×


Լեոնիդ Ենգիբարյանի “Անձրեւանոցով թռիչք”-ը` Ծաղկաձորում : )

Ծաղկաձորը մնջախաղի քաղաքի է վերածվել:). օգոստոսի 10-ից 15-ն այստեղ անց է կացվում Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների 3-րդ միջազգային փառատոնը:

Լեոնիդ Ենգիբարյանի արձանը բացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը


“Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը” կարգախոսով փառատոնի շրջանակում մինչ օրս ցուցադրվել են բացօթյա ներկայացումներ` “Սպիտակ տանգո”-ն եւ “Բայփլեյզ”-ը` Ղազախստանից ժամանած Սերգեյ Չերվյակովի կատարմամբ, “Սանս Մոթս”-ը` իտալացի Մատեո Չոնինիի կատարմամբ, “Դոջո-ջի”-ն` ճապոնացի Մակոտո Ինոուեի կատարմամբ, Դանիայի “Ֆիզիքալ Ֆորմ” թատրոնի “Անկատար իրականություն”-ը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի “Շրջանակից դուրս”-ը, “Միմ Ստուդիո”-ի “Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ”-ը, “Հայ Ֆայեր”-ի “Ախթամար”-ը, “Օվասիս մնջախաղի թատրոն”-ի “Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի երազը”-ը, մասնապատումներ, կրկեսային համարներ, “2 Լեոնիդ 2” ֆիլմն ու վիդեոբացիկ`նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակին: Փառատոնի շրջանակներում կայացել է նաեւ մնջախաղի վարպետության դասընթաց, որը վարել է Ելենա Մարկովան:

“Միմ Ստուդիո”- ն մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի ժամանակ


Փառատոնի մասնակիցները մեդալներ են ստացել, բայց ամենակարեւոր ու սպասված պահը Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացումն էր, որը կատարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արձանի բացմանը ներկա էին նաեւ Երեւանի եւ Ծաղկաձորի քաղաքապետերը` Տարոն Մարգարյանն ու Գարուն Միրզոյանը:

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում Լեոնիդ Ենգիբարյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանին, արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը


“Փառատոններ կարող են ամեն տարի լինել, բայց նման արձան ամեն տարի չենք ունենա: Այս քաղաքային միջավայրի մեջ տեղին արձան ստացվեց, կարծում եմ, դուր կգա բոլորին”,- BRAVO.am-ին ասել է Ժիրայր Դադասյանը:

Արձանում Ենգիբարյանի հայտնի մանրապատումներից մեկն է`“Թռիչք անձրեւանոցով”: “Կան կերպարներ, որոնք կերտելիս պետք չէ երկար մտածել. անունն արդեն ամեն ինչ ասում է: Լեոնիդ Ենգիբարյանն այդպիսի կերպարներից է, ում չէի կարող ուղիղ կանգնած քանդակել, շարժում էր պետք”,- BRAVO.am-ին ասել է արձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Մինասյանը: Հեղինակը նշել է, որ բրոնզաձույլ արձանը ստեղծվել է 40 օրում: “Բնականաբար, նման թեմայից դժվար է հրաժարվել: Հաշվի չառնելով ժամկետներն ու հնարավորությունները` առաջարկը ստանալուն պես գործի ենք անցել”,- ասել է Դավիթ Մինասյանը:

Դանիայի “Ֆիզիքալ Ֆորմ” թատրոնը` մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի ժամանակ


Արձանի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են կրկեսային համարներն ու մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի մանրապատում- ներկայացումները:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնը կտեւի մինչ օգոստոսի 15-ը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW