×


Ռոք աստղեր Գիլանը եւ Այոմին Երեւանում են՝ տոնելու Rock Aid Armenia-ի 30-ամյակը

Լեգենդար ռոք երաժիշտներ Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին ժամանել են Երեւան՝ մասնակցելու «Ռոքն օգնում է Հայաստանին» (Rock Aid Armenia) նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին, որը տեղի կունենա այսօր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նրանք կայցելեն նաեւ Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

«Deep Purple»-ի վոկալիստի եւ «Black Sabbath»-ի կիթառահարի հետ այստեղ է նաեւ «DoSomething»-ի համահիմնադիր Ջոն Դին, ով 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia բարեգործական ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

Իէն Գիլանը


«Երաժշտությունը վերադարձել է աղետի գոտի». Իէն  Գիլան

Բնական աղետի դեմ կարելի է պայքարել ոչ միայն վերակառուցելով, այլեւ վերադարձնելով հոգեւորը, իսկ այսօր երաժշտությունը վերադարձել է աղետի գոտի: Այս մասին այսօր «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Deep Purple» խմբի մեներգիչ Իէն Գիլանը:

«Երբ ես առաջին անգամ ոտք դրեցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, շենքի ներսում «ձյուն էր գալիս»: Ուսուցիչները խիզախորեն փորձում էին երեխաներին ինչ-որ բան սովորեցնել հնամաշ եւ կոտրտված երաժշտական գործիքներով: Դա ինձ շատ տպավորեց: Այժմ ուսուցիչները դասավանդում են երեխաներին տաք դասասենյակներում ու սարքին գործիքներով, եւ դա հենց երաժշտության վերածնունդն է խորհրդանշում»,-ասաց Իէն Գիլանը՝ անդրադառնալով տարիներ առաջ նախաձեռնության միջոցներով դպրոցի վերակառուցման պատմությանը:

Ջոն Դին


Նոր ալբոմ՝ հայկական մոտիվներով

«Rock Aid Armenia» նախագծի հեղինակ, «Do Something» ընկերության գործադիր տնօրեն Ջոն Դին իր ելույթում շնորհակալություն հայտնեց Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանին եւ նրա թիմին՝ նախաձեռնության 30-ամյակին նվիրված երեկոյի կազմակերպման, ինչպես նաեւ ռոք աստղեր Թոնի Այոմիին եւ Իէն Գիլանին՝ տասնամյակներ շարունակ նախաձեռնությանն օժանդակելու համար:

«Հաջորդ ամիս, որը համընկնում է բուն նախաձեռնության 30-ամյակի հետ, մենք կթողարկենք նոր կայք, որտեղ կներբեռնենք մինչ օրս չհրապարակված ձայներիզներ եւ տեսահոլովակներ: Աշխարհով մեկ կվերաթողարկվի «Smoke On The Water» երգը, եւ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը գործիքներով համալրելուն: Ի լրումն այս ամենին, կթողարկենք նաեւ մի նոր ալբոմ, որը կներառի ոչ թե ռոք, այլ հայկական երաժշտություն»,- մանրամասնեց Ջոն Դին:

Թոնի Այոմին


Թոնի Այոմիի ստորագրությամբ կիթառը

Այսօր տեղի ունենալիք երեկոյի ընթացքում «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին կպարգեւատրի նաեւ նախորդ ամիս անցկացված Iommi_Gibson_Mediamax մրցույթի հաղթողին՝ իր կողմից ստորագրված «Gibson SG Standard 2019 Ebony» կիթառով:

«Երբ կան այդքան լավ կատարողներ, միշտ էլ դժվար է ընտրել լավագույնին: Իհարկե, այս անգամ եւս բարդ էր ընտրություն կատարելը, սակայն սկզբում նեղացնում ես շրջանակը, հետո նորից ու նորից ես նեղացնում: Թեեւ կարծում եմ, որ բոլորն էլ արժանի էին հաղթանակի, սակայն, իհարկե, վերջում ստացվեց ընտրել հաղթողին»,- պատասխանելով BRAVO.am-ի հարցին՝ նշեց ռոք-երաժիշտը:

Հավելենք, որ «Rock Aid Armenia» նախագծի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է:
 

Տաթեւիկ Վարդեւանյանը, Իէն Գիլանը եւ Արա Թադեւոսյանը


Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

«Rock Aid Armenia» նախագծի պատմությունը կներկայացվի այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին