Ճապոնացի ջութակահար Կեն Այսոն ներկայացել է դասական երաժշտության սիրահար հայ հանդիսատեսին մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած երեկոյին:
"Հայ երաժիշտ ընկերներիցս է Լեւոն Չիլինգիրյանը, որի հետ նվագել ենք Լոնդոնում". Կեն Այսո
Կենը մեր մայրաքաղաք էր ժամանել հենց համերգի օրը: Ջութակահարը BRAVO.am-ի հետ կիսվել է Երեւանի մասին իր տպավորություններով. “Այստեղ շատ ցուրտ է, բայց մարդիկ շատ ջերմ են: Այսօր ցերեկը ժամը 2-ին եմ ժամանել, մի փոքր հանգստացանք եւ նախապատրաստվեցինք համերգին: Դեռեւս ժամանակ չեմ ունեցել հանդիպել եւ զրուցել հայերի հետ, բայց համերգին ներկա հանդիսատեսից մեծ ջերմություն եւ ընկերական էներգիա եմ զգում’’:
Համերգի կազմակերպիչն էր “JTI’’ ընկերությունը, որը բազմիցս համագործակցել է Կեն Այսոյի հետ: Հենց այդ համագործակցության շրջանակներում ջութակահարը համերգներով հանդես է եկել նաեւ Ղազախստանում եւ Վրաստանում: Երեւանյան համերգը կազմակերպվել էր Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա հոբելյանի առիթով:
Կարեն Գարասեֆերյանը եւ Կեն Այսոն
Երեկոյի ընթացքում հնչել են Շումանի` ջութակի եւ դաշնամուրի համար լյա մինոր սոնատը, Միագիի “Գարնանային ծով’’, Դավիթաշվիլու “Պոեմ’’, Խաչատրյանի “Անդանտե ջութակի կոնցերտից’’, Տակեմիցուի “Գիկա’’, Ստրավինսկու “Ռուսական պար” (“Պետրուշկա’’ բալետ) եւ Սարասատեի “Գնչուական երգ’’ ստեղծագործությունները: Հանդիսատեսի ծափահարությունների ներքո Կեն Այսոն մեկ լրացուցիչ ստեղծագործություն է նվիրել հանդիսատեսին: Ջութակահարին համերգի ընթացքում նվագակցել է դաշնակահարուհի Նատելլա Յաշվիլի-Պոլիտկովսկայան:
Ջութակը, որով նվագում է Կեն Այսոն, պատրաստվել է չորս տարի առաջ իսպանացի վարպետի կողմից` հատուկ իր համար: Սա հանրահայտ Գվարներիի կրկնօրինակներից է: “Շատ եմ սիրում այս գործիքը, այն խոր եւ գեղեցիկ հնչողություն ունի: Մենք սիրում ենք միմյանց’’,- ասել է ջութակահարը:
Կեն Այսոյին նվագակցել է դաշնակահարուհի Նատելլա Յաշվիլի-Պոլիտկովսկայան
Չնայած ` սա Կեն Այսոյի առաջին այցն էր Երեւան, նա, իր խոսքով, լավ ծանոթ է Հայաստանին, մեր մշակույթին ու բազմաթիվ հայ ընկերներ ունի: Ջութակահարը չի բացառում նաեւ, որ մեկ օր հնարավոր է համագործակցի հայ երաժիշտներից մեկի հետ. “Երաժիշտ հայ ընկերներիցս է Լեւոն Չիլինգիրյանը, որի հետ նվագել ենք Լոնդոնում: Հիասքանչ կլիներ, եթե մեկ օր Հայաստանում նվագեի հայ երաժիշտների հետ: Ի դեպ, Արամ Խաչատրյանն իմ սիրելի կոմպոզիտորներից է’’:
Ճապոնացի ջութակահարը հանդես է գալիս որպես մենակատար, կամերային երաժիշտ, ինչպես նաեւ ուսուցիչ: Կենը բազմաթիվ համերգներ է ունեցել եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում: 2003 թվականին նրան պատիվ է ընձեռվել ելույթ ունենալ Ճապոնիայի կայսեր եւ կայսրուհու առջեւ: Այժմ նա դասավանդում է Երաժշտության թագավորական ակադեմիայում, վարպետության դասեր է վարում Սանտա Բարբարայում տեղի ունեցող ամառային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Կեն Այսոն երկրպագուների հետ
Այսօր առավոտյան Կեն Այսոնի վարպետության դասին մասնակցել են Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողները: Հայաստանից երաժիշտը մեկնելու է Բաքու, որտեղ համերգով հանդես կգա մարտի 15-ին:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
4,213






