×


Նորաձեւ խոհանոց եւ «համեղ» նորաձեւություն. Gastro Couture ցուցադրության հետաքրքիր դրվագները

Հայկական ուտեստները մատուցվում են զգեստների տեսքով. «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն ու «Հարմոնի Երեւան» նորաձեւության տունը փորձել են միավորել երկու ոլորտները Gastro Couture նախագծի շրջանակում, որի շնորհանդեսը երեկ էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


Gastro Couture-ի ընթացքում հյուրերին ներկայացվել է հայկական ավանդական ուտեստների հայեցակարգային հիմքով ստեղծված զգեստների հավաքածուն: Մոդելները քայլում էին 50 մետր երկարությամբ առատ սեղանի կողքով՝ լի հայկական ավանդական ուտեստներով եւ քաղցրավենիքով՝ օգնելով ներկաներին նկատել ընդհանուր լուծումներն ու գունային համադրությունները:

Դավիթ Երեմյանը, Միքայել Դանիելյանը եւ Լիլիթ Տոնականյանը


«Harmony» նորաձեւության տան հիմնադիր Լիլիթ Տոնականյանը պատմել է, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից նման առաջարկ ստանալուց հետո մեծ հետաքրքրությամբ են համաձայնել, քանի որ ծրագիրն աննախադեպ էր:

««Երեմյան Փրոջեքթսը» շատ լուրջ է վերաբերվում գաստրոնոմիային եւ հասցրել է այն բարձր մակարդակի: Ինչպես բարձր նորաձեւությունում գնահատվում է ձեռքի աշխատանքը, յուրահատկությունը, հետաքրքիր լուծումները, այնպես էլ գաստրոնոմիայի ոլորտում տեսնում եմ, որ «Երեմյան Փրոջեքթսը» եւս ունի այդ միտումները»,-մանրամասնել է նա:


Gastro Couture-ի առաքելությունն ինչպես ազգային խոհանոցի եւ հյուրընկալության ավանդույթների պահպանումն ու դրանց նորովի ներկայացումն է, այնպես էլ հայկական բարձր նորաձեւության ավանդույթների զարգացումը:

«Միջոցառման նպատակը հայկական ավանդական ուտեստները յուրովի եւ ինքնատիպ ներկայացնելն է: Այս եղանակով մեկտեղվում են երկու ստեղծարար բարդ աշխարհներ՝ խոհանոցը եւ նորաձեւությունը»,- նշել է «Երեմյան Փրոջեքթս»-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը:


Ցուցադրությունը բաղկացած էր 3 մասից: Սկզբում ներկայացվել է նորաձեւ սպասք եւ մատուցման արվեստը: Դրան հաջորդել է հայկական ավանդական խոհանոցի ներկայացումը՝ որպես բարձր նորաձեւության ոգեշնչման աղբյուր, իսկ երրորդ մասում՝ ռեստորան այցելելու էթիկան եւ էսթետիկան:

Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 42 հագուստ, որից 11-ը զուտ ուտեստներ էին: «Հարմոնի Երեւան»-ի գլխավոր դիզայներ Միքայել Դանիելյանը պատմել է գաղափարի իրականացման ճանապարհի մասին:

«Շատերը զարմանում էին՝ ինչպես կարելի է համադրել գաստրոնոմիան եւ բարձր նորաձեւությունը, սակայն քանի որ այսօրվա դրությամբ խոհանոցն այնքան է զարգացել, որ դարձել է ոչ միայն սնունդ, այլեւ արվեստ, միավորումը հեշտությամբ ստացվեց»,- նշել է նա:


Դիզայների խոսքով՝ մեծ ջանքեր են գործադրել հագուստը ուտեստներին նմանեցնելու, համապատասխան ֆակտուրաներ ստանալու համար: Լավաշի մոդելի դեպքում այրել են բնական կտորները՝ թոնրի լավաշի երանգը ստանալու համար, ժենգյալով հացի մոդելի դեպքում էլ կանաչու շերտեր են ստացել՝ մետաքսը կտրատելով եւ կրկին այրելով:

Տեքստը` Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին