×


Հայկ Թութունջյանն իրագործել է Չիկոյի երազանքը. լույս է տեսել «Ջազը Հայաստանում» հայալեզու գիրքը

«Ես ոչ միայն ջազ եմ նվագում, այլեւ ուզում եմ ջազով վարակել, կրթել մեր հասարակությանը»՝ այս գաղափարի կրողն էր անվանի երաժիշտ, թմբկահար Արմեն Թութունջյանը, ում մտերիմները պարզապես Չիկո էին ասում: Հենց այդ նպատակով էլ նա երկար տարիներ տարբեր հեռուստաընկերություններով պատրաստել եւ վարել է «Ջազի ժամ» հաղորդաշարը, իսկ երեք տարի առաջ լույս ընծայեց իր «Ջազը Հայաստանում» ռուսալեզու ծավալուն ձեռնարկը: Այսօր արդեն՝ նրա մահից մեկ տարի անց, կատարվեց Չիկոյի մյուս երազանքը՝ գիրքը լույս տեսավ նաեւ հայերեն տարբերակով: Նախաձեռնության հեղինակը նրա որդին՝ Հայկ Թութունջյանն է, ում գլխավորությամբ էլ երեկ կայացավ գրքի շնորհանդեսը:

Այն ներկայացնում է Հայաստանում էստրադային եւ ջազային երաժշտության ծագման ու զարգացման 80-ամյա պատմությունը, հիսունից ավելի հայ նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարները եւ շուրջ 80 երաժիշտ-կատարողի ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Չիկոյի «Ջազը Հայաստանում» գրքում ուշադրության է արժանացել նաեւ հայկական ծագումով նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը:

Լույս է տեսել Չիկոյի «Ջազը Հայաստանում» հայալեզու գիրքը


Հայկ Թութունջյանը, ով գրքում որոշակի լրացումներ է կատարել հոր մահից հետո Հայաստանում տեղի ունեցած ջազային իրադարձությունների մասով, BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ իր համար շատ տխուր, բայց նաեւ ուրախալի օր է. կատարվել է հոր երազանքը.«Սա ինձ համար հպարտանալու առիթ է, քանի որ իրականացրել եմ նրա վերջին ցանկություններից մեկը: Այս վիթխարի աշխատանքը, որին նա նվիրել է իր կյանքի վերջին հինգ տարիները, 2015 թվականին լույս էր տեսել ռուսերեն լեզվով: Բայց մեր ցանկությունն էր, որ գիրքը տպագրվի նաեւ հայերեն տարբերակով եւ հասանելի լինի ավելի մեծ թվով ընթերցողների համար, գինն էլ ավելի մատչելի լինի: Ես այսօր կատարում եմ այդ ցանկությունը, եւ երաժշտասեր հանրությանն եմ ներկայացնում «Ջազը Հայաստանում» գրքի հայերեն հրատարակությունը, որը, իմ կարծիքով, շատ պահանջված եւ օգտակար աշխատանք է հատկապես ուսանողության համար»:

Հայկ Թութունջյանը` դստեր հետ


Ինչ վերաբերում է այն լրացումներին, որ Հայկը կատարել է գրքում, ապա դրանք հիմնականում պատմում են ջազային վերջին կարեւոր իրադարձությունների մասին: Չիկոն դրանք պարզապես չի հասցրել ներառել իր գրքում.«Հորս մահից անցել է մեկ տարի, եւ այս ողջ ժամանակահատվածում տեղի են ունեցել տարբեր փառատոներ, համերգներ, ինչպես նաեւ ի հայտ են եկել նոր անուններ ջազային արվեստում: Ես այդ ամենը ներառել եմ գրքի հայերեն հրատարակության մեջ, իմ աշխատանքն ընդամենը դա է եղել: Կարծում եմ՝ նա ոչ մեկին ու ոչ մի պատմություն բաց չի թողել, եւ ես էլ նման առաքելություն չեմ ստանձնել՝ լրացնել գրքում եղած բացերը, քանի որ ինձ չեմ համարում ջազի մասնագետ կամ պրոֆեսիոնալ երաժիշտ: Ես պարզապես կիսվել եմ իմ անձնական կարծիքներով, հիշողություններով ու տպավորություններով»:

Նշենք, որ գիրքը նվիրվում է Հայաստանում ջազային արվեստի 80-ամյակին եւ Արմեն Թութունջյանի սիրելի Երեւանին: Այն ներկայացնում է ջազի ծագման պատմությունը, ջազի ներթափանցումը Եվրոպա եւ Ռուսաստան, խորհրդային ջազի պատմությունը, հայկական ջազի պատմությունը՝ փաստական նյութերի, ժամանակակիցների եւ հեղինակի հիշողությունների հիման վրա, ջազային երաժիշտների ստեղծագործական դիմանկարները եւ համառոտ կենսագրականները, հայկական հետքը հայաստանյան եւ համաշխարհային ջազում, հայ ջազմենների ձայնասկավառակների ընտրանին, ավելի քան 500 լուսանկար եւ 60 իլյուստրացիա:

Չիկոյի «Ջազը Հայաստանում» հայալեզու գրքի շնորհանդեսին


Առաջիկա օրերին գիրքն արդեն հասանելի կլինի Երեւանի բոլոր գրախանութներում: Հայկ Թութունջյանն ասաց` պատրաստվում է դիմել ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի վերջինիս աջակցությամբ գիրքը հասանելի լինի նաեւ բուհերում.«Այն շատ օգտակար ձեռնարկ կարող է լինել երիտասարդ երաժիշտների, երաժշտագետների եւ ընդհանրապես այն երիտասարդների համար, ովքեր ուզում են հասկանալ, թե ջազն ինչ պատմություն է անցել մեր երկրում: Մեր նպատակն է, որ գիրքը հասանելի լինի բուհերում, հանրային գրադարաններում եւ, իհարկե, գրախանութներում: Չէ՞ որ այն կարող է նաեւ ոգեշնչման աղբյուր դառնալ բազմաթիվ երիտասարդ երաժիշտների համար»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին