×


Հայտնիները պաղպաղակ են վաճառել «Բարի մամա»-ին օգնելու համար

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը երեկ կրկին իր շուրջն էր համախմբել հայ հայտնիներին, ովքեր առավոտից պաղպաղակ էին վաճառում Երեւանի կենդանաբանական այգում: Նպատակը «Բարի տնակ» ներառական կենտրոնի կառուցման համար գումար հավաքելն էր, որը նվիրաբերում էին այգու մեծ ու փոքր այցելուները: Սա, իհարկե, «Բարի մամա»-ի առաջին դրամահավաք-միջոցառումը չէր. ծրագրի շրջանակում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, որոնց շնորհիվ եռահարկ շինությունն արդեն կանգուն է: Մնում է կառուցել տանիքը եւ ավարտին հասցնել ներքին հարդարման աշխատանքները:

Պաղպաղակի եւ քաղցրավենիքի վաճառքից բացի, ողջ օրվա ընթացքում այստեղ երեխաներին զբաղեցրին մուլտհերոսները, բազմաթիվ մրցանակներ խաղարկվեցին, ներկայացվեց պղպջակային շոու, ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, մանկական միջոցառումներ իրականացվեցին եւ համերգ` փոքրիկ հայ երգիչների մասնակցությամբ: «Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ներառական կենտրոնի կառուցումը սկսվել է հենց այսպիսի դրամահավաք-միջոցառումների շնորհիվ, որոնց ժամանակ հանգանակվել է հիմնականում 1000-2000 դրամ:

Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Զաքարյանը եւ Նորա Գրիգորյանը


«Մենք արդեն մոտ 40 միլիոն դրամ ծախսել ենք «Բարի տնակը» կառուցելու համար, եւ շատ ուրախ ենք, որ ունենք վստահություն, եւ որ մարդիկ անտարբեր չեն անցնում: Գիտեք, չենք էլ կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր չեն օգնում. ոմանք այնպես են ապականել ոլորտն ու այնքան են խաբել մարդկանց` հատկապես մանկատուն բառն օգտագործելով, որ շատերի վստահությունը կորել է: Բայց մենք այդ վստահությունը քիչ-քիչ ձեռք ենք բերել այս չորս տարվա ընթացքում, եւ մեզ արդեն նույնիսկ փողոցում են ճանաչում»,- ասում է Մարինան:

Արուսիկ Մկրտչյանը եւ Ռուբեն Խաչատրյանը՝ երեխաների հետ


Նշենք, որ «Բարի տնակ»-ի առաջին մասնաշենքում լինելու է վերականգնողական կենտրոն մանկատան սաների համար եւ ապաստարան այն մայրերի համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին: Կազմակերպության անդամների թիվն օրեցօր աճում է, եւ նրանց հիմնական նպատակն է աջակցել հաշմանդամության պատճառով լքված եւ մանկատներում հայտնված երեխաներին: ՀԿ-ի հիմնադիրներն ընդգծում են` իրենք երբեք չեն օգնում հենց մանկատներին, քանի որ դրանցից շատերը կորցրել են բարերարների վստահությունը: Մարինա Ադուլյանը նշել է՝ բոլոր ծրագրերն ու միջոցառումներն իրականացնում են իրենց թիմի ջանքերով եւ հաշվետու լինում յուրաքանչյուր դրամի համար.«Նյութականից առավել մենք կարեւորում ենք երեխաներին ջերմություն եւ սեր նվիրելու հարցը: Մեր գլխավոր նպատակը երեխաներին տուն եւ ընտանիք պարգեւելն է»:

Դավիթ Ալավերդյանը, Դալիթան եւ Էդուարդ Քալանթարյանը


Եթե դուք նույնպես ցանկանում եք գումար նվիրաբերել կամ դառնալ «Բարի մամա» ՀԿ-ի անդամ, ապա կարող եք այցելել կազմակերպության պաշտոնական կայքէջ` http://barimama.org/am/home/ եւ ծանոթանալ բոլոր մանրամասներին: Այդպիսով դուք կաջակցեք լքված եւ մանկատներում հայտնված երեխաների բարօրության ապահովմանը, ինչպես նաեւ կնպաստեք այդ երեխաների եւ նրանց ծնողների վերամիավորմանը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին