×


Հասմիկ Խոջյանը

Հասմիկ Խոջյան. «Անխոս, դժվար է բաժանվել»

«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Մարիամի կերպարը դեբյուտային էր Հասմիկ Խոջյանի համար: Սերիալի ավարտից հետո թե ինչն է ամենից շատ կարոտում, առաջիկա ինչ ծրագրեր ունի, որտեղ կմեկնի հանգստի այս տարի, դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ ունեցած անկեղծ զրույցում:

«Այստեղ աշխատելը հաճույք էր»

Ես իսկապես բախտավոր մարդ եմ, որ հեռուստադիտողը ինձ ճանաչեց հենց այս նախագծով, որտեղ աշխատելը պարզապես հաճույք էր, որտեղ սցենարիստը ստեղծում էր խաղարկային կերպարներ ի շահ դերասանների, ռեժիսորը ճիշտ ուղղու վրա էր դնում դերասաններին եւ տալիս ստեղծագործական ազատություն, իսկ մնացյալը, ովքեր կարդից դուրս էին, ջանք չէին խնայում, որպեսզի միասնական աշխատանքի շնորհիվ ստեղծվի որակյալ հեռուստասերիալ:

Հասմիկ Խոջյանը


«Դեռ չեմ բաժանվել»

Անխոս, դժվար է բաժանվել մի պատմությունից, որով ապրել ես շուրջ տասը ամիս ու ոչ մի օր չես դադարել մտածել դրա մասին: Այս պատմության մեջ, բնականաբար, ամենահոգեհարազատն ինձ համար իմ կերպարն է՝ Մարիամիկը, որից ես դեռ «չեմ բաժանվել»: Այն ամենօրյա աշխատանքը, որը դերասանը կատարում է, ինձ մոտ դեռ աշխատում է, հավանաբար մեխանիկորեն կամ ենթագիտակցորեն, ես դեռ չեմ կարողանում ընդունել, որ նախագիծն ավարտվել է եւ հաճախ եմ ինքս ինձ «բռնացնում», երբ մտածում եմ, թե ինչպես կվարվի իմ Մարիամիկը այս կամ այն իրավիճակում, կամ ինչպես հիմա կխաղայի արդեն եթեր գնացած որեւէ դրվագը, եթե այն դեռ նկարված չլիներ:

«Արագ ավարտվեց ամեն ինչ»

Իրականում ինձ համար անասելի հուզիչ էր, քանի որ նկարահանման վերջին օրը, վերջին տեսարանը հենց իմն էր. չէի կարողանում խաղալ, կամ չէի ուզում, որ գոնե մի քանի րոպե էլ ձգձգվի նկարահանման ընթացքը, սակայն միեւնույն է շատ արագ ավարտվեց ամեն ինչ:

«Կարոտում եմ...»

 Ավարտից հետո ամենից շատ հենց սերիալն եմ կարոտում. կարոտում եմ այն սպասումը, որով ամեն օր մեյլս ստուգում էի ու նոր սերիան էի կարդում: Կարոտում եմ այն, որ գիշերվա որ ժամն էլ լիներ, ինչքան էլ հոգնած լինեի, միեւնույնն է, մինչև մայրիկիս հետ չէինք նայում օրվա սերիան՝ չէինք քնում: Կարոտում եմ խաղընկերներիս հետ աշխատանքը, կարոտում եմ մեր ավագ սերնդի դերասանների հետ ունեցած թեկուզ մի քանի րոպեանոց զրույցները: Անվերջ կարելի է թվարկել ու այդպիսով լցնել այն բացը, որը գոյանում է այն ժամանակ, երբ ավարտվում է սիրածդ աշխատանքը, որին լիարժեք նվիրված ես եղել:

Հասմիկ Խոջյանը


«Նպատակներիցս մեկը իրականացավ:)»

Ծրագրերիցս ոչ մեկը երբեք չեմ կապել նախագծի ավարտի հետ, ընդհակառակը, ես որքան շատ եմ զբաղված լինում, այնքան ավելի շատ բան եմ հասցնում: Չնայած, որպես գաղտնիք ասեմ, որ այս շրջանում, երբ նախագիծը ավարտվեց, առաջնային-անհրաժեշտ նպատակներիցս մեկը իրականացավ:)

«Պետք է փորձել»

Հիմա իսկապես, վաստակած հանգստի ժամանակն է: Ինձ համար հանգիստը պետք է լինի այնպիսին, որ ամբողջ տարվա աշխատունակությունս ավելի ու ավելի բարձրանա. ակտիվ, ոգեշնչող, մոտիվացնող ու ճանաչողական հանգստի սիրահար եմ, սակայն մտածել էի, որ այս տարի կմանամ Հայաստանում ու Հայաստանի ներսում կճանապարհորդեմ, հետո մտածեցի գնալ Մոսկվա՝ ֆուտբոլային կարեւոր իրադարձությունների վերջին օրերը վայելելու, բայց հասկացա, որ այս շրջանում ինձ ծովափնյա հանգիստ է պետք, դե վերջ՝ կգնամ Հունաստան, բայց, կամ ցավոք, կամ ի ուրախություն ինձ, անցյալ ամռանն էի Հունաստանում: Քանի որ որոշելու ժամանակ չկար ու մտքերը այսպես գալիս ու գնում էին, մոռացա հանգստի մասին եւ միայն 2 օրում ծրագրեցի, որ հանգիստս կանցկացնեմ Հնդկական օվկիանոսի ափին եւ պասիվությունը կոտրելու համար հավանական է, որ միանամ «Ռեալիթի լայֆ» ֆլեշմոբին՝ ինստագրամով, կարծում եմ հետաքրքիր կլինի, պետք է փորձել:)

Հասմիկ Խոջյանը


«Մարդիկ կարող են տեսնել ու գնահատել»

Աշխատանքային առաջարկները մասսայականորեն քննարկելը կոռեկտ չեմ համարում, թեեւ ես միշտ բաց եմ համագործակցությունները քննարկելու համար, բայց ոչ այս տիրույթում:) Այսպես, թե այնպես իմ մասնագիտությունն այնպիսին է, որ կատարած յուրաքանչյուր աշխատանքը, անգամ՝ ամենափոքրը, բոլորին կարող է հասանելի լինել եւ ի վերջո մարդիկ կարող են տեսնել ու գնահատել դրա արդյունքը, ինչը ինձ համար, թերեւս, ամենակարեւորն է:

Տեքստը` Արեւիկ Իսաջաննյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Խոջյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին