Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում շարունակվում են Հայկական մշակույթի օրերը: Վալետայի Միջերկրածովյան կենտրոնի «Sacra Infemeria Hall»-ում ապրիլի 23-ին հնչել է մաեստրո Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը՝ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նադիա Դեբոնոյի(ալտ), Ֆիլիպ Օռլովի(ջութակ) եւ Պիտեր Ֆլենեգանի(թավջութակ) կատարմամբ:
Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն առաջին անգամ է ներկայացվել Մալթայում: Համերգից հետո BRAVO.am-ը զրուցել է վիրտուոզ դաշնակահարուհու հետ, որը թեեւ երկար ժամանակ է, ինչ ապրում է Վիեննայում, մշտապես պատվով ներկայացնում է Հայաստանը միջազգային լավագույն բեմերում:
Նարե Արղամանյանը եւ մալթացի երաժիշտները
«Սա արդեն իմ երրորդ այցն է Մալթա, որն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի շնորհիվ: Այցերիս ընթացքում հանդես եմ եկել ինչպես համերգներով, այնպես էլ՝ որպես դաշնամուրային մրցույթի ժյուրիի անդամ: Երբ ինձ առաջարկեցին ներկայացնել մաեստրո Մանսուրյանի գործերը, մեծ սիրով համաձայնեցի: Վերջերս շատ եմ սկսել կատարել իր ստեղծագործությունները, որոնք շատ են տարբերվում նրա սիմֆոնիկ գործերից: Ինձ համար մեծ պատիվ էր առաջինը ներկայացնել կոմպոզիտորի արվեստը մալթացի հանդիսատեսին: Անչափ ուրախալի էր լսել համերգին հաջորդած հիացմունքի խոսքերը: Մանսուրյանի երաժշտությունն ընդգրկված է հայ մշակութային ժառանգության ցանկում, եւ մեր խնդիրն է արժանագույնս ներկայացնել այն եվրոպացի հանդիսատեսին: Մալթացի երաժիշտները, որոնց հետ Մանսուրյան էինք կատարում, նույնպես շատ հավանել էին մաեստրոյի երաժշտությունը. նրանց հաջողվեց կարճ ժամանակում հասկանալ եւ ընկալել այն»,-ասել է Նարե Արղամանյանը:
Դաշնակահարուհին երեկ էլ հանդես է եկել մենահամերգով՝ այս անգամ կատարելով մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ծրագրում ընդգրկված էին Ջոսեֆ Վելլայի եւ Կառլ Ֆիորինիի գործերը: Համերգին հնչել է նաեւ Ալեքսեյ Շորի «Travel Notebook»-ը, որն ի սկզբանե գրվել էր որպես դաշնամուրային սյուիտ, իսկ ավելի ուշ փոխադրվել դաշնամուրի եւ նվագախմբի համար:
Նարե Արղամանյանը
«Փոխադրման ընթացքում շատ բաներ կոմպոզիտորի հետ ենք իրագործել: Արդյունքում ստացվեց յոթմասանի կոնցերտ, որն առաջին անգամ կատարեցի 2017 թվականին՝ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի բացմանը՝ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Մոտ ապագայում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի հետ «Travel Notebook»-ն առաջին անգամ ներկայացնելու ենք նաեւ Ղազախստանում, Գերմանիայի մի շարք քաղաքներում, Մալթայում: Շրջագայության վերջին համերգը կկայանա Վիեննայի «Musikverein»-ի Ոսկե դահլիճում»,-եզրափակել է Նարե Արղամանյանը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Նարե Արղամանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: