×


Նարինե Դովլաթյանի կիսատապալված համերգն ու “Նոր ալիք”-ի մասին խոստովանությունը

Օրերս տեղի է ունեցել Նարինե Դովլաթյանի ակումբային մենահամերգը, որի ընթացքում  “Տարվա հայտնությունը”  կատարել է Ադելի, Սիայի, Դաֆիի երգացանկի ստեղծագործություններից, բայց իր երգերն այդպես էլ չի հնչեցրել…

“Տարվա հայտնություն” Նարինե Դովլաթյանն ակումբային համերգ է տվել


Համերգի վերջին հատվածում երգչուհին, ինչպես BRAVO.am-ին է տեղեկացրել,  աղմուկի պատճառով մի քիչ բարկացել է ու չի եզրափակել այն.“Ավարտվեց այնպես, ինչպես երեւի պետք է ավարտվեր այս իրավիճակում: Կեղծ կլիներ, եթե շարունակեի... Ուղղակի չդիմացա եւ վերջին մի քանի երգն այդպես էլ չերգեցի: Վստահ եմ` շատ երգիչների հետ նման բան պատահած կլինի, որոնք, այնուամենայնիվ, մինչև վերջ երգել են, իսկ ես չշարունակեցի, որովհետեւ մարդիկ պետք է հասկանան, որ դիմացինին պետք է հարգել”:

Նշենք, որ այս համերգի համար տոմսեր չեն վաճառվել, եւ նախատեսվածից շատ ավելի մարդ է եկել նորաբաց ակումբ: “Անգամ անվճար համերգ լսելիս մարդ պետք է տարրական դաստիարակություն ունենա: Ուղղակի կոչ եմ անում, որ ցանկացած վայրում, եթե երաժիշտը նվագում կամ երգում է, կարելի է խոսել շշուկով, այլ ոչ թե աղմկել: Բայց գնահատում եմ այն մարդկանց ներկայությունը, որոնք հենց ինձ լսելու համար էին եկել ու մինչեւ վերջ մնացել են”, - համերգից հետո BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է Նարինե Դովլաթյանը:

Նարինե Դովլաթյանը


“Ֆինանսական պայմաններն են ստիպում հետ մնալ”. Նարինե Դովլաթյան

Ակումբային համերգին ներկա հանդիսատեսից հիասթափված 21-ամյա երգչուհին նշել է, որ չի ընկճվել, մոտ ապագայում նոր համերգներ կունենա: Նա շատ է ոգեւորվել վերջերս իր ստացած մրցանակներից. Մոսկվայում կայացած “Արմենիա” մրցանակաբաշխությունից մեկ շաբաթ հետո Նարինեն նույն` “Տարվա հայտնություն” անվանակարգում “Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը” ստացել է եւս մեկ մրցանակ. “Արձանիկներն այդքան կարեւոր չէին լինի, եթե չլիներ դրանց բովանդակությունը, այսինքն` ես ժողովրդի համար նախորդ տարի հայտնություն էի”:

Մրցանակների հետ Նարինեն գումարային պարգեւ չի ստացել. “Նոր անվանակարգերի համար չեմ պայքարելու, բայց հաստատ ավելին եմ անելու: Իմ դեպքում ֆինանսական պայմաններն են ստիպում հետ մնալ ամեն ինչից, լավ պրոդյուսերի կարիք եմ զգում, ինքս չեմ հասցնում: Առաջարկներ ստացել եմ, բայց համապատասխան պրոդյուսեր ինձ դեռ չի դիմել”:

Դաշնակահար Կարեն Գրիգորյանը եւ Նարինե Դովլաթյանը


Խոսելով իր ոճի ու զգեստների մասին` երգչուհին նշել է, որ համագործակցում է տարբեր դիզայներների հետ. “Միակ անհարմարությունը բարձրակրունկ կոշիկներն են, քանի որ համերգից համերգ եմ միայն կրում:)”:

“Նոր ալիք” մրցույթի մասին. “Հայ ժյուրիներից ոմանք չեն ցանկացել ինձ անցկացնել”

Նարինե Դովլաթյանը, որը “Նոր ալիք” մրցույթին այս տարի ուժերը փորձել է երրորդ անգամ, որոշ փակագծեր է բացել իր մասնակցության պատճառի մասին. “Անցած տարի մրցույթի գլխավոր տնօրեն Ռումյանցեւը նախընտրական համերգից հետո մոտեցավ ինձ ու ցույց տվեց այն տետրը, որի մեջ իմ անունն էլ կար, ասաց, որ ինքը հավանել է, բայց հայ ժյուրիներից ոմանք չեն ցանկացել ինձ անցկացնել. բառացիորեն կրկնում եմ իր ասածը: Տվեց իր այցեքարտը, որ այս տարվա համար զանգեմ իրեն ու տեղյակ պահեմ մասնակցելուս մասին: Այս տարի զանգեցի իր աշխատանքային համարով, նախ ինձ չհիշեց, հետո էլ ասաց` դժվար թե նման բան ասած լինի: Կպչուն բնավորություն չունեմ, այլեւս ոչինչ չասացի իրեն: Ամեն դեպքում, հայտս ուղարկեցի, զարմալիորեն չանցա նախընտրականը, բայց դրանից չեմ հուսահատվում ու ոչ ոքի չեմ մեղադրում”:

“Պատրաստ եմ գնալ ու սկսել նոր էջից”. Նարինե Դովլաթյան


Երգչուհին այս տարի կավարտի Կոնսերվատորիան, ինչպես պատմել ենք նախորդ հարցազրույցում, աղջիկն արտերկրում ուսումը շարունակելու մտադրություն ունի, սակայն չգիտի` երբ կկարողանա մեկնել. “Այստեղ դեռ շատ աշխատանք չեմ արել: Պատրաստ եմ գնալ ու սկսել նոր էջից”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Նարե ջան Մկրտչյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW