×


“Խաչատրյան տրիո”. դասականը միշտ նորաձեւ է

“Խաչատրյան տրիո’’-ն` հանձինս ջութակահար Կարեն Շահգալդյանի, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի եւ թավջութակահար Կարեն Քոչարյանի, բավական հագեցած տարի է ունեցել: “2011 թվականը շատ հետաքրքիր եւ աշխատանքով լի էր մեզ համար: Կառանձնացնեմ Ավստրալիա կատարած շրջագայությունները: Այս երկիրը ցնցեց մեզ իր յուրահատկությամբ ու նորամուծություններով’’,-BRAVO.am-ին պատել է Կարեն Շահգալդյանը:

Կարեն Շահգալդյանը, Արմինե Գրիգորյանը եւ Կարեն Քոչարյանը


Առանձնացնենք նաեւ “Խաչատրյան տրիո”-ի մասնակցությունը Մոլդովայում կայացած “Մերցիշոր” փառատոնին, որը տեղի է ունեցել 46-րդ անգամ: Երաժիշտները նշում են` իրենց համար նախորդ տարվա ամենից կարեւոր իրադարձությունը, այնուամենայնիվ, Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի ստեղծումն է, որի օժանդակությամբ, օրինակ, Վանաձորի արվեստի դպրոցում թավջութակի դասարան է բացվել:
 
Այս տարին եւս խոստանում է ակտիվ եւ աշխատանքային բուռն գործունեությամբ լի լինել “Խաչատրյան տրիո’’-ի երաժիշտների համար: “Նպատակներն ու պլանները շատ են, որոնք պատրաստվում ենք իրականացնել հայրենիքում եւ արտերկրում’’,-նշել է Կարեն Շահգալդյանը:

Կարեն Շահգալդյանն ու Մաքսիմ Նովիկովը


“Դասականը միշտ նորաձեւ է’’ խորագրի ներքո տրիոն մարտի 11-ին համերգային շրջագայություն է սկսել Ռուսաստանի քաղաքներում եւ Լատվիայում, որտեղ կմասնակցի նաեւ ալտահար Մաքսիմ Նովիկովի “Spring Music Academy” փառատոնին: Դրա  շրջանակներում համերգներ տեղի կունենան Ռիգայում եւ Սիգուլդայում:

Ռուսաստանում “Խաչատրյան տրիո’’-ն հանդես կգա մենահամերգներով, ինչպես նաեւ համատեղ ելույթներով: Համերգները կկայանան Մոսկվայում, Յարոսլավլում, Կոստրոմայում եւ Իվանովոյում, որոնց ընթացքում տրիոն կկատարի Բաբաջանյանի, Չայկովսկու, Ռախմանինովի, Բեթհովենի եւ մյուսների ստեղծագործությունները:
 

"Խաչատրյան տրիո"-ն


Ապրիլին երաժիշտները համերգ կտան Երեւանում: Տրիոյի ելույթը մեր մայրաքաղաքում հնարավոր կլինի վայելել նաեւ մայիսին եւ հունիսին: “Խաչատրյան տրիո’’-ն խոստանում է բազմաթիվ անակնկալներ մատուցել դասական երաժշտության սիրահարներին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` “Խաչատրյան տրիո’’-ի արխիվից  եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW