×


Վարդան Մինասյան

Վարդան Մինասյան. Ֆուտբոլ խաղալու համար արագ ոտքեր եւ արագ միտք է պետք

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Երեւանի “Փյունիկի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը արդեն երեք ամիս է, ինչ այս պատասխանատու կարգավիճակում է: 36-ամյա մարզիչը հաղթահարել է կարիերայի ամբողջ սանդղակը` սկսելով որպես խաղացող, ապա` թիմի ավագ, հավաքականի անդամ, մարզչի օգնական, գլխավոր օգնական եւ, վերջապես, թիմի եւ հավաքականի գլխավոր մարզիչ: Հավաքականի խնդիրներին քաջածանոթ է, որովհետեւ երկար տարիներ եղել է դրա մշտական անդամը, իսկ վերջին հինգ տարիներին հանդիսացել է թիմի երկրորդ մարզիչը, աշխատել օտարերկրյա բոլոր մարզիչների հետ եւ յուրաքանչյուրից արժեքավոր գիտելիքներ ու փորձ է ձեռք բերել: Ունի բարձրագույն տեխնիկական կրթություն, ազատ տիրապետում է մի քանի լեզուների, ավելին` հավաքականը մարզած օտարերկրյա բոլոր մարզիչների հետ շփվել է առանց թարգմանչի: Նաեւ տիրապետում է համակարգչային համապատասխան ծրագրերի, որոնք օգնում են վերլուծել սեփական թիմի ու հակառակորդի խաղը եւ անհրաժեշտ ռազմավարություն մշակել: "Vardan Վարդան Մինասյանին «բռնացրինք» ընտանիքի գրկում «Փյունիկի» հերթական մարզումից հետո

 - Մի՞շտ եք այսքան երկար պարապում:

- Իհարկե, պարապմունքներին երկու ժամ շուտ ենք գնում, երկու ժամ էլ ուշ վերադառնում, ստացվում է հինգ ժամ:): Տղաս էլ միշտ հետս է. “Փյունիկ” ակումբի մանկապատանեկան դպրոցի սան է, արդեն մոտ վեց տարի է` մարզվում է:

- Վահեն հոր նմա՞ն է խաղում:

- Հայրը այլեւս չի խաղում:): Ճիշտն ասած, այդքան չեմ կարեւորում իր ֆուտբոլիստ դառնալը, բայց շփումը հասակակիցների հետ, դրան գումարած ֆիզիկապես առողջ մեծանալն արդեն բավական է: Թե հետո ինչ կլինի` չգիտեմ:

- Աշխարհի անցյալ տարվա լավագույն մարզիչ Խոսեպ Գուարդիոլայի պես, ով, ի դեպ, ձեզանից ընդամենը մի քանի տարով  է մեծ, հավակնո՞տ եք:

- Տիտղոսին լուրջ արժեք չեմ տալիս, հաճելի կլինի, իհարկե, բայց ինձ համար ամենակարեւորն այլ բան է: Կոնկրետ մեր թիմն առաջադրանք ունի որքան հնարավոր է շատ ֆուտբոլիստների արտասահման ուղարկել: Անցյալ տարի մեր թիմից 4 ֆուտբոլիստի դուրս ենք ուղարկել, ինչն ինձ համար արդեն մեծ հաջողություն է: Դրանից հետո գալիս են թիմային հաջողությունները` չեմպիոն, գավաթ…

- Ձեր թիմի համար վատ չի՞ մարզիկների գնալը:

- Իհարկե, վատ է, բայց յուրաքանչյուր դպրոց ու ակումբ իր քաղաքականությունն ունի, մեր քաղաքականությունն այսպիսին է. եթե ցանկանում ենք ուժեղ հավաքական ունենալ, մարզիկները պետք է խաղան արտասահմանում: Բնական է` ակումբը տուժում է այն առումով, որ առաջնությանը եւ Չեմպիոնների լիգային մասնակցում ենք ավելի թույլ կազմով: "Vardan

- Մոտ 30 տարի է` ֆուտբոլում եք, 22 տարի որպես խաղացող եք հանդես եկել, մարզիչի կարգավիճակում ե՞րբ հայտնվեցիք:

- Այդ ինչպե՞ս եք հաշվել:): Իսկապես, մոտ 7 տարի է` մարզիչ եմ, 8 տարեկանից էլ խաղում եմ:

- 7 տարին բավակա՞ն է լավ արդյունքների հասնելու համար:

- Իհարկե, քիչ է, նույնիսկ 30 տարվա բարձրակարգ մարզիչներին եթե այս հարցը տաք, կասեն` սովորելու բան ունեն: Ես էլ սովորում եմ:

- Երեք ամիս է` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնում եք,  մեր ֆոտբոլիստներից գո՞հ եք:

- Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղում են արտերկրում, պետք է խաղային պրակտիկա ունենան, տեղ գտնեն հիմնական կազմում: Ցավոք սրտի, ոչ բոլորն են կարողանում, դա էլ է ազդում հավաքականի խաղի վրա: Եթե կարողանան դրսում իրենց ակումբներում մշտապես խաղալ, իրենց էլ գումարենք տեղի խաղացողներին, կարող ենք հաջողություններ գրանցել: Բայց դժվար է... "Vardan

- Թիմի հաջողությունը որքանո՞վ է կախված մարզչից:

- Ընդհանրապես, ասում են` հաղթում է թիմը, պարտվում է մարզիչը: Իհարկե, մարզչից շատ բան է կախված, բայց որքան էլ մարզիչը գեղեցիկ խոսի, լավ պարապի, ճիշտ մարտավարություն ընտրի, միեւնույն է` կատարողները ֆուտբոլիստներն են: Ես առաջին տեղում դնում եմ ֆուտբոլիստներին, հետո մնացածը: Ամեն մեկն իր տեղում պետք է աշխատի, բայց առաջնայինը ֆուտբոլիստն է:

- Հայ ֆուտբոլիստների գլխավոր խնդիրը ո՞րն է այդ դեպքում:

- Մի քիչ ազգային մենթալիտետի հետ եմ կապում: Ուրիշ բնագավառ էլ կարող ենք վերցնել, ֆուտբոլը էական չի, ամբիցիոզ ազգ ենք, եթե կարողանանք մեր «ես»-ը մի կողմ դնել… Մեր թիմային խաղն այնքան լավ չի ստացվում, որքան անհատականը, դա հենց մեր մենթալիտետի արդյունքն է: Եթե կարողանանք մեր “ես”-ը մի կողմ դնել ու շարժվել թիմի շահերով, շատ լավ կլինի, հաջողություններ կգրանցենք:

- Փաստորեն, ֆիզիկական պատրաստվածության խնդիր չկա, մարզիկների հոգեբանությու՞նն է պետք փոխել:

- Եթե մենք ֆիզիկականով էլ ուժեղ չենք, դա բնությունից է, բայց ուրիշ բաներով ենք ուժեղ: Տեխնիկապես ենք հագեցած: Ընդհանրապես, հարավային ազգերը տեխնիկապես ուժեղ են, չեն սիրում պարտվել, տաքարյուն են:

- Ի՞նչ է պետք, որ մեր հավաքականը հաջողություններ գրանցի:

- Եթե գլոբալ խոսենք, շատ-շատ բաներ: Լավ, ես կարճ ասեմ` ամեն ինչ կախված է պայմաններից, որոնք էլ բխում են ֆինանսներից: Պայմանները շատ կարեւոր են, եթե դրանք բարձր մակարդակի լինեն, առաջընթաց կլինի: "Vardan

- Արտասահմանյան հայտնի թիմերի մարզիչները ֆինանսապես լավ ապահովված են: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի բյուջեն բավարա՞ր է շքեղ ապրելու համար:

- Սա է, տեսնում եք մեր պայմանները:), բնական է, չենք կարող համեմատել: Բնակվում ենք երկսենյականոց բնակարանում: Ոչ մի մարդ չի կարող ասել` պայմաններն իրեն բավարար են, բայց դա գերխնդիր չէ. ազգային հավաքականում լինելը ֆուտբոլիստի, մարզչի համար հպարտություն է, մնացած ամեն ինչ անցնում է երկրորդ պլան: Ես սա ֆուտբոլիստներին էլ եմ ասում, որովհետեւ նրանք դրսի ակումբներում շատ լավ են վարձատրվում: Բայց պետք է հասկանան` ազգային հավաքականը փող աշխատելու տեղ չէ, սա ազգային պարծանք է, այլ արժեքներ է պետք ունենալ, որովհետեւ հաղթանակի համար միշտ էլ վարձատրվելու են: Թող դա գերխնդիր չսարքեն, այլ մտածեն` պետք է ազգի համար լավ խաղալ:

- Ի՞նչ մակնիշի մեքենա կամ մեքենաներ ունեք:

- Հիմա մեքենա չունեմ:

- Չե՞ք հոգնում առանց ավտոմեքենայի մարզումների գնալ-գալ:

- Խնդիր է, բայց հիմա այսպես է դասավորվել:

- Իսկ ապագայի համար ի՞նչ սպասելիքներ ունեք: 

- Դա կախված  է աշխատանքից. ինչքան հաջողություններ գրանցենք, այնքան ավելի լավ կլինի:

- Անընդհատ արտասահմանում վերապատրաստումների եք գնում, օգուտ տալի՞ս է: “Ա” կարգի լիցենզիա ունեք, հիմա ինչի՞ եք ձգտում:

- Հայաստանում 7 մարզիչ “Ա” կարգի լիցենզիա ունի, բացի այդ ինստրուկտորի կոչումներ ունեմ: “Պրո” կարգ ստանալու համար երկու տարվա պրակտիկ աշխատանք է պետք, չես կարող “Ա”-ն վերցնել, անցնի մեկ կամ հինգ ամիս, “Պրո” ստանալ: Շուտով իմ երկու տարին լրանում է, բացի այդ ՈւԵՖԱ-ն պետք է Հայաստանին իրավունք տրամադրի “Պրո” կարգի լիցենզիա ունենալու համար, դեռ այդ իրավունքը չունենք: Ժամանակի խնդիր է, մի քիչ ձգձգվում է, երբ լինի, կարող ենք “Պրո”-ի քննություններին էլ մասնակցել: Այդ հարցերով մեր ֆեդերացիան է զբաղվում: "Vardan

- Շա՞տ եք կարեւորում “Պրո” կարգի լիցենզիան:

- Առանձնապես ոչ: Ինչպե՞ս ես վարորդական իրավունք ձեռք բերում: Դա ընդամենը ինձ իրավունք է տալիս աշխատել, որովհետեւ այդ իրավունքից բացի կա ինքնակրթում, ձգտում: Պետք է սիրես գործդ, գիտելիքներ ստանաս, մշտապես կատարելագործվես, լիցենզիան կարեւոր է, բայց գլխավորը չէ: Հրահանգիչները քեզ տալիս են շատ գիտելիքներ, բայց ավելի կարեւոր է այն, թե դու ինչպե՞ս կօգտագործես դրանք:

- Մարզիչների որակավորման բարձրացման սեմինարների եք մասնակցում արտասահմանում, վերջինը ե՞րբ է եղել:

- Մի քանի օր առաջ Իսպանիա էի մեկնել: Ճիշտն ասած, երկու տարի առաջ էլ էի մասնակցել նմանատիպ մի բանի, կրկնությունները շատ էին, սեմինարը վարում էին մարզիչների մարզիչները, նրանք մարզիչներին ուղղություն են տալիս` ինչպես աշխատել: Ես կնախընտրեի պրակտիկ դասընթացների մասնակցել, երբ մեկնում են արտասահման, կցվում մի թիմի, օրինակ` Լոնդոնի “Արսենալին”, քսան օր մնում, հետեւում պարապմունքներին: Ինձ համար դա ավելի արդյունավետ կլիներ: Իսկ այսպիսի սեմինարների շատ եմ մասնակցել, ինձ համար չեն, բայց վերցնելու բան, միեւնույն է, ունենում եմ:

- Այն ամենը,  ինչ արտասահմանում սովորում եք, հայ մարզիկների դեպքում կիրառելի՞ է:

- Միտքը նույնն է, բայց ազգայինը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ  մեզ համար ավելի կիրառելի է հոլանդական ֆուտբոլի դպրոցը:

- Հայ մարզիկների խաղաոճը ինչպե՞ս կորակեք:

- Մեր դեպքում լավ կստացվի կոմբինացիոն խաղը, սիրում ենք գնդակով խաղալ, վերցնում ենք ու ոչ մեկին չենք տալիս:): Միշտ ասում եմ` լավ ֆուտբոլ խաղալու համար արագ ոտքեր եւ արագ միտք են անհրաժեշտ: Մնացած բաները` վազել, տանջվել… Ֆուտբոլ խաղացեք, ոչ թե վազեք, չարչարվեք: Դա իմ մտածելակերպն է: «Արսենալի» ու «Բարսելոնայի» խաղն արդյունավետ է ու նաեւ հանդիսատեսի համար հաճելի, գնում են ներկայացում նայելու: Հաշիվը կարեւոր է, բայց պետք է հաղթել համոզիչ ձեւով: "Vardan

- Երեկոյան ընտանիքով ֆուտբոլ դիտու՞մ եք:

- Մեկ-մեկ, տղաս է երկար ինձ հետ մնում դիտելու, սիրում եմ միայնակ նայել, որ ոչինչ չշեղի:

- Հերիք չէ` ամբողջ օրը ֆուտբոլի դաշտում եք, երեկոներն էլ հեռուստացույցի առջեւ խաղերն եք դիտում:) Ձեր կինը ինչպե՞ս է տանում այդ երեւույթը:

- Դժվար է: Հատկապես եթե դրան գումարենք այն, որ տարվա ընթացքում 4-5 ամիս էլ արտասահմանում եմ, մնացած ժամանակ էլ, որ տանն եմ, մեկ է` տանը չեմ, ֆիզիկապես եմ տանը: Լավ է, որ կինս ինձ ազատել է կենցաղային հոգսերից:

- Ազատ ժամանակ ի՞նչ սպորտաձեւով եք զբաղվում:

- Քիչ է լինում, որ ազատ ժամանակ ունենամ, այդ ժամերն էլ եթե ընտանիքիս հետ չեմ անցկացնում, ուրեմն ընկերներիս հետ եմ: Կարելի է ասել` իմ հոբբին իմ ընկերությունն է: Ժամանակ եմ գտնում նաեւ գիրք կարդալու համար, բնականաբար, ավելի շատ մասնագիտական գրականություն եմ ուսումնասիրում: Շատ եմ սիրում նաեւ Երեւանի Կամերային թատրոնի ներկայացումները:

- Աշխատանքում Ձեզ ինչո՞վ են խանգարում:

- Ճնշող բաներ շատ կան, նախ որ գլխավոր մարզիչ ես, ողջ պատասխանատվությունը քո վրա է, բացի այդ` մամուլի ճնշումը… Վերջնական խոսքն իմն է, ես եմ պատասխանատու, սխալներ էլ են լինում, առանց դրանց հնարավոր չէ, սխալ չի անում նա, ով չի աշխատում, բացի այդ` եվրոպական ֆուտբոլում ճնշումն ավելի մեծ է: Մեր հավաքականն էլ վերջերս այնքան էլ հաջող հանդես չի գալիս, բնական է` ժողովուրդն ուզում է լավ արդյունք տեսնել, իրեն չեն հետաքրքրում մնացած բաները: Ես ուրախ կլինեմ ցանկացած աջակցության համար: "Vardan

- Իսկ ներկայիս անհաջողությունների պատճառը ո՞րն է:

- Նախկինում էլ առաջին տեղեր չեն եղել, բայց հիմա սերնդափոխություն է, նորեկներին էլ փորձ է պետք, ֆուտբոլում դա շատ կարեւոր է, դա ժամանակի ու աշխատանքի հետ է գալիս: Ասեմ` հիմա լավ սերունդ կա, 18-20 տարեկան լավ մարզիկներ ունենք, երիտասարդական հավաքականի լավ արդյունքները դրա ապացույցն են: Լավ սերունդ է, բայց խնդիրներ կան, միշտ ասում եմ` եթե ցանկանում ենք ֆուտբոլ զարգացնել, գլոբալ, պետական մոտեցում է պետք: Միայն Երեւանն է, որ ֆուտբոլը ինչ-որ տեղ զարգացած է, երեք-չորս ակումբ կա, որոնք ունեն իրենց մանկապատանեկան դպրոցը, շատ լավ աշխատում են, բայց մինչեւ մենք մեր մի քանի մեծ քաղաքներում` այդ թվում Վանաձորում, Գյումրիում, ֆուտբոլ չունենանք, մեծ հաջողությունների չենք հասնի: Թուրքիան 90-ականներին խոտածածկ էլ չուներ, հիմա Եվրոպայում առաջատար դիրքերում է: Այդ ամենը պետական աջակցության շնորհիվ է:

- Քանի՞ տարի սպասենք հայկական ֆուտբոլի “աստղային ժամին”:

- Համենայն դեպս, ՀՖՖ-ն աշխատում է այդ ուղղությամբ. Ավանում մանկապատանեկան դպրոց է կառուցել, որը սեպտեմբերին կհանձնվի շահագործման, հավաքականները կունենան իրենց տունը, կմարզվեն: Մարզերում ֆուտբոլ ու լավ ֆինանսավորում է անհրաժեշտ:  Եթե ասում ենք` ֆուտբոլը թիվ մեկ սպորտն է, ամեն ինչում պետք է լինի թիվ մեկը: "Vardan

“Շատ հպարտ եմ, որ Վարդան Մինասյանի կինն եմ…”

Այս տարի լրանում է Վարդան Մինասյանի եւ Գոհար Գեւորգյանի ամուսնության 15-ամյակը: Գոհարը մասնագիտությամբ բանասեր է, հիմա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի կնոջ պաշտոնից ու երկու զավակներին մեծացնելուց բացի, թարգմանություններ, սրբագրություն ու նման այլ աշխատանքներ է կատարում: Վարդանն ու Գոհարը համադասարանցիներ են եղել: Գլխավոր մարզչի կինն ասում է` Վարդանի ֆուտբոլիստ լինելու փաստը իր “այո”-ի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել:): Ֆուտբոլասեր երկու զավակ ունեն` Նանեն ու Վահեն:

- Պատկերացնու՞մ էիր` ֆուտբոլիստի կին կլինես:) :


- Այդ երեւույթը սկզբում բացասաբար ընդունեցի:): Հետո դա երկրորդ պլան մղվեց, չէի էլ պատկերացնում` մեր ճանապարհին ինչեր են սպասվում, մենք դժվարին ուղի ենք միասին անցել: Ինձ համար առաջին տեղում տղամարդու հավասարակշռությունը, զուսպ լինելն ու հավատարմությունն է: Նա ընտանիքի մարդ է: Երեխաների դասերին էլ միշտ հետեւում ու հետաքրքրվում է: "Վարդան

- Ֆուտբոլի հետ ո՞նց եք:

- Հետաքրքրվում եմ, քանի որ իմ ամենահարազատ մարդկանցից երկուսը ֆուտբոլում են: Սիրում եմ, ունեմ իմ սիրած թիմը, շատ եմ հիանում “Բարսելոնայի” խաղով, “Փյունիկի” խաղն էլ հավանում եմ, քանի որ նմանեցնում եմ “Բարսելոնայի” խաղին: Հավանում եմ Գեւորգ Ղազարյանի խաղը: Մեծ հետաքրքրությամբ բոլոր խաղերը նայում եմ, մեծ մասամբ հեռուստացույցով եմ դիտում, շատ եմ հուզվում, անhանգիստ վիճակում եմ լինում:

- Վարդան Մինասյանից էլ շա՞տ:

- Իրենից շատ եմ հուզվում, քանի որ ինքն արդեն թրծվել է ֆուտբոլում, իսկ ես ամեն անգամ նյարդային, անհանգիստ վիճակում եմ լինում, իհարկե, հաղթանակն աննկարագրելի հաճույք է բերում:

- Դժվա՞ր է ֆուտբոլիստի, մարզչի կին լինելը:

- Առաջ շատ էի դժգոհում, դժվարություններ կան, բայց այն հաճույքն ու հպարտությունը, որ զգում ես, երբ ամուսինդ հաջողության, բարձունքների է հասնում, գավաթ է նվաճում, չեմպիոնի տիտղոս... Այս տարի էլ 2009 թվականի լավագույն մարզիչ դարձավ… Շատ հպարտ եմ, որ Մինասյան Վարդանի կինն եմ: Միշտ օգնում եմ, աշխատում կենցաղային խնդիրներից ազատել, ինքը միշտ գտնվում է ինքնակատարելագործման մեջ, շատ է կարդում մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն, ֆրանսիական գրականությունն է նախընտրում, իսկ սիրելի գրողը Ռեմարկն է, ես եմ այդ սերն արթնացրել:): "Vardan

- Երբ պարապմունքներից կամ խաղերից հետո հոգնած տուն է գալիս, ի՞նչ ուտեստով եք գոհացնում:

- Քմահաճ չէ, հայկական դոլմա է սիրում, ես արմատներով Արեւմտյան Հայաստանից եմ, բազում կերակուրներ, թխվածքներ եմ պատրաստում, հաճույքով ուտում է, բնական հյութերի ու նրբաբլիթների երկրպագու է:

- Ուղեւորությունների ժամանակ ուղեկցո՞ւմ եք:

- Երբ թիմի հետ է, գործնական ճանապարհորդություն է, չեմ ուղեկցում, տարվա վերջ` արձակուրդի ժամանակ, մի 10 օրով արտասահման ենք մեկնում ընտանիքով հանգստանալու:

- Մարզիչներն արտասահմանում լավ են վաստակում, շքեղ կյանքով ապրելու հույսեր կա՞ն:

- Շատ լավ կլիներ, որ գոնե արտասահմանյան ֆինանսական ներդրումների կեսի կեսը լինեին Հայաստանի ֆուտբոլում: Այնտեղ բոլոր հավաքականներն էլ արդյունքի են հասնում միայն պետական աջակցության շնորհիվ, ինչն այստեղ դեռեւս պատշաճ մակարդակի վրա չէ: "Vardan,

- Ի՞նչն եք Վարդան Մինասյանի մեջ ամենից շատ գնահատում:

- Հավասարակշռված է, յոթ չափող, մեկ կտրող, նաեւ ոչ երեւանյան արտաքինով տղամարդ է: Վարդանի եւ Գոհարի զավակները` Նանեն ու Վահեն, հոր մասնագիտությունը շատ են սիրում: Նանեն եւս ցանկանում է աղջիկների հավաքականում ֆուտբոլ խաղալ: Վարդանի դուստրը, ինչպես մայրը ասաց, հոր հակապատկերն է. ակտիվ, երբեմն նույնիսկ ագրեսիվ, սիրում է խաղալ տղաների հետ, իրադարձությունների կենտրոնում գտնվել: Վահեն էլ հորն է “քաշել”` համեստ, հավասարակշռված, զուսպ տղա է:

Վահե. “Ֆուտբոլ շատ եմ սիրում, պապայիս նման եմ ուզում դառնալ, հետը գնում եմ մարզադաշտ, մինչեւ վերջ նայում եմ խաղերը, միասին էլ տուն ենք գալիս: Մեկ-մեկ էլ խորհուրդներ եմ տալիս, բայց ինքն ամեն ինչ լավ գիտի: Ասում եմ, որ շատ չնյարդայնանա խաղերի ժամանակ, նստած մնա: Կարոտում եմ, երբ թիմի հետ ուրիշ երկրներ է գնում: Ինքն էլ ինձ է խորհուրդներ տալիս, ասում է` ակտիվ լինեմ, միշտ խաղի մեջ”: "Vahe

Նանե. “Սիրում եմ երգել, պարել ու ֆուտբոլ խաղալ, աղջիկների թիմում եմ ուզում խաղալ, պապայիս էլ եմ շատ սիրում, ընկերուհիներիցս մեկը նախանձում է ինձ, երբ պատմում եմ, որ պապաս Հայաստանի ֆուտբոլիստների գլխավոր մարզիչն է: Բակում խաղում եմ ախպորս հետ, մեկ-մեկ գոլ եմ խփում: Ուզում եմ պապան հետը խաղերին տանի, ասում է` հետաքրքիր չի լինի ինձ համար, բայց դե գիտեմ` խաբում է:)”: "Nane

Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Վարդան Մինասյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW