×


Նորաձեւության ու դիմահարդարման 2020-ի միտումները

Տարեմուտին նորաձեւ եւ շքեղ «լուքեր» ընտրելը կանանց եւ աղջիկների ամենասիրելի զբաղմունքն է: Նորաձեւ զգեստներ, աքսեսուարներ եւ կերպարն ամբողջացնող դիմահարդարում՝ սրանք ոչ միայն տոներին ընդառաջ, այլեւ ողջ տարվա ընթացքում չդադարող որոնումներ են: BRAVO.am-ը կօգնի տեղեկանալ 2020-ի նորաձեւության միտումներին:

Ամանորին կերպարն առավել ընդգծելու համար դիզայներ Ֆաինա Հարությունյանն առաջարկում է օգտագործել փայլուն հագուստ.

«Տոնական գիշերվա համար զգեստ ընտրելիս շատ կարեւոր է, թե ինչ միջավայրում եք պատրաստվում նշել: Եթե լինելու եք տանը՝ բալիկների հետ, ապա խորհուրդ չեմ տա կրել կարճ, փայլուն զգեստ. հարմար չի լինի, իսկ եթե երեկոն անցկացնելու եք ընկերների, ընտանիքի հետ ժամանցի կենտրոններում, ապա փայլերը տեղին կլինեն:


Տարվա ընթացքում եւս կարող եք կրել փայլուն հագուստ. եկող տարում դա նորաձեւ եւ արդիական կլինի:

Խոսելով գույների մասին՝ պետք է նշեմ, որ սպիտակ առնետի տարում նորաձեւ կլինեն, իհարկե, սպիտակը եւ մոխրագույնը»:

Ոչ պակաս փայլուն ու գունեղ կլինեն 2020 թվականի դիմահարդարման միտումները: Դիմահարդար-ոճաբան Հրանուշ Եղոյանն առաջարկում է մի քանի միտում՝ ընտրելու հնարավորությունը թողնելով կանանց.

«Եթե խոսենք Ամանորի գիշերվա դիմահարդարման մասին, ապա պետք է նշեմ, որ կոսմետիկա արտադրող աշխարհի առաջատար գրեթե բոլոր ընկերությունները, որոնք թողարկել են կապսուլային հավաքածուներ, առաջարկում են փայլուն դեմք՝ թաց հայլայթի շնորհիվ, եւ փայլուն, գունավոր, «սմոքի» աչքեր՝ կանաչի, կապույտի, մանուշակագույնի երանգներով:


Կորպորատիվ երեկոների, խնջույքների ժամանակ կարելի է օգտագործել նաեւ փոքրիկ քարեր կամ մարգարտի փշրանքներ: Իհարկե, կրկին պահպանվում է՝ շեշտել աչքերը կամ շուրթերը կանոնը, սակայն դրանց ճիշտ համադրությունը եւս ընդունելի է:

Առհասարակ, 2020-ի գլխավոր թրենդն «առողջ դեմքն» է: Այն արդիական էր նաեւ 2019-ին, իսկ եկող տարում արտահայտված կլինի հատկապես «ցրտահարված այտերի» տպավորություն ստեղծելու միտումը: Սա կարելի է կիրառել նաեւ ամենօրյա դիմահարդարման ժամանակ:

Ինչպես այս տարի, եկող տարի եւս ընդգծված եւ ներկված հոնքերը հակաթրենդ են լինելու. դրանք պետք է ունենան խնամված եւ բնական տեսք:


Եվ, եկող տարվա դիմահարդարման գլխավոր միտումների շարքը կարելի է եզրափակել բոլորի կողմից սիրելի աղեղներով, միայն թե 2020-ին դրանք կփոխեն իրենց գույները. սեւին կփոխարինեն սպիտակը, երկնագույնը, վարդագույնը, գազարագույնը, կարելի է ասել՝ բոլոր գույները:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին