×


Նունե Եսայանը՝ իր եւ Ավոյի սիրո, երեխաների, եղբոր կորստի եւ սպասվելիք 50-ամյակի մասին

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը երկար ժամանակ է՝ ինչ նորություններով հանդես չի գալիս։ Որքան էլ զարմանալի հնչի, ընդամենը 3 ամիս անց երգչուհին կնշի իր 50-ամյակը։ Վերադարձի, ընտանիքի եւ ապագա պլանների մասին նա պատմել է BRAVO.am-ին, նաեւ դստեր՝ Էլիզաբեթի հետ լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում:

-Տիկի՛ն Եսայան, Ձեր երկրպագուների հավատարիմ բանակը շարունակում է սպասել Ձեզ:
- Իրականում վերադարձել եմ, պարզապես այդ ամենն այնպես չի լուսաբանվում, ինչպես ես կցանկանայի, բայց երեւի հիմա այդ եփման փուլն է։ Ձայնագրվում են բազմաթիվ երգեր, տարվա երկրորդ կեսից սկսվելու են այդ երգերի հիման վրա տեսահոլովակների նկարահանումները: Այդ ժամանակ երեւի կզգացվի վերադարձը, հատկապես որ այս տարին ինձ համար հոբելյանական է՝ 50-ամյակ եւ բեմական կյանքի 30 տարի: 20 տարեկանում արդեն երգում էի Օրբելյանի երգչախմբում։

Նունե Եսայանը՝ դստեր հետ


-Դադարի փուլն էլ էր հասկանալի:
-Այո՛, դադարս հենց այնպես չէր, այն հարգելի եւ հաճելի պատճառ ուներ՝ ճուտիկներիս էի վայելում։ Իրականում այնպես չէր, որ երեխաներս պահող չունեին, կամ ես շատ խիստ զբաղված էի, այլ պարզապես վայելում էի երեխաներիս։ Արդեն կարող եմ ասել, որ մեծ անակնկալներ եւ նախագծեր են սպասվում։

- Իսկ հոբելյանը նշելու ի՞նչ պլաններ ունեք:
- Որոշել էի ներկայանալ շատ մեծ բացօթյա մենահամերգով: Այս տարի հնարավոր կլինի իրականացնել մինչ սեպտեմբեր, սակայն այն, ինչ մտածում եմ եւ ցանկանում եմ անել, բավական մեծ աշխատանք է պահանջում, ուստի չեմ ուզում հապճեպ կազմակերպել, հետեւաբար, գալիք տարի գարնանը տեղի կունենա իմ պատկերացրած համերգային երեկոն: Ապրիլի 4-ին էլ Կրեմլում կկայանա հոբելյանական միջոցառում, կարծում եմ՝ մեկ միջոցառում էլ Լոս Անջելեսում կիրականացվի, որտեղ ունեմ անասելի մեծ եւ հավատարիմ երկրպագուների բանակ։

- Մինչ 50 տարեկանը շատ եք կերպարանափոխվել. գանգուր մազերից եք հրաժարվել, երկար մազերից՝ նույնպես, 50-ից հետո ռիսկային ոճափոխություններ կլինե՞ն։
- Ամեն ինչ կարելի է սպասել: Ես ոչ թե էքսցենտրիկ մարդ եմ, որ ինչ-ինչ խենթություններ անեմ, օրինակ՝ մազերս կտրելու երկու պատճառն էլ երեխաների ծնունդն էր, քանի որ հղիությունից հետո որոշակի փոփոխություններ են լինում՝ մազաթափություն եւ այլն,բայց ինչ վերաբերում է գույնին, ձեւին, ապա փոփոխություններից չեմ խուսափում, կարեւորն այն է, որ ինչ էլ անեմ, ինձ վայել լինի։

Նունե Եսայանը՝ դստեր հետ


- 50 տարիներն ի՞նչ եք սովորեցրել Ձեզ։
- Մարդ արարածն այնպիսին է, որ իր ամբողջ կյանում դասեր է քաղում, եւ ասել, թե ինչ է սովորեցրել, չեմ կարող, բայց գիտեմ՝ քիչ է մնացել:): Շատ ժամանակ ասում են՝ 50-ը կեսն է, բայց ի՞նչ գիտենք, որ մենք 100 տարի ենք ապրելու: Նշանակում է՝ այն, ինչ մնացել է, եւ այն, ինչ Աստված ինձ տվել է, պետք է վայելեմ, ապրեմ, օգտվեմ եւ սխալներ չանեմ։ Մի լավ խոսք կա՝ պետք է այնպես ապրես, որ քո ապրած կյանքով ոչ մեկին հոգս չլինես։

- Իսկ ձեռքբերումները որո՞նք են։
- Երեխաներս, Ավոն: Նրանցից յուրաքանչյուրն ինձ համար առանձին եւ առանձնահատուկ ձեռքբերում է, եւ, իհարկե, այն, ինչ ինձ Աստված տվել է, եւ ես բեմում եմ: Եթե Աստված դա իմ ձեռքից վերցնի, կկործանվեմ: Սա առանձին ձեռքբերում է՝ երգ, բեմ, հանդիսատես:

- Երգարվեստն էլ դժվարին ուղի է: Երբեք չե՞ք զղջացել այս ճանապարհն ընտրելու համար։
- Ավելին՝ համոզվում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Թե՛ ես, թե՛ Ավոն, երբեմն փորձում ենք ինչ-որ բաներ փորձել, բայց միեւնույն է՝ հասկանում ենք, որ՝ չէ, մենք մեր ուղղությունն ունենք եւ այս ամենի համար ենք լույս աշխարհ եկել։

Էլիզաբեթը


- Ինչպես նկատում ենք, էլիզաբեթը երաժշտության հանդեպ մեծ սեր ունի։
- Երկուսն էլ սիրում են երաժշտություն։ Հենրին շատ ավելի դերասանական ունակություններ ունի, նա նաեւ մեծ սեր ունի նկարչության, երգի, լողի հանդեպ: Հենոն ամբողջությամբ Ավոն է, նրա մեջ արվեստները խառն են, երկուսն էլ լողի հանդեպ մեծ սեր ունեն, հայր եւ որդի մի թիմ են, իսկ ահա Էլիզաբեթն ինձ է նման իր կազմակերպվածությամբ, երաժշտության հանդեպ սիրով։

- Ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը։
- Երկուսին էլ հավասարաչափ ենք մեր ուշադրությունը բաշխում։ Հենրիին այսօր ուրիշ ձեւ ենք սիրում, բաց բնավ չի նշանակում՝ ուշադրության պակաս ունի։

-Էլիզաբեթի հետ ինչպիսի՞ ընկերներ եք։
- Դեռ սովորելու տարիքում է, ամեն վայրկյան հարցեր, բառեր ենք սովորում, բացահայտում ենք աշխարհը։ Շատ հանգիստ է, ամեն բան հեշտությամբ է ընկալում, հասկանում։ Էլիզաբեթն ամբողջությամբ ես եմ։

Նունե Եսայանը՝ դստեր հետ


-Ո՞րն է երջանիկ ընտանիքի գրավականը։ Տարիներ առաջ Ձեր տարիքային տարբերությունը շատ էր քննարկվում:
- Դա մարդկային է եւ բնական, երբ մտածում են՝ եթե կինը մեծ է, նշանակում է՝ մի շահ կա, բայց մեր օրինակն այլ է, այն ի սկզբանե հիմնված էր սիրո վրա, եւ տեսնում եք, որ Ավոն չի հասել ինչ-որ փառքի, ի դեպ, չկա նրա մեջ փառամոլություն ասվածը։ Մեր ընտանիքը լավ օրինակ է, կցանկանայի, որ բոլոր ընտանիքները նման լինեին մեր ընտանիքին: Այն օրինակելի է, սերը այստեղ առաջին տեղում է, երեխաները մեծանում են սիրո եւ գուրգուրանքի մեջ։

- Ի՞նչ են սովորել միմյանցից Եսայան եւ Խալաթյան ամուսինները։
- Ընտանիքում կարեւոր է փոխըմբռնումը, զիջելը, ի վերջո, մարդիկ, զույգերը միմյանցից բաներ են սովորում, օրինակ՝ ես Ավոյից սովորել եմ շուտ մոռանալը, իսկ Ավոն ինձնից սովորեց համբերությունը. անչափ անհամբեր էր, իսկ ես չափից շատ համբերատար եմ, եւ նման շատ բաներ, որ սովորել ենք միմյանցից։ Ես եւ Ավոն շատ ենք խոսում այն մասին, որ պետք է ապրել պահով, չկառչել երեկվանից եւ պլաններ չկազմել ապագայի համար։

-Եվ զրույցի վերջում եւս մեկ անգամ անդրադառնանք Ձեր 50-ամյակին։ Այս տարի օգոստոսի 5-ին ինչ-որ միջոցառում կլինի՞, թե՝ ոչ։
- Տարվա սկզբին կորցրի եղբորս, այսպես ասած՝ սիրտ չկա, ցավում եմ: Սակայն հասկանում եմ նաեւ, որ ընկերներս, հարազատներս եւ երկրպագուներս սպասում են ինչ-որ բանի։ Դեռ չեմ մտածել, բայց տեսնենք: Օրերը մոտենան, կհասկանանք։ Սիրում եմ իմ տարեդաձը, շատ լավ հասկանում եմ, որ կորուստը՝ կորուստ, բայց կյանքը շարունակվում է, եւ եղբայրս էլ, երկնքից տեսնելով, շատ ուրախ կլինի իմ բոլոր հաջողությունների համար: Եվ ինչ էլ կազմակերպեմ, իր հիշատակին եմ նվիրելու։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք Holiday Inn հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին