×


Հայաստանում “Իտալական խոհանոցի շաբաթ” կանցկացվի

Հունիսի 4-ին Հայաստանում կմեկնարկի իտալական խոհանոցի շաբաթը: Մեր երկրում արդեն երրորդ անգամ իրականացվող այս փառատոնի մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Դեսպանատանը նաեւ իտալական ուտեստների համտես է տեղի ունեցել:

Իտալական ուտեստների հյուրասիրություն Հայաստանում Իտալիայի դեսպանատանը


“Արդեն իսկ ավանդույթ է դարձել Հայաստանում ներկայացնել Իտալիայի տարբեր շրջանների յուրահատուկ ճաշատեսակներն իրենց համերով եւ գույներով: Շատ ուրախ եմ, որ իմ պաշտոնավարման օրոք կրկին կմասնակցեմ այս հիանալի փառատոնին”,- ասել է Բրունո Սկապինին ու նշել, որ նախաձեռնության նպատակն է հայաստանցիներին ներկայացնել իտալական հարուստ խոհանոցն ու մշակույթը:

Հայաստանում “Իտալական խոհանոցի շաբաթ” կանցկացվի


Այս տարի փառատոնին կմասնակցի 13 ռեստորան, իսկ Իտալիայից հրավիրված շեֆ-խոհարար Էդուարդո Բավիելոն երկու օր շարունակ վարպետության դասընթացներ կանցկացնի հայ խոհարարների համար:

Իտալիայից հրավիրված շեֆ-խոհարար Էդուարդո Բավիելոն

 
“Շատ ուրախ եմ հյուրընկալվել Հայաստանում: Առաջին անգամ եմ այստեղ: Հուսով եմ՝ հայերին դուր կգա իտալական խոհանոցը եւ միջերկրական սննդակարգը, որը համարվում է Իտալիայի, Իսպանիայի եւ Հունաստանի ժառանգությունը եւ իր մեջ ներառում է այս երկրների սննդային սովորույթները”, -նշել է իտալացի խոհարարը:

Հայաստանում “Իտալական խոհանոցի շաբաթ” կանցկացվի


Էդուարդո Բավիելոն արդեն հասցրել է համտեսել հայկական որոշ ճաշատեսակներ, սակայն նախընտրությունների մասին խոսելը վաղ է համարում, իսկ ահա Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին նշել է, որ իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում հասցրել է սիրել ավելուկը, հարիսան եւ դոլման:

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW