×


Հին ու բոլորովին նոր Մինասը՝ Ազգային պատկերասրահում

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր»՝ Վիլյամ Սարոյանի խոսքերն են հայազգի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին: Հայաստանի ազգային պատկերասրահում բացված նոր ցուցահանդեսը հենց նրա խոսքերի հիման վրա էլ խորագրվել է՝ «Մինաս. հին ու բոլորովին նոր»: Նկարչի 90-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունը հանրության համար բաց կլինի այսօրվանից, իսկ երեկվա փակ միջոցառմանը ներկա էին Մինասի որդին ու մյուս ժառանգները, բազմաթիվ արվեստասերներ, լրագրողներ ու պաշտոնյաներ:

Մինաս Ավետիսյանի մեծ ցուցահանդեսը մեկտեղել է տարբեր տարիների շուրջ 90 աշխատանք՝ Հայաստանի ազգային պատկերասրահից, Երեւանի ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երեւանի ռուսական արվեստի թանգարաններից, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից եւ հայաստանյան մասնավոր հավաքածուներից: Այստեղ կարելի է հանդիպել նաեւ այնպիսի գործերի, որոնք առաջին անգամ են ներկայացվում արվեստասեր հանրությանը: Ցուցահանդեսի համադրող Հակուհի Սահակյանն իր խոսքում նշեց, որ ներկայացված են Մինասի գործունեության տարբեր բնագավառները՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, ինչպես նաեւ կինոյի ու բեմական ձեւավորումներ:

«Մինաս. հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսին


Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, ով նաեւ նկարչի թանգարանի տնօրենն է, անկեղծացավ, որ իր համար էլ էմոցիոնալ առումով շատ դժվար է ցուցահանդեսին ներկա գտնվելը, քանի որ այդքան Մինաս մի տեղում վաղուց չէր տեսել.«Ուրախությամբ ուզում եմ նշել, որ ցուցադրված բոլոր գործերն իսկապես լրջագույնս ընտրված են, եւ ամոթ չէ դրանք ցուցադրելը: Ուրախ եմ նաեւ, որ այսքան հաջող է ստացվել ամեն ինչ. կարելի է մի լավ ըմբոշխնել այս հրաշալի նկարչությունը»:

Մինասի արվեստին բնորոշ են յուրօրինակ գունազգացողությունը, երանգային նուրբ անցումները, որոնք չճանաչելն անհնար է: Ինչպես Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նկատեց, նրա գործերում, իհարկե, առկա է սարյանական ազդեցությունը, բայց նա արժանի շարունակողը եղավ հայ մեծ նկարիչների հիմնադրած դպրոցի: Ի դեպ, Մինասի ցուցահանդեսն աչքի է ընկնում նաեւ ինտերակտիվ լուծումներով: Հատուկ էկրաններին ներկայացված են արխիվային նյութեր, լուսանկարներ, տեսանյութեր, որոնք պատկերասրահի այցելուներն անձամբ կարող են թերթել եւ ուսումնասիրել:

Արման Ծատուրյանը եւ Արման Ավետիսյանը


Մանկությունը Ջաջուռում անցկացրած նկարչի հիշողություններում մշտապես վառ են գյուղի կենցաղն ու առօրյան: «Խնոցի», «Թել են մանում», «Գյուղական տեսարան» եւ այլ գործերում ներկայացված են Մինասի հուշերը հարազատ գյուղաշխարհից: «Կարեւոր չէ որտեղ ես աշխարհ եկել՝ Լոնդոնում, թե խուլ գյուղում: Կարեւորը, որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհներ, բայց այն, ինչ տեսել ես մանուկ հասակում, կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ, երբ գնում եմ գյուղ, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Ես փոքր էի, ցանկապատերն ինձ թվում էին բարձր-բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաեւ արվեստ»,- գրել է Մինասն իր հուշերում:

«Մինաս. հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսին


Նա հաճախ է պատկերել նաեւ կնոջը՝ նկարչուհի Գայանե Մամաջանյանին: Գեղանկարչական ու գրաֆիկական տարբեր գործերում նա մարմնավորել է հայ կնոջ կերպարը: Ցուցահանդեսում բազմաթիվ աշխատանքներ կգտնեք նաեւ այս թեմային նվիրված: Ի դեպ, երեկ նաեւ ներկայացվեց այն պատկերագիրքը, որը լույս է տեսել Մինաս Ավետիսյանի հոբելյանական ցուցահանդեսի շրջանակում: Գրքում տեղ են գտել բոլոր այն աշխատանքները, որոնք այժմ ներկայացված են Ազգային պատկերասրահում: Այստեղ կգտնեք նաեւ Մինասի հեղինակած հոդվածներն իր ընկեր արվեստագետների մասին: Այնպես որ, նորաբաց այս ցուցահանդեսում յուրաքանչյուրն իր համար կարող է հայտնաբերել նոր Մինասի՝ դիտելով ներկայացված բացառիկ աշխատանքները: Ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբեր:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին