×


Համալիրում թեժ էր. Բրեգովիչի բացառիկությունն ու հանդիսատեսի խենթությունը

«Եթե խենթություններ չես անում, ուրեմն նորմալ մարդ չես»՝ այս բանաձեւով են ընթանում աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի մենահամերգներն ամբողջ աշխարհում: Երեկ նույն գաղափարին հետեւեց նաեւ երեւանյան հանդիսատեսը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգի ողջ ընթացքում: Ութ տարի անց Բրեգովիչը կրկին Հայաստանում էր՝ իր «Հարսանիքի եւ թաղման» նվագախմբով:

Հանրահայտ երաժիշտների երեւանյան համերգը կազմակերպել էր «Մեցցո» փրոդաքշնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես հայտնի է, Բրեգովիչը հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են՝ «Սեւ կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» հայտնի ֆիլմերը: Նրա երաժշտությանը բնորոշ են բալկանյան, հունական, հռոմեական եւ գնչուական հնչերանգները, որոնց մեծ սիրահարն է նաեւ հայ հանդիսատեսը: Ողջ համերգի ընթացքում նրանք պարեցին ու երգեցին նվագախմբի հետ:

Գորան Բրեգովիչի երեւանյան համերգին


Բրեգովիչի մենահամերգը սկսվեց ոչ թե բեմից, այլ դահլիճից. նվագախմբի երաժիշտները՝ փողային գործիքները ձեռքներին, հայտնվեցին հանդիսատեսի շարքերում եւ նվագելով բարձրացան բեմ՝ միանալու սերբ երաժշտին: Վերջինս բեմ եկավ իր սիրելի սպիտակ կոստյումը հագին, ողջունեց հանդիսատեսին, որոնց շարքերում քիչ չէին նաեւ արտասահմանցի ունկնդիրները, եւ ներկայացրեց իր նվագախմբի երաժիշտներին: Համերգային ծրագիրը մեկնարկեց հին ու սիրված երգերով, հնչեցին նաեւ նոր ստեղծագործություններ:

Գորան Բրեգովիչի երեւանյան համերգին


Եթե երեկոյի սկզբում հանդիսատեսը համեմատաբար պասիվ էր ու տեղում էր վայելում ուրախ ռիթմերը, ապա մեկ-երկու երգ հետո շատերը հավաքվեցին բեմի առջեւում ու սկսեցին ինքնամոռաց պարել: Նրանց թվում էր նաեւ ռեժիսոր Կարո Բալյանը, ով մեզ հետ զրույցում խոստովանեց` արդեն 18 տարի է` լսում է Բրեգովիչին եւ ներկա է եղել բազմաթիվ համերգների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում.«Սկզբում Կուստուրիցայի ֆիլմերի միջոցով ճանաչեցի նրան, այնուհետեւ սկսեցի հետեւել նաեւ նվագախմբի գործունեությանը: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես իր երաժշտության եւ Կուստուրիցայի «No Smoking Orchestra»-ի մեծ սիրահար եմ: Ուղղակի շատ եմ սիրում այդ ոճը»,- ասաց նա:

Երաժիշտը մեկ անգամ նույնիսկ հորդորեց բոլորին վերադառնալ իրենց տեղերը, նախ՝ քանի որ հաջորդ կատարումը պարային չէր, եւ հետո էլ՝ կարող էին առջեւում նստածներին խանգարել: Ակտիվ հանդիսատեսն այդ անգամ լսեց Բրեգովիչի հորդորը, բայց երկու երգ հետո բոլորը կրկին պարում էին բեմի առջեւում: Կատարումներից մեկի ժամանակ էլ երաժիշտը խնդրեց չծափահարել, փոխարենը ձայնակցել իրեն. այդպես ավելի գեղեցիկ ու համահունչ կստացվեր: Չնայած սրան՝ պետք է նշենք, որ Բրեգովիչը հաճախ չէր խոսում ներկաների հետ, փոխարենը մոտ երկու ժամ անդադար նվագեցին ու երգեցին՝ այդպիսով ապահովելով կենդանի շփումը հանդիսատեսի հետ:

Լիդիա Գրիգորյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Ռոլանդ Գասպարյանը


Սա այն դեպքերից էր, երբ համերգի ավարտին բիսերը ոչ թե մեկ-երկուսն էին, այլ՝ վեցը: Երբ Գորան Բրեգովիչը պատրաստվում էր հեռանալ բեմից, հանդիսատեսը նրան հետ կանչեց՝ ակնկալելով մի քանի կատարում էլ լսել: Երաժիշտներն էլ եկան ու շարունակեցին մոտ կես ժամ եւս նվագել: Ներկաների ոգեւորությունը մեծ էր, սպասումներն էլ՝ արդարացված :):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինե Ասլանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին