Իտալիայում հայ ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների՝ արդեն ավանդույթ դարձած ցուցադրությունների կազմակերպմանը Ջակոմո Տռոպեանոյի կողմից BRAVO.am-ն արդեն անդրադարձել է: Այդ ժամանակ Իտալիայի մշակույթի նախարարի հավատարմատարն եկել էր Հայաստանի հետ ծանոթանալու եւ բացի դա, Հռոմում կայանալիք ցուցահանդեսին մասնակցող արվեստագետների խումբ հավաքելու համար:
Նկարիչ Սեւակ Գրիգորյանը (մեջտեղում)
Այս անգամ էլ BRAVO.am-ի թղթակիցն է Իտալիա այցելության ժամանակ զրուցել պարոն Տռոպեանոյի հետ Իտալիայի հարավում գտնվող Սկաֆատի քաղաքում այս օրերին տեղի ունեցող հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի մասին:
“Այս անգամ ցուցահանդեսը որոշեցի կազմակերպել Սկաֆատիի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիֆիկո Բորբոնիկոյում: Նկարիչները եւ քանդակագործներն անձնապես չեն ներկայացել, սակայն ուղարկել են իրենց ստեղծագործությունները: “Հայ արտիստները Սկաֆատիում” խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 97-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ հայ արվեստագետների յուրահատուկ աշխատանքներն Իտալիայում ներկայացնելու իմ ցանկությամբ”, -նշել է Իտալիայի մշակույթի նախարարի հավատարմատար:
"Հայ արտիստները Սկաֆատիում” խորագրով ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից
Ջակոմո Տռոպեանոն ասել է, որ ցուցահանդեսին ներկա է եղել հայ միայն մեկ նկարիչ` Իտալիայում բնակվող Սեւակ Գրիգորյանը, որի հետ եւս զրուցել ենք. “Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում պարոն Տռոպեանոյի կազմակերպած ցուցահանդեսներին: Հռոմում տեղի ունեցած ցուցահանդեսին երկու աշխատանք էի ներկայացրել, իսկ այս անգամ՝ արդեն հինգ: Շատ եմ գնահատում նման ցուցահանդեսների անցկացումը, քանի որ դրանք օգնում են Իտալիայում մեզ ճանաչել որպես ստեղծագործող ազգ: Ասեմ, որ ցուցահանդեսը լավ էր կազմակերպված, եւ այս անգամ ավելի շատ զգացի մարդկանց հետաքրքրվածությունը”:
Պարոն Ջակոմոն էլ է նշել, որ հայ ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների ցուցահանդեսները բավական մեծ հետաքրքրություն են առաջացնում Իտալիայում, մեր արվեստագետների ստեղծագործությունները դիտել ցանկացողների թիվն էլ աճում է:
Իտալիայի Սկաֆատի քաղաքում հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես է տեղի ունեցել
“Հայ արտիստները Սկաֆատիում” խորագրով ցուցահանդեսին իրենց ստեղծագործությունները ներկայացրած արվեստագետներն են Խաչիկ Աբրահամյանը, Աշոտ Աբաջյանը, Գոռ Ավետիսյանը, Գագիկ Բադալյանը, Աշոտ Բաղդասարյանը, Գարեգին Դավթյանը, Գագիկ Ղազանչյանը, Ահարոն Լաբին Գրիգորյանը, Սեւակ Գրիգորյանը, Ալբերտ Հակոբյանը, Հրանտ Միրզոյանը, Սոնյա Օրֆալյանը, Սամվել Սաղաթելյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Գագիկ Տոնյանը եւ Վարդան Ոսկանյանը: Նշենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 31-ը:
Տեղեկացնենք, որ ապրիլի 17-ին Սկաֆատիի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` “հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին եւ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին”:
Իտալիայի մշակույթի նախարարի հավատարմատարը հույս է հայտնել, որ նորից կժամանի Հայաստան` “Երեւանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագրի միջոցառումների շրջանակներում:
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ջակոմո Տռոպեանոյի անձնական արխիվից


×
4,901






