×


Նոր մրցանակ եւ համերգներ. պրոդյուսեր Արմին Մովսիսյանը շարունակում է հաջողություններ գրանցել իր թիմի հետ

«Ուրարտու» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի էլ իր շուրջը համախմբել էր հայկական երգարվեստի ամենահայտնի ներկայացուցիչներին: Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կայացած միջոցառման կազմակերպիչները հատուկ կարեւորություն էին տվել նաեւ պրոդյուսերներին, քանի որ արտիստների հայտնիության եւ հաջողության գլխավոր երաշխավորը հաճախ հենց նրանք են լինում: Այդպիսով, նոյեմբերի 3-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Մշակույթում ունեցած ավանդի համար» հատուկ մրցանակը հանձնվեց Արմին Մովսիսյանին, ով արդեն երկար տարիներ է՝ աշխատում է Մարտին Մկրտչյանի եւ Ռազմիկ Ամյանի հետ: Ի դեպ, սա նրա առաջին մրցանակը չէ: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է անցնող տարվա հաջողությունների, արտասահմանում կազմակերպվող համերգների եւ առաջիկա ծրագրերի մասին:

Հայտնի է, որ Արմին Մովսիսյանն ավելի քան 16 տարի է՝ իր հստակ քայլերն է անում հայկական շոու-բիզնեսում: Որպես պրոդյուսեր` նա աշխատել է «Հայ տղեք» խմբի հետ, այնուհետեւ՝ Սարոյի, սակայն ամենաերկար համագործակցությունը եղել է հենց Մարտինի եւ Ռազմիկի հետ: Վերջիններիս հետ Արմինն աշխատում է 2008 թ.-ից: Այդ տարիների ընթացքում նա հասցրել է պարգեւատրվել նաեւ Համբուրգում (2015թ.), Նյու Յորքում (2016թ.) եւ Հայաստանում (2012, 2014, 2016 թթ.) կազմակերպված մրցանակաբաշխությունների ժամանակ:

Արմին Մովսիսյանը


Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նախկին ակտիվությունը կա հայկական շոու-բիզնեսում, արտիստները շարունակո՞ւմ են առաջվա նման ստեղծագործել, թե՞ դաշտում արդեն պասիվություն է նկատվում: Արմինն ընդգծեց, որ իրենց համար անցնող տարին շատ բուռն է եղել համերգներով, հյուրախաղերով, նոր երգերով: Ելույթներ են ունեցել Լիբանանում, ԱՄՆ-ում, Մոսկվայում եւ այլուր:

«Ի դեպ, այս տարի արդեն երկու համերգ ունեցանք ԱՄՆ-ում` շնորհիվ «USArmenia TV»-ի պրոդյուսեր Գեղամ Մարգարյանի պրոֆեսիոնալ եւ նվիրված աշխատանքի: Այսուհետ մենք Լոս Անջելեսում արդեն տարեկան հինգ համերգ ենք ունենալու, ընդ որում`ոչ միայն մենահամերգներ, այլեւ հավաքական համերգներ: Վերջերս, օրինակ, մենք այնտեղ ելույթ ունեցանք մի համերգի շրջանակում, որտեղ հանդես էին գալիս նաեւ Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը եւ այլք: Մենք արդեն երեք տարի է` ինչ համագործակցում ենք Գեղամ Մարգարյանի հետ, ով միշտ ապահովում է միջոցառումների կազմակերպման բարձր որակն ու գերազանց անցկացումը»,- պատմեց պոդյուսերը:

Մարտին Մկրտչյանը, Գեղամ Մարգարյանը եւ Ռազմիկ Ամյանը


Նրա խոսքով` ԱՄՆ-ում անցկացվող համերգները միշտ տպավորում են իրենց բեմական շքեղ ձեւավորմամբ, ձայնային ու լուսային էֆեկտներով, լեդ-էկրաններով, պարային խմբերով եւ այլն: Գեղամը ոչ միայն քաջատեղյակ է ամերիկյան հանդիսատեսի պահանջներին, այլ նաեւ տիրապետում է ոլորտի համաշխարհային տենդենցներին ու նորարարական լուծումներ է տալիս յուրաքանչյուր համերգի՝ այն դարձնելով յուրահատուկ թե՛ արտիստի, եւ թե՛ հանդիսատեսի համար։ Հենց այս ամենի շնորհիվ էլ ամերիկաբնակ հայ հանրությունը սիրով գալիս է բոլոր համերգներին, եւ տոմսերն էլ ամբողջապես սպառվում են մի քանի օր շուտ. «Նույնիսկ այդ դեպքում, երբ նախապես գիտենք`դահլիճը լեփ-լեցուն է լինելու, Գեղամը ջանք չի խնայում ամեն ինչ ճոխ եւ լավ կազմակերպելու համար: Նրա թիմը կարողանում է արտիստին ճիշտ ներկայացնել գովազդային արշավների ժամանակ, ինչն, իհարկե, երգիչներին եւ պրոդյուսերներին լավ ճանաչելու շնորհիվ է»:

Արմին Մովսիսյանն ասաց, որ Միացյալ Նահանգնեերում անցկացվող համերգներից հայ հանդիսատեսը միշտ գոհ է հեռանում: Նրանք ամբողջ ընթացքում պարում են եւ երգում արտիստների հետ, քանի որ բոլորին էլ հրաշալի ճանաչում են ու հաճախ են լսում նրանց երգերը: Նկատեց` Լոս Անջելեսում մոտ մեկ միլիոն հայ է ապրում, եւ իրենք անում են ամեն ինչ`մշտապես լեցուն դահլիճներ եւ հաջողված համերգներ ունենալու համար:

Պրոդյուսերն ասաց նաեւ, որ առաջիկայում էլ նախատեսվում են նոր երգեր, տեսահոլովակներ եւ համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս. «Դեկտեմբերի 22-ին, օրինակ, ԱՄՆ-ում լինելու է Ռազմիկ Ամյանի եւ Արամեի համերգը, իսկ եկող տարի կրկին նախատեսվում են նոր համերգներ»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գեղամ Մարգարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին