×


Հայաստանում պարում են “վատ” տղաները :)

“Արամ Խաչատրյան” համերգասրահում ապրիլի 18-ին պարային հրավառություն էր. հայ հանդիսատեսի առջեւ համատեղ ելույթով հանդես են եկել Հայաստանի ազգային բալետն ու ամերիկյան “Bad Boys of Dance” պարային համույթը: Երեւանյան բեմում “գրկախառնվել” էին դասական բալետն ու ժամանակակից կրքոտ պարերը:

Բալետի հայ պարողները ներկայացրել են “La Revancha del Tango” բալետը


Համերգին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչից հետո “GOTAN project”-ի երաժշտության ներքո “La Revancha del Tango” բալետն են ներկայացրել Ժակելինա Սարխոշյանը, Մերի Հովհաննիսյանը, Սյուզի Փիրումյանը, Զավեն Հարությունյանը, Սեւակ Ավետիսյանը, Ահարոն Պետրոսյանը, Արման Բալմանուկյանը,  Նելլի Մելքոնյանը, Արտակ Հովհաննիսյանը եւ բալետի հայ այլ պարողներ:

Բալետի հայ պարողները ներկայացրել են “La Revancha del Tango” բալետը


Երկրորդ բաժնում բեմում են հայտնվել վեց “վատ” տղա ու Մայքլ Ջեքսոնի, Փրինսի, “Քուին” խմբի հիթերի ներքո պարային իսկական ֆուրոր արել: “Bad Boys of Dance” խմբի պարողներ Ռասթա Թոմասի, Ռոբի Նիկոլսոնի, Թիմոթի Օլսոնի, Լի Գամբսի, Ջամալ Ուայթի եւ Քամերոն Բինքի լավագույն ներկայացումներից “Rock The Ballet”-ը հայ հանդիսատեսն ընդունել է բուռն ծափողջույններով:

"Bad Boys of Dance" պարային խումբը ելույթ է ունեցել Երեւանում


Փողոցային պարերի ոճից մինչեւ դասական նրբագեղ բալետի միաձուլում ներկայացնող ամերիկյան խմբի հետ ելույթ է ունեցել հրավիրված պարուհի Ադրիեն Քանթերնան: Կլինտ Մենսելի “Intro” եւ Մայքլ Ջեքսոնի “Bad” ստեղծագործությունների ներքո “Բեդ Բոյս օֆ Դանս” խմբի հետ պարել են նաեւ Հայաստանի ազգային բալետի պարողները:    

“Սկզբում մտավախություն ունեի, թե հայ պարողները չեն կարողանա հարմարվել մեր ոճին, քանի որ բալետի պարողները բավական կաշկանդվում են ոճային փոփոխության դեպքում: Բայց ի զարմանս ինձ, ամեն ինչ հիասքանչ էր. մենք միաձուլվեցինք”,-համերգից հետո նշել է “Bad Boys of Dance”-ի հիմնադիր Ռասթա Թոմասը:

"Վատ" տղաների հետ պարել է Ադրիեն Թանթերնան


Ի դեպ, Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը ուսուցանել է Ռասթային Վաշինգթոնի Կիրովի բալետի ակադեմիայում, երբ վերջինս դեռ ծագող պարային տաղանդ էր. “Ռուդոլֆ Խառատյանը անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի ես կարողանամ լավագույնս դրսեւորել ինձ: Արդյունքում, երբ 2007-ին ստեղծեցի խումբս, նույն սկզբունքով էի առաջնորդվում: Ուրախ եմ, որ մեզ ընձեռվեց հնարավորություն այցելել Երեւան”,-ասել է նա:

"Bad Boys of Dance" պարային խումբը ելույթ է ունեցել Երեւանում


BRAVO.am-ի հետ զրույցում Ռասթան նաեւ մեկնաբանել է խմբի անվանումը.“Մենք վատ տղաներ ենք, ովքեր պատրաստ են ջարդել բոլոր կարծրատիպերն ու ներկայացնել պարը ոչ թե ավանդական ձեւով, այլ խառնել ոճերն ու հանդես գալ պարային ոճերի ծաղկեփնջով”:

Ռասթա Թոմասի խոսքով` արդեն հասցրել են զբոսնել Երեւանում, այցելել են Մատենադարան, եւ, իհարկե, համտեսել են հայկական խոհանոցի համեղ ճաշատեսակները. “Առաջինը, ինչ նկատեցի, քաղաքը շատ մաքուր է, իսկ մարդիկ, մասնավորապես աղջիկները, շատ գեղեցիկ են”:

Պարուհի Ադրիեն Թանթերնան


Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած “Bad Boys of Dance” խումբն ու Հայաստանի ազգային բալետը համատեղ ծրագրով երեկ հանդես են եկել Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ այսօր կպարեն Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW