×


Հայ դիզայներների ցուցադրությունը՝ կարմիր ժապավեններով ու դիմակներով

Նկարիչների միության մեծ ցուցասրահում երեկ կայացել է «Fashion Aids Line» խորագրով մրցույթը։ Սոցիալական բնույթ կրող միջազգային նախագիծը նպատակ ունի տարբեր երկրներում հանրության ուշադրությունը հրավիրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին մշակույթի ճյուղ համարվող նորաձեւության միջոցով։

Մրցույթի ընթացքում պարզ դարձավ, թե դիզայներներից ով է կարողանում ավելի ինքնատիպ մեկնաբանել «կարմիր ժապավենը», որն աշխարհում միավորում է ՄԻԱՎ-ի դեմ պայքարողներին։ Երիտասարդ մոդելավորողներին առաջադրանք էր տրված կարմիր ժապավենի օգտագործմամբ պատրաստել երեքական զգեստ, նաեւ ինքնատիպ դիմակներ, որոնք խորհրդանշում են խտրականության տարբեր տեսակներ։

Նորաձեւության ցուցադրությանը


Մրցույթի ժյուրիի կազմում էին ոճաբան Արմեն Երիցյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրի ղեկավար Լենա Նանուշյանը, նույն ծրագրի կարմիր ժապավենի տարածաշրջանային թիմի անդամ Արուսիկ Մկրտչյանը՝ դիջեյ Վակցինան, «Հայ մայրեր» ՀԿ-ի ղեկավար Նարինե Մանուկյանը, դիզայներ Լիանա Սարգսյանը եւ այլք։

Մրցույթի մասնակից 8 երիտասարդ մոդելավորողներն էին Էլեն Տիտանյանը, Նարինե Բադալյանը, Ասյա Տեր-Հովակիմյանը, Սվետլանա Մկրտչյանը, Անի Չիչոյանը, Անուշ Մկրտչյանը, Էրիկա Չիլինգարյանը, Քրիստինե Անանյանը։ Հաղթող երեք դիզայներները հնարավորություն ստացան Հայաստանը ներկայացնել 2018-ի ապրիլի 18-ից 20-ը Մոսկվայում կայանալիք նորաձեւության ցուցադրությանը, որը տեղի կունենա Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջազգային գիտաժողովի շրջանակում։

Նորաձեւության ցուցադրությանը


«Fashion Aids Line» միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը ու Նաիրա Նիազյանը։ Հատուկ մրցույթի համար Մոսկվայից Երեւան ժամանած Նաիրան BRAVO.am-ին հայտնել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին նորաձեւության միջոցով խոսելը գուցե կնպաստի, որ մարդիկ անվճար ու անանուն անցնեն ՄԻԱՎ-ի թեստավորում.«Այս միջոցառման շնորհիվ ցանկանում ենք բարձրաձայնել ու իրազեկել մարդկանց, որ առանց պատճառի էլ պետք է հետազոտվել, պետք չէ ամաչել, գիտելիքով կարելի է պաշտպանվել վարակից։ Կարծում եմ՝ բացի սոցիալական մեծ խնդրի մասին խոսելուց, նաեւ հաղթող մոդելավորողների համար լավ հնարավորություն է ներկայանալ միջազգային գիտաժողովին, որտեղ հավաքվելու են աշխարհի տարբեր երկրների փորձառու ու հայտնի մասնագետներ»։

ՄԻԱՎ-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսը եւ ՁԻԱՀ-ը՝ ձեռքերովի իմունային անբավարարության համախտանիշն այսօր գլոբալ խնդիր են։ Արյան մեջ վիրուսի առկայությունը հնարավոր է հաստատել միայն հետազոտության միջոցով։  ՁԻԱՀ-ը զարգանում է վարակվելուց տարիներ հետո։ Հայաստանում բոլորը կարող են ստուգվել անվճար եւ անանուն.«Մեր առողջության հանդեպ պետք է ավելի զգոն լինենք, գիտելիքներ ունենանք կանխարգելման վերաբերյալ, իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել բացասական հետեւանքներն ու կանխել հետագա զարգացումը»,- նշել է հանդիսավար Նարեկ Քթոյանը։

Արմեն Երիցյանը եւ Մարինե Հակոբյանը


Ներկաների մեծ մասը կրում էին համերաշխության համախմբման խորհրդանիշ կարմիր ժապավենը, որը միավորում է ամբողջ աշխարհում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարող մարդկանց։  

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին