Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կայացել է Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» ներկայացման փակ պրեմիերան: BRAVO.am-ը ներկա է եղել առաջնախաղին, լուսանկարել ինչպես բեմադրությունը, այնպես էլ ետնաբեմն ու հյուրերին։
Պիեսի գործողությունները զուգահեռ կատարվում են տասնյոթ տարի առաջ եւ ներկայում: Սիրային եռանկյունու հերոսներն են՝ Ալլա Սահակյանը/Էլվիրա/, Վարշամ Գեւորգյանը/Պելեգրին/, Արման Նավասարդյանը/Բարոն/, Դավիթ Հակոբյանը/Կիլիան/, Վանիկ Մկրտչյանը/գրագիր/, Նարեկ Բաղդասարյանը/Պեդրո/, Արմինե Անդրեասյանը/պանդոկապան/, Գագիկ Մադոյանը/սեւամորթ/, Կարեն Խաչատրյանը/բժիշկ/ եւ այլք: Բեմադրության ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է, բեմադրող նկարիչներն են՝ Վիգեն Չալդրանյանը, Վահրամ Գալստյանը, նկարիչ-դիզայները՝ Մարիամ Մուրադյանը, բեմական զգեստների հեղինակները՝ Լիլիթ Մելիքյանն ու Վիգեն Չալդրանյանը։ Ի դեպ, դերասանական կազմում են նաեւ ռեժիսորի ուսանողները։
Վիգեն Չալդրանյանը
Այս ներկայացումը թատերախաղ է երազում՝ երկու գործողությամբ: Իրադարձությունները ներկայացվում են որպես հանդիսականի երազ։ Մեկնարկին նշվում է, որ մարդիկ ձգտում են այն կյանքին, որը կերազեն ունենալ, բայց ընտրում են իրենց խառնվածքին համապատասխան կյանք։ Գրեթե յուրաքանչյուր մարդ ունի անիրականանալի երազներ՝ ճակատագրի այլ տարբերակի, «ուրիշ կյանքի» մասին: Մաքս Ֆրիշի պիեսի հերոսները հիշում ու բացահայտում են տասնյոթ տարի առաջ կատարվածը։
Գլխավոր դերակատարներից Վարշամ Գեւորգյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ պրեմիերաներին սպասում է ոչ թե թատերական ոլորտի մասնագետների արձագանքին, այլ հանդիսատեսի շարքերում նստած իր մտերիմների կարծիքներին.«Ինձ համար տարբերվող էր Չալդրանյանի հետ աշխատելը, որովհետեւ շատ է ուշադրություն արտաքին գեղեցկությանը, դեկորացիաներին, հագուստին, ինչը դրական արձագանք է արդեն ստացել։ Այս պիեսը Հայաստանում դեռ չէր բեմադրվել, ինչը շատ լավ է»։
Ալլա Սահակյանը, Վարշամ Գեւորգյանը եւ Արման Նավասարդյանը
Թե ինչու հանդիսատեսը խաղացանկից պետք է դիտի այս ներկայացումը, Վարշամը պատասխանել է.«Նախ՝ պրեմիերա է, երկրորդը՝ սիրո մասին է, գուցե նաեւ դերասանների ու ռեժիսորի անուններն առիթ լինեն, որ ցանկանան դիտել։ Քանի որ ընդգրկված են նաեւ ուսանողները, զանգվածային տեսարաններն ավելի դիտարժան ու հագեցած են դարձնում բեմադրությունը»։
Հավելենք, որ ապրիլի 14-ին տեղի կունենա հատուկ ցուցադրում, որի ամբողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերանորոգման աշխատանքներին՝ ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած «Արցախ, իմ սեր» ծրագրի շրջանակում:
BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: