×


Տապասյան չի ուզում հեռանալ, Ռաթորը հայերեն սեր է խոստովանում, կամ ինչպես է անցել հնդկահայկական համերգը Երեւանում

Հնդկական տաք գույներ, պարեր եւ երգեր` երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հնդկահայկական երեկոն: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հնդկաստանից Հայաստան են ժամանել «Մերժվածը» եւ «Թռիչք» սերիալների դերասաններ Ռաշմի Դեսայը, Թինա Դաթան, Սպանդան Չատուրվեդին, Գաուրավ Չոպրան եւ Մրունալ Ջեյնը: Նրանց հետ մեկ բեմում հանդես եկան նաեւ Վարդան Սարգսյանը, Գոռ Հակոբյանը, Սոնա Չահգելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Քրիստինա Եղոյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ ուրիշներ:

BRAVO.am-ի հետ զրույցում Վարդան Սարգսյանը նշեց, որ ջանք ու եռանդ չի խնայել` ամեն ինչ հավուր պատշաճի իրականացնելու համար. «Ճիշտ է` կազմակերպիչը ես չեմ, բայց եթե ես չլինեի, չէր լինի այս համերգը»:


Չնայած որ համերգը սկսվեց շուրջ երկու ժամ ուշացմամբ, հանդիսատեսը բարձր ծափահարություններով դիմավորեց բոլիվուդյան սերիալներից հայտնի սիրելի հերոսներին:

«Ես չեմ ուզում հետ գնալ Հնդկաստան»` հենց բեմից հայտարարեց Տապասյայի դերակատար Ռաշմի Դեսայը: «Զարմանալի է` այստեղ ինձ բոլորը ճանաչում են: Այսօր այցելել էինք Գառնի: Այնտեղ հայկական գաթա վաճառող տատիկները նույնպես ինձ ճանաչեցին ու գաթա հյուրասիրեցին: Պետք է ասեմ, որ շատ համեղ էր»,-նշեց դերասանուհին:


Համերգի ընթացքում երկրպագուները մի քանի անգամ ներխուժեցին բեմ` հնդիկ սիրելի արտիստներին գրկելու եւ լուսանկարվելու: Դերասաններն էլ իրենց հերթին արեցին ամեն ինչ, որ երկրպագուները պարեն ու լավ ժամանց ունենան:

Ռաթորի դերակատար Գաուրավ Չոպրան մեզ հետ զրույցում նշեց, որ շատ երկրներում է եղել, բայց նման սեր ու ջերմություն որեւէ այլ վայրում չի զգացել. «Այստեղ շատ են հույզերն ու սերը: Ես իմ ճամպրուկը կորցրել էի, բայց նույնիսկ դա չխանգարեց: Չեմ զգում, որ առաջին անգամ եմ Հայաստանում, այնպիսի տպավորություն է` կարծես հարազատ երկրում լինեմ: Չգիտեմ` ինչու, ինձ զբոսաշրջիկ չեմ զգում»: Նա պատմեց նաեւ, որ Գառնի այցելության ժամանակ հացթուխ տատիկը, տեսնելով իրեն, չի հավատացել, որ իրական է ու սկսել է գոռալ, նույնիսկ դիպչել է իրեն` համոզվելու համար, որ երազ չի տեսնում:):


Գաուրավը ետնաբեմում լրագրողներին խնդրեց սովորեցնել, թե ինչպես հայերեն կհնչի «I love you»-ն, ու առաջին անգամից կարողացավ ճիշտ արտասանել` «Ես սիրում եմ քեզ»: Նույնիսկ հայկական քոչարի պարեց: Մի խոսքով` ինչպես հասկացաք, երեկ հայկականն ու հնդկականը միախառնվել էին:

Ակաշի դերակատար Մրունալ Ջեյնը ուրախությամբ նշեց, որ երբեք չի պատկերացրել` Հայաստանում այսքան ճանաչում կունենա.«Երջանկություն է, երբ ճանաչում են, ու զգում ես այդ մեծ սերը: Փողոցում բոլորն ինձ Ակաշ էին դիմում, բայց ես դրանից չեմ նեղանում, չէ՞ որ Ակաշի կերպարն ինձ ճանաչում բերեց: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր եկել էին, բոլորիդ սիրում եմ»: Դերասանն այնքան է սիրել Հայաստանը, որ որոշել է մի քանի օր էլ մնալ այստեղ:


Հանդիսատեսը համերգից հետո սպասեց այնքան, մինչեւ դերասանները դուրս գան համալիրից, որպեսզի եւս մեկ անգամ լուսնկարվեն եւ շփվեն նրանց հետ:):

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Պետրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին