եւ իտալական կինոյի առանձնահատկությունն այն է, որ կարողանում է լավագույնս միավորել պատմությունը եւ սցենոգրաֆիան լուսանկարչական արվեստի եւ երաժշտության հետ»,- իր բացման խոսքում նշեց Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ընդգծեց, որ իտալական ֆիլմերի մեծ սիրահար է, այդ պատճառով էլ ներկա է փառատոնին եւ եկել է դիտելու բացման ֆիլմը: Նա նաեւ նշեց, որ ծրագրի շրջանակում ուսանողների համար անցկացվելու են մագիստրոսական դասընթացներ՝ իտալացի ռեժիսորների մասնակցությամբ.«Հուսով եմ, որ հայ կինոսերները կկարողանան օգտվել բոլոր դասընթացներից եւ ֆիլմերի ցուցադրություններից, եւ համոզված եմ, որ այս նախաձեռնությունները շարունակական կլինեն»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին


Միջոցառման շրջանակում Հայաստան էր ժամանել նաեւ «SudEstival» փառատոնի գեղարվեստական տնօրեն Միկելե Սուման: Նրա գլխավորած կինոփառատոնը սկիզբ է առել Ապուլիա տարածաշրջանում եւ 2008 թվականից ի վեր ներկայացնում է իտալական ժամանակակից կինոն: Փառատոնը սկզբում հաջողել է հենց Իտալիայում, այնուհետեւ, համախմբելով կինոսերների մեծ լսարան, սկսել է ճամփորդել աշխարհի տարբեր երկրներում: Այսօր այն արդեն ներկայացվում է նաեւ Հայաստանում` հնարավորություն ընձեռելով բացահայտել իտալական նոր կինոյի լավագույն օրինակները:

«SudEstival» փառատոնի գեղարվեստական տնօրեն Միկելե Սուման


«Որպես բացման ֆիլմ՝ կներկայացվի Անտոնիո Պադովանի «The Last Prosecco» դետեկտիվ պատմությունը: Հաջորդիվ կցուցադրվի ռեժիսոր Միրկո Պինչելիի «The Habit of Beauty» դրաման, որտեղ շատ մեծ դեր է խաղում նաեւ սերը: Իսկ երրորդ երեկոյի ընթացքում կներկայացվի կոմեդիա, որը նկարահանվել է Հռոմում: Ֆիլմը կոչվում է «Nove lune e mezza»: Կարծում եմ` սա լավ առիթ է ճանաչել իտալական ժամանակակից կինոն»,- նկատեց Միկելե Սուման:

Հավելենք, որ ցուցադրությունների մուտքն անվճար է: Ֆիլմերը ներկայացվում են իտալերեն լեզվով եւ անգլերեն ենթագրերով: Մաղթում ենք իտալական հաճելի կինոերեկոներ:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին